Դատարանը ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու «Խաղաղության երկխոսության» հայցադիմումը վարույթ չընդունեց

Այսօր՝ նոյեմբերի 3-ին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն ստացավ ՀՀ վարչական դատարանի (դատավոր Արման Դիլանյան) մերժումը ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու կազմակերպության հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը նիդերլանդական PAX կազմակերպության հետ համատեղ, 2013-2014 թվականների ընթացքում իրականացնում է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի բարելավմանն ուղղված «Ապահով զինվոր՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրը: Ի թիվս այլ գործողությունների, ծրագրի շրջանակներում նախատեսվել է նաև ՀՀ զինված ուժերում մահացության դեպքերի մոնիտորինգի իրականացում, այդ դեպքերի վերաբերյալ հասարակության համար մատչելի տեղեկատվական բազայի ստեղծում:

«Ապահով զինվոր՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն 03.03.2013թ.-ին գրությամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին` խնդրելով տրամադրել 2010-2011 թվականների ընթացքում ՀՀ զինված ուժերում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն, մասնավորապես` մահացածների անուն-ազգանունները, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը, զորամասի հրամանատարի անունը, ազգանունն ու կոչումը, տուժողի մահվան պատճառը և համառոտ նկարագրություն դեպքի վերաբերյալ:

Ի պատասխան վերը նշված գրության` ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանի 06.12.2013 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-716 գրությամբ տրամադրվել է տեղեկատվություն 2010 և 2011 թվականների ընթացքում ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված մահվան ելքով այն դեպքերի վերաբերյալ, որոնց մասին կազմակերպությունը տեղեկություններ չուներ:

21.01.2014 թվականի գրությամբ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն կրկին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին` խնդրելով տրամադրել նույն տեղեկատվությունն՝ այս անգամ 2007-2009թթ. համար:

Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանի 14.02.2014 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-64 գրությամբ հայցվող տեղեկատվության տրամադրումը մերժվել է:

ՀՀ պաշտպանության նախարարության մերժումը ստանալուց հետո «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն 10.04.2014 թվականի գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, ներկայացրել է առարկություններ մերժման վերաբերյալ և հիմնավորումներ այն մասին, որ ՀԿ-ի կողմից հայցվող տեղեկատվությունը ենթակա է տրամադրման: Գրությունն ուղարկելուց հետո 71-օրյա (կամ երկամսյա) ժամկետում պատասխան չստանալուց հետո ՀԿ-ն 21.06.2014-ի գրությամբ կրկին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խնդրել է տրամադրել 10.04.2014 թվականի գրության պատասխանը: Վերը նշված գրություններին վարչական մարմինը չի պատասխանել, և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն 12.08.2014 թվականի գրությամբ կրկին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին:

Արդյունքում, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի 10.04.2014 թվականի, 21.06.2014-ի, 12.08.2014 թվականի գրություններին ՀՀ պաշտպանության նախարարը չի պատասխանել և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի 21.01.2014 թվականի գրությամբ հայցվող տեղեկատվությունը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից չի տրամադրվել:

Կազմակերպությունը, պատասխան ստանալու հույսն այլեւս կորցնելով՝ պաշտպանության նախարարությանը տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու հայցով դիմեց դատարան, հայցադիմումում բերելով բոլոր հիմնավորումներն ու պատճառաբանությունները, որոնք վկայում են այն մասին, որ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի 21.01.2014 թվականի գրությամբ հայցվող տեղեկատվության տրամադրումը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մերժելը եղել է անօրինական և անհիմն:

Բացի վերոնշյալ հիմնավորումներն ու պատճառաբանությունները, բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու իր խնդրանքում «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն ՀՀ վարչական դատարանին ներկայացնում է նաեւ դատարան դիմելու սահմանված ժամկետները խախտելու պատճառները։

ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանի 14.02.2014 թվականի թիվ ՊՆ/510-ԱՂ-64 գրությամբ մերժումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն ՀՀ վարչական դատարանին հայց չի ներկայացրել, դրանով, փաստորեն, բաց թողնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով նախատեսված հայց ներկայացնելու ժամկետը, սակայն հայց ներկայացնելու ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով:

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից հայցվող տեղեկատվության տրամադրումը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մերժվել է 2014 թվականի փետրվարի 14-ի գրությամբ: Նշված գրությունը ստանալուց հետո «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն 10.04.2014 թվականի գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, ներկայացրել է առարկություններ մերժման վերաբերյալ և հիմնավորումներ այն մասին, որ ՀԿ-ի կողմից հայցվող տեղեկատվությունը ենթակա է տրամադրման: Գրությունն ուղարկելուց հետո 71-օրյա կամ երկամսյա ժամկետում պատասխան չստանալուց հետո ՀԿ-ն 21.06.2014-ի գրությամբ կրկին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանն ու խնդրել տրամադրել 10.04.2014 թվականի գրության պատասխանը։ Վերը նշված գրություններին վարչական մարմինը չի պատասխանել, և «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն 12.08.2014 թվականի գրությամբ կրկին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին:

Վկայակոչված գրությունների բովանդակությունից ակնհայտ է, որ դրանք ուղարկելը հետապնդել է խնդիրը լուծելու և տեղեկատվությունն ստանալու նպատակ: Գրությունները ոչ թե պարզապես հիշեցումներ են, այլ բովանդակային փաստաթղթեր են, որոնք բացահայտում են պահանջվող տեղեկատվության էությունը, պարզաբանում են պահանջվող տեղեկությունների` գաղտնիք չհանդիսանալը, հետևաբար ՀՀ վարչական դատարանին հայց ներկայացնելու ժամկետում անգործություն չի դրսևորվել և կազմակերպությունն այդ ընթացքում զբաղված է եղել խնդիրը լուծելուն ուղղված արդյունավետ և ողջամիտ քայլեր իրականացնելով: Ի դեպ, վերը նշված գրություններն ուղարկվել են 1-2 ամիս ընդմիջումներով, և դա իր հերթին պատճառ է հանդիսացել հայց ներկայացնելն ուշացնելու համար: Գրություններն ընդմիջումներով ուղարկելն ունի իր բացատրությունը: Բանն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ուղղված գրությունները միշտ առաքվում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի խախտումով: Որպես կանոն, գրությունների պատասխանները ստացվում են 20-30 օրում: Վերոգրյալը հիմնավորելու համար միջնորդությանը կից ներկայացվել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության գրությունների պատճեներ, որոնցով հիմնավորվում է, որ գրությունները կազմվում են օրենքով նախատեսված ժամկետների խախտումներով: Վկայակոչված փաստը նաև հիմնավորվում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ» 2013թ. զեկույցում զետեղված «2013թ.-ին կազմակերպության գրությունները և ստացված պատասխանների ժամանակագրությունը» գծապատկերում արտացոլված տեղեկություններով:

Վերը նշված գրությունների պատասխանները չստանալուց հետո միայն «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն իրավաբանական օգնություն ստանալու նպատակով դիմել փաստաբանի, և փաստաբանին անհրաժեշտ է եղել որոշակի ժամանակ՝ գործին ծանոթանալու և համապատասխան իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմման համար: Գործին ծանոթանալու և համապատասխան իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմելու համար պահանջված ժամանակը ևս բաց է թողնվել հարգելի պատճառով:

Այսպիսով` հայցվող տեղեկատվության տրամադրումը մերժելու (իր իրավունքների խախտման) մասին իմանալուց հետո կազմակերպությունն անգործություն չի ցուցաբերել, տեղեկատվությունը ստանալու համար ձեռնարկել է համապատասխան միջոցներ, ինչը վկայում է այն մասին, որ գործողության կատարման հայց ներկայացնելու ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառով:

 

Սակայն, ՀՀ վարչական դատարանն, այնուամենայնիվ մերժեց բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը եւ գործը վարույթ չընդունեց։ Ըստ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանի՝ «… կազմակերպության երկրորդ դիմումին բողոքի կարգավիճակ տալն ինքնանպատակ չի եղել եւ պայմանավորված է եղել կազմակերպության համար դատավարական ժամկետների հաշվարկի համար ավելի բարենպաստ ռեժիմ կիրառելու մտադրությամբ, որի պարագայում էլ, այնուամենայնիվ, դատավարական ժամկետները բաց են թողնվել»։

Այսինքն, երկրորդ, երրորդ եւ չորրորդ դիմումները, որոնք ուղարկվել են տեղեկատվությունը մերժելու օրինականության վերաբերյալ կազմակերպության դիրքորոշումը պաշտպանության նախարարության պատասխանատուներին ներկայացնելու, տեղեկատվությունն, այնուամենայնիվ, ստանալու մտադրությամբ՝ դատարանն ընդունում է որպես ժամանակ ձգելու, դատավարական ժամկետները չխախտելու «խորամանկ» մի փորձ՝ այն դեպքում, երբ կազմակերպությունն այն ժամանակ դեռեւս խնդրած տեղեկատվությունն ստանալու հույս ուներ, իսկ դատարան դիմելու վերաբերյալ՝ ոչ մի միտք։

Հաշվի առնելով այս «վերլուծությունը», դատարանը՝ ունենալով մի կողմից անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի, իսկ մյուս կողմից՝ իրավական որոշակիության ապահովման սահմանադրական սկզբունքի կիրառման ընտրության հնարավորությունը, գտել է, որ «… տվյալ իրավիճակում գերակշռում է իրավական որոշակության ապահովման սահմանադրական սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը» եւ որոշել է մերժել դատավարական ժամկետի վերականգման մասին միջնորդությունն ու հայցադիմումի ընդունումը։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը