Ո՞ւմ են վստահում հայ երիտասարդները

Այս տարվա մայիսից «Խաղաղության երկխոսությունը» Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքականության, անվտանգության եւ մի շարք այլ հարցերի շուրջ ուսումնասիրություններ կատարեց երիտասարդների շրջանում: Արդյունքների հիման վրա նյութեր, վերլուծություններ շարունակաբար կներկայացվեն առաջիկայում: Սույն հոդվածում անդրադարձել ենք կառավարական եւ ոչ կառավարական տարբեր կառույցների թափանցիկության խնդրին, երիտասարդների շրջանում այդ կառույցների նկատմամբ վստահության աստիճանին: Նյութին կցված ինտերակտիվ ինֆոգրաֆիկաներում (ինֆ. 1, ինֆ. 2) արտահայտված է հարցված երիտասարդների կարծիքը նախագահի աշխատակազմի, ԱԺ-ի, կառավարության, ԶՈՒ-ի, ոստիկանական եւ դատական համակարգերի, Մարդու իրավունքների պաշտպանի, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, եկեղեցու թափանցիկության աստիճանի, այդ նույն կառույցների նկատմամբ նրանց ունեցած վստահության մակարդակը:

Հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ երիտասարդների համար ամենավստահելի կառույցները բանակը, եկեղեցին, հասարակական եւ միջազգային կազմակերպություններն են: Կառավարական գրեթե բոլոր կառույցներին, իշխանական օղակներին՝ նախագահի աշխատակազմ, ԱԺ, կառավարություն, ոստիկանական եւ դատական համակարգեր, նրանք չեն վստահում: Առաջին երեք «պատվավոր» հորիզոնականներում են նախագահի աշխատակազմը, կառավարությունն ու ԱԺ-ն: Վերջիններս, համապատասխանաբար, ոչ թափանցիկ, փակ են համարվել, ընդ որում՝ ՀՀ նախագահի աշխատակազմն, ըստ հարցվածների, ամենափակն է:

Իշխանական եւ ուժային կառույցներից ամենամեծ վստահությունը վայելող ԶՈՒ-ն լիովին բաց համարում է երիտասարդների ընդամենը 7.9 տոկոսը: Նույն ուսումնասիրության մեջ հարցերից մեկի համապատասխան կետում հարցման մասնակիցների 24.8 տոկոսը լիովին, իսկ 25.4 տոկոսը՝ որոշ չափով համաձայնել է այն պնդման հետ, որ ՀՀ բանակում առկա խնդիրները և միջադեպերը չպիտի բարձրաձայնվեն, քանի որ դա բացասաբար է անդրադառնում բանակի հեղինակության վրա:

Ի տարբերություն բանակի, որին վստահելու հարցում ուսումնասիրության մասնակիցներին, ըստ էության, չի հուզել թափանցիկության մակարդակը, եկեղեցու դեպքում հարցման մասնակիցների 40 տոկոսը այն ե՛ւ բաց, ե՛վ վստահելի է համարում. հավանաբար մեկ-երկու անգամ բախտ է վիճակվել աչքի անցկացնել եկեղեցու տարածած հաշվետվությունները:

Հատկանշական է, որ հարցման այս երկու, վստահությանն ու թափանցիկությանը վերաբերվող, կետերին դժվարանում եմ, չգիտեմ պատասխանների առյուծի բաժինն (հարցվածների համապատասխանաբար 18.1 եւ 17.3 տոկոս) ընկել է ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակին. երիտասարդները բավականաչափ տեղեկացված չեն, պատկերացում չունեն այս ինստիտուտի գործունեության մասին:

Ինֆ. 1

Ինֆ. 2

Այս վերլուծության համար հիմք է հանդիսացել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի 18-25 տարեկան երիտասարդների շրջանում 2014թ. հուլիսին Երևանում և ՀՀ Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի շարք (Երևան, Վանաձոր, Իջևան, Գավառ, Գորիս, Աչաջուր, Սարիգյուղ, Սևքար, Մարգահովիտ, Սարալ, Նորատուս, Գանձակ, Շինուհայր) համայնքներում իրականացված սոցիոլոգիական զանգվածային հետազոտության շտեմարանը: Հետազոտության ընտրանքի ծավալը, ռեսուրսային սահմանափակումներով պայմանավորված, սահմանվել է 480 անձ, որն իրականացվել է քվոտային ընտրանքի սկզբունքով: Հետազոտության շրջանակներում սահմանվել են քվոտաներ ըստ բնակավայրի տիպի (մայրաքաղաք-քաղաք-գյուղ), սեռի, տարիքի և «ուսանող-ոչ ուսանող» հարաբերակցությունների: Հետազոտությունն իրականացվել է «դեմ առ դեմ» հարցման մեթոդով: Ընտրանքային սխալը կազմում է 4,4 տոկոս, հուսալիության աստիճանը՝ 95 տոկոս:

Ուսումնասիրությունը հնարավոր է դարձել «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է PAX կազմակերպության աջակցությամբ: PAX-ը նիդեռլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը