Վարչապետն էլ խաբեց սպանված զինվորի հորը
«Խաղաղության երկխոսություն» հկ-ին է դիմել Հովսեփ Մուրադյանը՝ իր որդու (Արման Մուրադյանի) սպանության հետ կապված: Դեպքը տեղի է ունեցել 2013թ․ հուլիսի 30-ին՝ ԼՂՀ ՊԲ 49971 զորամասում: Դեպքը ձեւակերպվել է որպես ինքնասպանություն եւ կոծկվել:
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը մեկ անգամ չի անդրադարձել այդ գործի տարբեր դրվագներին, այն մասին, որ սպանված զինվորի հայրը բազմիցս դիմել է պետական պատկան մարմիններին՝ միջնորդելով, խնդրելով եւ պահանջելով, որպեսզի դատավարությունը Ստեփանակերտից տեղափոխվի ՀՀ, ինչն օրենքի հրամայականն է: Շուրջ 3 ամիս ընթանում է անհավասար պայքար սպանված զինվորի հոր եւ պետական մարմինների միջեւ: Պատկան մարմինները մինչ օրս արհամարհում են տուժող կողմի միջնորդագրերը կամ խաբում են՝ խոստանում, որ կընդառաջեն, կօգնեն:
Սպանված զինվորի հորը չի պատասխանում ԼՂ ՊԲ-ի հրամանատար Մովսես Հակոբյանը. ստացվում է, որ նա չի ուզում կապ ունենալ այն զինվորի մահվան հետ, ով սպանվել է իր իսկ բանակում: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Հովսեփ Մուրադյանին խոստացել էր ընդառաջել, նույնը խոստացել էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իսկ շուրջ 20 օր առաջ նրան ընդունել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ տվել նույն խոստումը, բայց այս ամենից հետո Մուրադյանը կրկին ստացել է ծանուցագիր, որով նրան հրավիրում են Ստեփանակերտ՝ դատաքննությանը մասնակցելու: Այս ողջ ընթացքում, Հովսեփ Մուրադյանը փորձում է պարզել, թե ՀՀ ո՞ր օրենքի համաձայն է ԼՂ մայրաքաղաքը ճանաչվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նստավայր. տուժողը նման օրենք չի հայտնաբերում, ոչ մի պատասխան էլ չի ստանում եւ հայտարարում է, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նստավայրն ապօրինի կառույց է: Այս ամենի վերաբերյալ ԽԵ փորձագետ, քրեագետ Ռ. Մարտիրոսյանը փաստեց հետեւյալը. «Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ իբր Հայաստանում կան դատարաններ եւ կան դատավորներ, այն էլ՝ դատավորներ, ովքեր կանգնած են օրենքից վեր, օրինակ՝ դատավոր Մնացականյանը, ով բացահայտ արհամարհանքով 3 ամսից ավելի չի պատասխանում տուժողի իրավահաջորդի միջնորդություններին: Իրականում սա թյուր տպավորություն է. Այս ամենի ետեւում կանգնած է գլխ. դատախազ Գեւորգ Կաստանյանը, որի զինդատախազ եղած ժամանակ էլ այս գործը հանցավոր ճանապարհով կոծկվել է: Ըստ էության, բոլոր անօրինականությունները տեղի են ունենում նրա գիտությամբ, ցուցումով, հրամանով»:
Հ. Գ. Ստացվեց նոր տեղեկություն այն մասին, որ մինչ Հովսեփ Մուրադյանը Երեւանում պայքարում էր, ԼՂՀ մայրաքաղաքում նրանից եւ նրա ներկայացուցիչներից գաղտնի ընթանում էր դատաքննություն: Տեղի է ունեցել առնվազն 3-4 դատական նիստ, որոնց մասին տուժող կողմը տեղեկացված չի եղել: Ըստ Ռուբեն Մարտիրոսյանի՝ այս աղաղակող անօրինականությունը դատավոր Մնացականյանի կողմից պաշտոնական դիրքի բացահայտ չարաշահման հերթական դեպքն է, միաժամանակ՝ արհամարհանք հայ զինվորի եւ որդեկորույս հոր հանդեպ. «Այս կերպ իշխանությունները մեկ անգամ էլ ցույց են տալիս, որ չեն հարգում ո՛չ օրենքը, ո՛չ զոհված զինվորի հիշատակը»,- ասաց նա:
Տուժողի իրավահաջորդը բողոք է հայտնել՝ պահանջելով չեղյալ հայտարարել դատարանի կողմից ապօրինի անցկացված նիստերը եւ նոր դատաքննություն սկսել՝ արդեն ՀՀ տարածքում:
(ավելացվել է 08.14.2014թ.)
Ավելացվել է 11 August, 2014