Դատարանը մերժեց պարտավորեցնել դատախազությանը կատարել իր աշխատանքը

Օգոստոսի 13-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը կայացրեց դատավճիռ՝ ապացուցված համարելով, թե իբր զինվոր Սարգիս Սահակյանն ինքնասպան է եղել եւ նրան, իբր ինքնասպանության են հասցրել համածառայակիցներն ու վերջիններիս՝ Արթուր Միսակյանին եւ Արտաշես Խաչատրյանին դատապարտեց 4.5 եւ 4 տարվա ազատազրկման:

Վճիռ, որը բացարձակապես կապ չուներ շուրջ 1,5 տարի տեւած դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների հետ: Ավելին, դատարանում ապացուցվեց, որ գործով վկաներ չկան․ այն բոլոր զինվորներն ու սպան, ովքեր ցուցմունք էին տվել գործի կապակցությամբ, պետք է տուժող ճանաչվեին, քանի որ նրանցից ցուցմունքներ կորզվել էին ՌՈ-ում՝ ծեծի, տանջանքների եւ շանտաժի միջոցով՝ ՌՈ աշխատակիցների, ՊՆ ՔԾ քննիչներ եւ զինդատախազության աշխատակիցների կողմից:

Դատարանում նաեւ պարզվել է, որ նախաքննական մարմինը հանցավոր ճանապարհով ոչնչացրել, փոխել է սպանության գործիքը, պարտակել պարկուճը, սրբել մատնահետքերը: Տուժող կողմը շուրջ մեկ տասնյակ հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներ տվեց դատարանին, որոնք, սակայն, Օհանյանը, բացահայտ չարաշահելով իր պաշտոնական դիրքը, չընդունեց՝ պատճառաբանելով, հայտարարելով, որ տուժող կողմն իր հաղորդումները կարող է եւ պետք է ուղարկի ՀՀ գլխավոր դատախազին: Բայց երբ տուժող կողմը, հետեւելով նրա խորհրդին, հաղորդում ուղարկեց գլխավոր դատախազին, վերջինս մերժեց այն ընդունել՝ գրավոր պատասխանում նշելով, որ գործը գտնվում է դատաքննության փուլում եւ ըստ օրենքի բոլոր հաղորդումները պետք է հասցեագրվեն գործը քննող դատավորին: Ըստ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, քրեագետ Ռ. Մարտիրոսյանի (ով դատարանում ներկայացնում էր տուժողի իրավահաջորդին) եւ տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցչի՝ փաստաբան Սուզաննա Խչեյանի՝ այս երկու պաշտոնատար անձինք էլ չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը: Դատավորը չի ուզում (իմա՝ չի կարող) պետական պաշտոնյաների կատարած հանցագործությունն ի գիտություն ընդունել, որպեսզի դրանց շուրջ քննություն կատարվի, այն դեպքում, երբ անգամ, եթե որեւէ լրագրողի գրվածքում փոքր իսկ նշույլ է լինում հանցանքի մասին, փաստը պետք է քննվի: Իսկ այս դեպքում իրավաբանական անձը, տուժողի իրավահաջորդն ու ներկայացուցիչը բազում անօրինականությունների, հանցանքների մասին հաղորդում են տվել, սակայն պետական մարմինները հրաժարվում են դրանք անգամ ուշադրության արժանացնել, իսկ դատավորն էլ որոշում կայացրեց՝ շրջանցելով այդ հանցանքների մասին հաղորդումները:

Մ. Մարտիրոսյան

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ. Մարտիրոսյան

Տուժող կողմը դատավճռից հետո դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դիմել է երկու փաստով. առաջինը՝ դատաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքների հետ կապված, ըստ որոնց նախաքննության ընթացքում ենթարկվել են խոշտանգումների, ցուցմունքներն իրենցից կորզվել են ծեծի եւ շանտաժի միջոցով: Մյուս փաստը դատախազության կողմից հանցագործության մասին հաղորդումը քննել մերժելու փաստն է: Ընդ որում դատախազությունն այնպիսի գրություն է ուղարկել, ըստ Ռ. Մարտիրոսյանի, չի կարելի անգամ մերժում համարել. «Այդ փաստաթուղթը ոչինչ է, այն ո՛չ մերժում է, ո՛չ այլ բան: Հանցագործության մասին մեր հաղորդումը դիմում են համարել եւ նշել, որ այնտեղ միայն ենթադրություններ են ներկայացված, սակայն այնտեղ բացի փաստերից այլ բան չկա: Ստացվում է, որ չեն ցանկանում քննել այս հանցագործությունները. Կա հանցանք, սակայն չկա ատյան, պետական մարմին, ում կարող ես դիմել», – ասում է փորձագետը:

Փաստաբան Սուզաննա Խչեյանն էլ տարակուսում է. «Գործող իրավաբան լինելով, ինձ թվում է, կարող եմ ենթադրությունները տարբերել փաստերից»:

Իրավիճակից ելնելով, տուժող կողմի ներկայացուցիչները դիմել էին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որպեսզի վերականգնվեն տուժող կողմի իրավունքները, փաստերի շուրջ քննություն կատարվի: Դատարանը (նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի) երեկ՝ օգոստոսի 29-ին կայացած նիստում մերժեց պարտավորեցնել դատախազությանը կատարել իր աշխատանքը: Տուժող կողմը կդիմի վերաքննիչ դատարան:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը