«Նախաձեռնությունը միտված է ոչ թե ապագա քաղաքացիներ, այլ՝ զինվորներ դաստիարակելուն»

Պաշտպանության, Կրթության եւ գիտության նախարարությունների եւ Երկրապահ կամավորականների միության եռակողմ հուշագրի հիման վրա շուտով Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում կստեղծվեն հայրենասիրական ակումբներ: Այս թեմայի շուրջ խոսեցինք Վանաձորի «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ-ի նախագահ՝ Էդգար Խաչատրյանի հետ:

Էդգար Խաչատրյանի տեղեկություններով՝ նմանատիպ ակումբներ գործում են Ռուսաստանի Դաշնությունում, Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում, Հյուսիսային Կորեայում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի որոշ նահանգներում գործող մի քանի դպրոցներում: «Վերջին ժամանակներս, ՌԴ-ում նմանատիպ ակումբները ստեղծվում են եկեղեցական կառույցներին կից: Ցավով եմ դա ասում, սակայն հենց այս ակումբներ հաճախող երիտասարդներից ոմանք էլ՝ դպրոցն ավարտելուց հետո, համալրում են, ՌԴ-ի համար պատուհաս դարձած, ազգայնականների շարքերը:

«Ցավոք սրտի, ո՛չ ՊՆ-ի կողմից թողարկված հաղորդագրության մեջ եւ ո՛չ էլ մամուլում տեղ գտած հոդվածներում չի նշվում, թե արդյոք այս ակումբներին անդամակցումը դպրոցականների համար կիրականացվի կամավորական, թե պարտադիր հիմունքներով, սակայն, որքանով տեղյակ եմ, նմանատիպ ակումբներն այլ երկրներում համալրվում են բացառապես կամավորական սկզբունքով»,- նշում է պարոն Խաչատրյանը:

Ինչպես նշում է նա, ժամանակակից աշխարհում բանակի նմանատիպ սերտաճումը քաղաքացիական կառույցների հետ ստացել է «ռազմականացում» անվանումը: Այս հասկացությունը խորհրդանշում է երկրում միլիտարիզմի նկատմամբ հասարակական պահանջարկ ձեւավորող եւ նրան սպասարկող գաղափարախոսությունը: «Ըստ էության, սա մի գաղափարախոսություն է, որը մոբիլիզացնում եւ պատրաստում է հասարակությանը, որպեսզի այն ինքնակազմակերպվի՝ իրական կամ մտացածին պատերազմական իրավիճակին կամ հնարավոր բռնության դրսեւորումներին դիմակայելու համար: Մեծ առումով, դրա հիմքում ընկած է իշխանությունների կամ հասարակության ձգտումն առ այն, որ երկիրը պետք է ունենա հզոր ռազմական կարողություններ եւ պատրաստ լինի օգտագործելու այն՝ ի նպաստ ազգային շահի: Շատ դեպքերում այս գաղափարախոսությունը իր մեջ ներառում է զինվորական դասի հերոսացումը եւ զինվորականների, զինված ուժերի վճռական դերակատարությունը պետական կառավարման եւ քաղաքականության մշակման գործընթացներում»,-նշում է Էդգար Խաչատրյանը:

Ըստ զրուցակցիս, եթե մանրամասն ուսումնասիրենք վերն նշված երկրներից շատերը, օրինակ՝ Ռուսաստանը կամ Հյուսիսային Կորեան, ապա դժվար չէ նկատել, որ նման հասարակություններում կառավարողներն ու նրանց աջակիցները վեր են դասվում օրենքից: Է.Խաչատրյանը կարծում է, որ նմանատիպ հասարակություններում՝ ռազմականացման գործընթացներին զսպող ժողովրդավարական հակակշռի բացակայության պարագայում, առաջանում է մի կաստա, որ դուրս է մնում օրենքի վերահսկողության շրջանակներից եւ օրենքը, սկսում է աստիճանաբար կորցնել իր հեղինակությունն ու ուժը: Այս ամենի արդյունքում, օրենքն այդ հասարակություններում այլեւս անհատի իրավունքների պաշտպանության գործիք չի հանդիսանում:

ՀԿ-ի նախագահը, գտնում է, որ ռազմականացման հետ կապված ամենամտահոգիչ խնդիրն այն է, որ նման հասարակություններում մարդիկ դիտարկվում են որպես զինվորներ, այլ ոչ թե քաղաքացիներ: Զինվորներ, որոնք պարտավոր են կատարել հրամանատարության հրահանգներն ու հրամանները՝ կասկածի տակ անգամ չառնելով դրանց ճշմարտացի լինելը եւ նպատակահարմարությունը: «Հատկապես դպրոցում՝ մի կառույցում, որն, ըստ իս, առաջին հերթին կոչված է նպաստելու երեխաների մոտ քննադատական մտածելակերպի, ազատատենչության, ստեղծագործական ու վերլուծական կարողությունների ձեւավորմանն ու զարգացմանը, նման ակումբների գործելը, մեղմ ասած, հակասական է թվում: Երբեւիցե լսել ե՞ք, որ ռազմական կառույցներում խրախուսվի նախաձեռնողականությունը կամ այլախոհությունը, ստեղծագործական ինքնարտահայտումը կամ միջավայրից տարբերվելու ձգտումը: Ռազմական համակարգն, ըստ էության, չի նախատեսում ստորադասի կողմից վերադասի գործողությունների նկատմամբ քննադատությունը եւ անհանդուրժողությունը, հակառակ դեպքում, հրամանը չկատարող ստորադասը պատժվում է համապատասխան կանոնագրքի համաձայն: Արդյոք սա կարող է հանդիսանալ մեր հասարակական հարաբերությունները կարգավորելու համար օրինակելի մոդել: Իմ ընկալմամբ, նախաձեռնությունը միտված է ոչ թէ ապագա քաղաքացիներ, այլ՝ զինվորներ դաստիարակելուն», – նշում է նա:

Էդգար Խաչատրյանի կարծիքով, գուցե, եթե բացվեն այդ ակումբները, ապա որոշակի պատրաստվածություն անցած երիտասարդներն արդեն ՀՀ ԶՈՒ շարքերում ծառայելիս ավելի գիտակցաբար կմոտենան իրենց պարտականություններին, որը հնարավոր է, նվազեցնի ԶՈւ շարքերում գոյություն ունեցող կարգապահության հետ կապված խնդիրները: Սակայն նախ եւ առաջ հարկավոր է հասկանալ, թե նոր սերնդի մոտ ինչ արժեքային համակարգի ձեւաորմանն է ուղղված նման նախաձեռնությունը:

«Արդյոք բանակն այն միջավայրն է, որտեղ քաղաքացիների իրավունքները ու հիմնարար ազատությունները լիովին պաշտպանված են, իսկ նրանց ոտնահարման դեպքում առկա են բոլոր մեխանիզմները որոնց միջոցով քաղաքացին կկարողանա վերականգնել ոտնահարված իրավունքները: Այդ դեպքում, ո՞րն է պատճառը, որ երեխաների դաստիարակության համար ընտրվում է հենց այդ միջավայրը»,- ասում է «Խաղաղության Երկխոսություն» ՀԿ-ի նախագահը:

Զրուցեց՝ Լուսինե Ավագյանը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.asparez.am

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը