«Ինքնասպանություն» գործած զինվորի մահվան գործով դատաքննության ընթացքում նորանոր ապօրինություններ են ի հայտ գալիս

2012 թ. նոյեմբերի 5-ին ՀՀ զինված ուժերում արձանագրվել էր մահվան դեպք: Ժամը 00:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա շարքային զինծառայող Սարգիս Սահակյանի դին: Պաշտոնական վարկածով դեպքը որակվել է որպես ինքնասպանություն: Սարգիս Սահակյանին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի երկու զինծառայողների` Արտաշես Խաչատրյանին և Արթուր Միսակյանին:

Ըստ մասնագետների, սակայն, դատաբժշկի կողմից անտեսվել են բազմաթիվ հանգամանքներ, որոնք վկայում են այն մասին, որ 19 ամյա զինծառայողին սպանել են: Մասնավորապես, դիակի վերին և ստորին ծնոտների ոսկրերի կոտրվածքները, բերանի անկյունների հատվածներում, վերին շրթունքից վերև գտնվող արտաքին մակերեսին եղած վնասվածքները, ինչպես նաև աջ ձեռքի ցուցամատի քերծվածքը չեն կարող լինել հրազենային կրակոցի հետևանք և ակնհայտորեն վկայում են այն մասին, որ տուժողը բռնության է ենթարկել: Նշված վնասվածքները ակնհայտորեն պայքարի հետքեր են, որոնք վկայում են այն մասին, որ տուժողին բռնության են ենթարկել, հնարավոր է, անգամ, բռնությամբ ինքնաձիգի փողը մտցրել են նրա բերանը:

Դատաբժշկական եզրակացության մեջ արձանագրված բոլոր վնասվածքները զինծառայողը ստացել է կենդանության օրոք․ «մահվանից կարճ ժամանակ առաջ, բութ, կոշտ առարկայի ներգործությամբ և չի գտնվում պատճառական կապի մեջ մահվան պատճառի հետ»: Պաշտոնական վարկածի համաձայն, Սարգիս Սահակյանը ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ զորամասում ծառայակիցները հայհոյել ու ստորացրել են նրան՝ «տուլիկը» միայնակ ուտելու համար:

Ինքնասպանությանը հասցնելու մեջ մեղադրվող ամբաստանյալներ Արթուր Միսակյանն ու Արտաշես Խաչատրյանը չեն ընդունում իրենց մեղքը: Թե՛ Միսակյանը, թե՛ գործով անցնող 6 վկաները դատական նախորդ նիստերում հաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից: Նրանք սուտ ցուցմունք գրելը հիմնավորել են նրանով, որ իրենց նկատմամբ բռնություններ են կիրառվել ռազմական ոստիկանությունում, նրանց մինչև մեկ ամիս անազատության մեջ են պահել և ստիպել են գրել, որ Սարգիսը «տուլիկը» միայնակ է կերել, ինչից հետո էլ նրան վիրարվորել են, ու որպես հետևանք վերջինս ինքնասպանություն է գործել:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տուժողի իրավահաջորդի շահերը ներկայացնում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը, ում տեղեկացմամբ նախաքննական մարմինների կողմից կատարված, մեղմ ասած, «տարօրինակությունների» վերաբերյալ անընդհատ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս:

Ռուբեն Մարտիրոսյան․ «Սարգիս Սահակյանի գործով զենքի դատակենսաբանական փորձաքննություն կատարվեց եւ բացահայտնվեց նախաքննության կողմից կատարված եւս մեկ հանցագործություն: Ինքնաձիգը, որն ըստ նախաքննական մարմնի ինքնասպանության գործիք էր՝ մահացածին ամրակցված (ըստ ձեռք բերված ապացույցների՝ Սարգիսը դրել էր բերանի խոռոչի մեջ, կրակել եւ ինքնասպան եղել), դրա վրա չհայտնաբերվեցին ո՛չ թքի, ո՛չ արյան հետքեր, ինչը միանշանակ ապացույցն է այն բանի, որ նրան սպանել են եւ, որ սպանել են ոչ այդ զենքով: Այս փաստը լրացվում է եւս մեկ, ոչ պակաս կարեւոր հանցագործության փաստով․ դեպքի վայրի զննության ժամանակ գործով քննիչ Հայկ Հայրապետյանը առգրավել է զենքը եւ իբր ընթերակաների մասնակցությամբ այն փաթեթավորել, այնուհետեւ՝ կնքել իր անձնական «Քննիչ-62» կնիքով: Մինչդեռ փորձագիտական կենտրոնում արձանագրվել է, որ զենքը կնքված է «Քննիչ-60» կնիքով:

Այսինքն, փաթեթավորման ամբողջականությունը խախտված է հանցավոր ճանապարհով՝ նախաքննական մարմնի կողմից: Քանի որ դատարանին է ներկայացվել տեղեկանք այն մասին, որ «Քննիչ-60» կնիքը պատկանում է նույն կայազորային քննչական ծառայության քննիչ Մելիք-Քարամյանին, ապա կարելի է ասել, որ սույն հանցագործությունը կատարել է հենց այդ քննիչը, ով, տուժող կողմի համոզմամբ, փոխել է սպանության գործիք, մեզ անհայտ համարի ինքնաձիգը՝ փոխարենը դնելով եւ փաթեթավորելով հանգուցյալի ինքնաձիգը:

Կարծում եմ, իշխանությունները, պատկան մարմինները պետք է լուրջ ուշադրություն դարձնեն այս փաստին: Եթե այս ապօրինությունները գլխավոր դատախազի եւ զինդատախազի ցուցումներով, նրանց գիտությամբ չեն կատարվել, ապա նրանք անհապաղ գործը ետ կվերցնեն, կհրաժարվեն անմեղ զինվորների դեմ հարուցված մեղադրանքից եւ նոր քրեական գործ կհարուցեն սպանության փաստով՝ պարզելով նաեւ այս քննիչների կողմից անձնական կամ խմբակային շահադիտական նպատակներով կատարված հանցագործությունները եւ, ընդհանրապես, այլ հարյուրավոր անօրինականություններ: Սա սպանության գործիքի հետ կապված միակ անօրինականությունը չէ․ զենքի վրայից ոչնչացվել են մատնահետքերը նախաքննական մարմնի կողմից: Վերջինս անգամ «չի կարողացել» դեպքի վայրում հայտնաբերել կրակված պարկուճը, որը որպես կանոն ընկած է լինում զենքից 0-ից մինչեւ 30 սմ հեռավորության վրա:

Այն, որ նախաքննական մարմինն այս երկու փաստերի շուրջ քննություն չի կատարել, ուշադրության չի արժանացել (այն ակնհայտ փաստը, որ ինչպես պարկուճը, այնպես էլ՝ մատնահետքերը ոչնչացվել են) հիմք է տալիս ենթադրելու, որ դրանք ոչնչացվել են հենց նախաքննական մարմնի, այլ ոչ թե մարդասպանների կողմից: Ավելացնեմ նաեւ, որ դատարանում որպես վկա հարցաքննված գործով նախկին քննիչ Հայկ Հայրապետյանը տեղեկացրեց դատարանին, որ ինքը դեպքի վայրի զննությունը կատարել է Մելիք-Քարամյանի հետ համատեղ: Սա եւս մեկ աղաղակող անօրինականություն է, քանի որ նշված դեպքի վայրի զննության արձանագրության մեջ դա, ինչպես նաեւ նրա անունը, չի հիշատակվում: Այսինքն տարակուսելի է, թե Մելիք-Քարամյանն ի՞նչ կարգավիճակով էր մասնակցում տեղազննությանը:

Վերը նկարագրվածից հարց է ծագում, ո՞ւր են նայում գլխավոր եւ զինվորական դատախազները, ինչո՞վ են զբաղված, որտե՞ղ են հայաստանյան իշխանությունները, պատկան մարմինները, մինչեւ ե՞րբ պետք է շարունակվեն այս աղաղակող հանցագործությունները, որոնք բնորոշ են ոչ միայն այս, այլ նաեւ մեզ հայտնի բոլոր սպանությունների՝ տասնյակից ավելի գործերով: Մինչեւ ե՞րբ պետք է դիտավորյալ սպանությունները պատասխանատու մարմինների, դատախազության կողմից ներկայացվեն որպես ինքնասպանություններ, մինչեւ ե՞րբ պետք է պաշտպանության նախարարն աչք փակի բանակում կատարվողի հանդեպ»:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը