Տուժող կողմի ներկայացուցիչը բացարկ հայտնեց վերաքննիչ դատարանի ողջ կազմին

07.11.2014թ.-ի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հերթական անգամ լսվեց Սարգիս Սահակյանի սպանության գործը։ Հիշեցնենք, որ տուժող և մեղադրող կողմը դեռևս առաջին ատյանի դատարանում ներկայացրել էին փաստեր, որոնք ապացուցում էին որ Սարգիս Սահակյանին սպանել են, մինչդեռ նախաքննական մարմինը գործը կեղծ և հանցավոր քննությամբ ներկայացրել էր որպես ինքնասպանություն և ուղղարկել դատարան։  «Խաղաղության երկխոսություն» հկ-ն, բազմիցս անդրադարձել է այդ խայտառակ դատաքննության մանրամասներին, ասենք միայն որ տուժող կողմը դատարանին էր ներկայացրել գործով վկաներ Թադևոսյանի և Մարգարյանի փաստաբանական հարցման նյութերը, որոնք  վկայում էին զինդատախազություն-ՀՀ ՊՆ ՔԾ- ՀՀ ՊՆ ՌՈ համակարգային հանցագործության մասին: Աննախադեպ է այն փաստը, որ այս նյութերը, որոնք իրենց հիմքում հաղորդումներ են հանցագործության մասին, չքննարկվեցին ո՛չ դատարանի կողմից, ո՛չ էլ ՀՀ Հատուկ քննչական ծառայության կամ, առավելեւս, գլխավոր դատախազության, գլխավոր դատախազի կողմից: Տուժող կողմը այդ մարմինների անգործությունը փորձեց բողոքարկել Կենտրոն համայնքի դատարանում, սակայն դատավոր Մ. Մարտիրոսյանը, առանց խորամուխ լինելու մանրամասների մեջ՝ գտավ, որ տուժող կողմի բողոքն «անհիմն» է։ Ըստ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության քրեական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի՝ այսպիսով այս գործով ստեղծվել է և մինչ օրս պահպանվում է մի խայտառակ իրավիճակ, երբ կա հաղորդում պետական մարմինների կողմից կատարված հանցագործությունների մասին, սակայն բոլոր պատկան մարմինները կտրականապես հրաժարվում են քննության առնել այս հաղորդումները:

Վերադառնալով նշված դատական նիստին. Ռ. Մարտիրոսյանը, ով նաեւ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ է հանդես գալիս, նիստի սկզբում բացարկ հայտնեց դատարանի ողջ կազմին՝ դատավորներ Կարինե Ղազարյանին, Հենրիկ Տեր-Ադամյանին,  Գրիշա Մելիք-Սարգսյանին։ Իր բացարկը հիմնավորեց հետևյալ կերպ. դատարանն այս նույն կազմով ապօրինի ու անհիմն վճիռներ է կայացրել.

  • Արտակ Նազարյանի սպանության գործով (սպանվել է 27.07.2010թ.),
  • Թորգոմ Սարուխանյանի սպանության գործով, ով սպանվել է  12.02.2011թ.-ին (նշենք որ այս երկու գործերը ևս, ինչպես եւ Ս. Սահակյանի սպանության գործը, նախաքննական մարմնի կողմից հանցավոր ճանապարհով որպես ինքնասպանությունն էր որակվել),
  • Ալբերտ Ադիբեկյանի սպանության գործով (սպանվել է 23.02.2012թ.)

Ըստ Ռ Մարտիրոսյանի անհերքելի ապացույցների վրա հիմնված հայտարարության՝ գործով, կեղծ մեղադրանքով, Ա. Ադիբեկյանին սպանելու համար 10 տարվա ազատազրկման է դատապարտվել Հրազդան քաղաքի բնակիչ Իգնատ Ենգիբարյանը: Այս բոլոր հանցավոր գործերը «վավերացվել» են նշված եռյակի կողմից. յուրաքանչյուրում նախագահող էր հանդես գալիս նրանցից որևէ մեկը։ Իր բացարկի ելույթում Ռ. Մարտիրոսյանը առանձնակի ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ բոլոր 3 գործերով դրանց վարույթ ընդունելիս Ղազարյան-Տեր-Ադամյան-Մելիք-Սարգսյան եռյակը որոշում էր կայացրել գործը վճռաբեկության կարգով քննության առնելու մասին։ Սա վերաքննիչ դատարանին թույլ է տալիս իր վրա վերցնել վճռաբեկ դատարանի գործառույթները, եթե դատարանը գտնում է, որ նախաքննության և առաջի ատյանի դատարանում դատաքննության ընթացքում կատարվել է բազմակողմանի օբեկտիվ քննություն և լրացուցիչ վկաներ հարցաքննելու կամ ապացույցների հետազոտության կարիք այլևս չկա: Այսինքն, դատի ընթացքում վկաները, կողմերն այլեւս ցուցմունքներ տալու հնարավորություն չունեն։ Վերը նշված երեք սպանության գործերի առումով այս որոշումները, առանձին-առանձին վերցրած, բացարձակ անօրինականություններ էին ըստ փորձագետի, եւ, ըստ ամենայնի, վկայում էին այն մասին, որ դատարանը պատվեր էր կատարում:

 

Ռ. Մարտիրոսյանն իր բացարկը հիմնավորեց նաև այն փաստով, որ Ս. Սահակյանի գործը վարույթ ընդունելիս ևս որոշում էր կայացվել այն քննել վճռաբեկության կարգով, ինչը մեկ անգամ եւս մտածելու հիմք է տալիս, որ դատավորների եռյակը կրկին պատվեր է կատարում և ամեն կերպ ձգտելու է կոծկել նախաքննական մարմնի կատարած հանցագործություններն ու առաջի ատյանի դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի ապօրինի, հանցավոր վճիռը: Դատարանին հիշեցնելով, որ նրանց ապօրինի վճիռների հիման վրա նախորդ երեք քրեական գործերով արդեն իսկ տարբեր տարիների ազատազրկման են դատապարտվել թվով 9 անմեղ զինծառայողներ՝ Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի այդ նույն ճակատագրին չարժանանան Ս. Սահակյանի սպանության գործով այսօր դատապարտվող երկու ժամկետային զինծառայողները` Խաչատրյանն ու Միսակյանը:  Դատարանը բացարկը քննարկելու համար գնաց խորհրդակցական սենյակ, սակայն մինչ այդ տեղի ունեցավ կարևոր միջադեպ գործում. վկա լեյտենանտ Գոռ Մարգարյանը հայտարարեց, որ ցանկանում է ցուցմունք տալ դատարանին և ներկայացնել նոր, կարևոր փաստեր։

«Սա ակնհայտորեն, ինչպես և իմ ելույթն ու բացարկը, վախեցրեց դատարանին եւ խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո նախագահողը հայտարարեց, որ մերժում է բացարկի միջնորդությունը և, որ ես ընդամենը ստահոդ լուրեր եմ տարածում», – հայտնում է Ռ. Մարտիրոսյանը։

Այս մերժումից հետո նախագահողը հայտարարեց, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, որ իրենց «թույլ չեն տվել կամ հնարավորություն չեն տվել կողմնորոշվելու» այն հարցում, որ իրենք իրավունք չունեին նիստը բացել, քանի որ օրենքը խախտվել էր. գործից անջատված մասով դատապարտված, համաներմամբ ազատ արձակված 3 նախկին ամբաստանյալներից մեկը (հիմա հանդես են գալիս որպես վկա) չէր ներկայացել դատարան։ Այս հիմքով դատարանն ընդհատեց դատավարությունը՝ հայտարարելով, որ հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ ժամը 12.30-ին։ Այդպես էլ պարզ չդարձավ, արդյո՞ք դատարանը իր 07.11.2014 թ.-ի նիստը անօրինական, չեղյալ համարեց, թե՞  ոչ:

 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը