Երեկ Արարատում գրանցված զինվորի մահն, ըստ ամենայնի, դիտավորյալ սպանության արդյունք է
Ինչպես երեկ՝ հունիսի 20-ին տարածել էր ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը. «Ստացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:
Այնուհետեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդես եկավ պատահածի մասին հայտարարությամբ, ըստ որի «…զինծառայողի մահը կապված է զենքի օգտագործման հետ: Հարուցվել է քրեական գործ, քննությունը կպարզի հանգամանքները: Իրականում ամեն ինչ անում ենք, սակայն այսօրվա իրականությունն այնպիսին է, որ զենքի հետ վարվելու շրջանակներում դեպք է եղել»:
Զոհված զինվորի հարազատների խնդրանքով «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն այսօր ներկա է եղել դիազննությանը: Ըստ նրա հաղորդած տվյալների՝ դիակի վրա հայտնաբերվել է «… գլխի շրջանում աջից դեպի ձախ, դեպի ետ թեքությամբ, գլխի առանցքի հանդեպ գրեթե հորիզոնական երկու հրազենային վնասվածք: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ կրակոցների թիվը եղել է չորսը: Երկու հրազենային վնասվածքներից բացի թիկունքի, գլխի, աջ ոտքի վրա հայտնաբերվել են նաև մի շարք այլ վնասվածքներ, քերծվածքներ, որոնք առաջացել են ինչպես մահվանից ոչ շատ առաջ, այնպես էլ՝ մահվանից 2-3 օր առաջ»:
Կրակոցը կատարվել է տվյալ զենքի կրակոցի լրացուցիչ գործոնների սահմաններում, այսինքն մոտ տարածությունից, ինչը բացառում է դիպուկահարի գործոնը: Քր. գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 373 հոդվածի 3-րդ մասով՝ (ԶԵՆՔԻ, ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ ՎՏԱՆԳ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ, ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏ ՎԱՐՎԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:) Չի պարզվել, թե որ զենքով է կրակվել եւ ում է այն կցված: Զենքը դեպքի վայրում չի հայտնաբերվել: Քննիչն իր որոշման մեջ չի նշում, թե որ համարի զենքով է կատարվել եւ ում է այն ամրակցված: «Նախապես համոզված եմ, որ մատնահետք չի լինելու, եթե անգամ գտնվի զենքը: Դա տեղավորվում է ՀՀ ՊՆ ՔԾ հանցավոր գործելակերպի մեջ»,- ասում է Ռ. Մարտիրոսյանը:
Ըստ փորձագետի՝ նման դեպքում խոսել անփութության, զենքի հետ անզգուշ վարվելու մասին՝ ուղղակի անհեթեթ է: Ռ. Մարտիրոսյանը պնդում է, որ կատարվածը դիտավորյալ սպանության արդյունք է:
Հ․Գ․ Երեկ՝ հունիսի 21-ին, արդեն հայտարարվեց, որ քրեական գործ այս դեպքի առթիվ հարուցվել է սպանություն հոդվածով:
Ավելացվել է 21 June, 2014