Մամուլի Հաղորդագրություն

Այսուհետ հասանելի է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նոր կայքը՝ www.safesoldiers.am: Այն պարունակում է 1994թ.-ից՝ Ղարաբաղյան պատերազմից հետո հրադադարի կնքման օրից, մինչ այժմ ՀՀ ԶՈւ-ում գրանցված մահվան ելքով միջադեպերի, դրանց արդյունքում զոհված զինծառայողների, ինչպես նաեւ` գրանցված իրավախախտումների տվյալների բազա:

Մինչ այժմ ԶԼՄ-ներից, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող իրավապաշտպան կազմակերպություններից, տուժածների հարազատներից եւ իրավահաջորդներից, ինչպես նաեւ պատկան մարմիններին ուղղված հարցումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա հնարավոր է դարձել կայքի առցանց բազայում տեղադրել խաղաղ պայմաններում մահվան ելքով 500-ից ավելի դեպքերի վերաբերյալ տեղեկություններ:

Կայքի վրա աշխատող անձնակազմը ձգտել է ամբողջացնել այդ տվյալները՝ ի մի բերել դեպքերի նկարագրությունները, վայրը, պատճառները, դրանց առնչությամբ հարուցված քրեական գործերի բացահայտման ուղղությամբ տարվող քննության եւ դատավարությունների հետագա գործընթացը, դրանց ընթացքում հայտնի դարձած խախտումներն ու վերհանված ապօրինությունները:

Նպատակ է դրված տվյալների բազայում հավաքել եւ հասանելի դարձնել ՀՀ ԶՈւ-ում գրանցված մահվան ելքով դեպքերից յուրաքանչյուրը, ինչպես նաեւ` տեղեկություններ բանակում մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ ժամանակի ընթացքում, նաեւ կայքի այցելուների, շահագրգռված անձանց աջակցությամբ այն պետք է վերածվի տվյալների ամբողջական բազայի: Այցելուներն իրենք էլ հնարավորություն ունեն բազայում իրենց հայտնի, կայքէջում դեռեւս չգրանցված մահվան ելքով կամ իրավախախտման դեպքեր ավելացնելու, համապատասխան լուսանկարներ եւ տեսանյութեր վերբեռնելու: Կայքի ադմինիստրացիայի կողմից համապատասխան մոդերացիայից հետո նյութերը  հասանելի կդառնան կայքում՝ «Ճշտված» կամ «Չճշտված» պիտակներով:

Նախագծի լավագույն արդյունքն, ըստ իրականացնող խմբի, կարող է լինել, օրինակ, այն, որ ցանկացած զորամասում տվյալ պահին տեղի ունեցող իրավախախտման դեպքերի մասին ականատեսների կողմից կայքէջում կատարվող օպերատիվ գրառումները կարող են ահազանգ հանդիսանալ պատկան մարմինների համար՝ ճշտելու եւ, հաստատվելու դեպքում, համապատասխան ընթացք տալու համար:

Բացի վերը նշվածից, այցելուների համար հասանելի են հայկական բանակում մարդու իրավունքների խնդիրներին առընչվող, պարբերաբար թարմացվող, նորություններ եւ հայտարարություններ: Համապատասխան բաժիններում տեղադրված են նաեւ զինված ուժերի եւ քաղաքացիների հարաբերությունները կարգավորող ՀՀ օրենսդրությունը, ոլորտին վերաբերող միջպետական համաձայնագրեր, միջազգային եւ տեղական իրավական այլ փաստաթղթեր եւ հրապարակումներ, ինչպես նաեւ `տարբեր վերլուծական, փորձագիտական կարծիքներ եւ զեկույցներ:

Կայքէջը պատրաստված է նիդերլանդական Pax կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:

«Խաղաղության երկխոսություն» (www.peacedialogue.am) հասարակական կազմակերպությունն աշխատում է խաղաղության կառուցման ոլորտում եւ իր գործընկերների հետ փորձում հասնել տարածաշրջանում խաղաղասիրական շարժման ձեւավորմանը: Քաղաքացիական ակտիվիզմի զարգացման միջոցով, կազմակերպությունը ձգտում է ձեւավորել մի մշակույթ, երբ յուրաքանչյուր ոք գիտակցում է իր դերն ու պատասխանատվությունն իր համայնքում, երկրում եւ տարածաշրջանում խաղաղության ձեռքբերման եւ պահպանման գործում, օժտված է իր երկրի իշխանություններից խաղաղություն պահանջելու իրավունքով, պայքարում է հանուն իրավունքի գերակայության, սոցիալական արդարության, հասարակական եւ քաղաքական գործընթացներում քաղաքացիական ակտիվ մասնակցության:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը