Վերքաննիչ դատարանն անփոփոխ թողեց Սարգիս Սահակյանի գործով վճիռը
Հունվարի 30-ին ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ Սարգիս Սահակյանի սպանության գործով հերթական եւ վերջին նիստը։
Նախորդ նիստերից մեկում, ինչպես արդեն հայտնել ենք, դատարանն ընդունեց պաշտպանական եւ տուժող կողմից մեղադրող Մայիլյանին ներկայացված բացարկը: Վերջինս անօրինականություններ էր թույլ տվել ինչպես նախաքննության, այնպես էլ՝ դատաքննության ընթացքում: Դատարանի այս որոշումը հույս էր արթնացնում, որ դատարանը կգործի օրենքի համաձայն եւ արդարադատություն կիրականացնի, սակայն նշված նիստին, ինչպես նշում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանը՝ «․․․ դատարանը թիկունքով շրջվեց օրենքին եւ արդարությանը՝ հերթական անգամ կատարելով դատախազության ցուցումը»:
Վերաքննիչ դատարանը (դատավորներ Կարինե Ղազարյան, Հենրիկ Տեր-Ադամյան, Գրիշա Մելիք-Սարգսյան) մերժեց թե՛ պաշտպանական կողմի, թե՛ տուժող կողմի բոլոր միջնորդությունները, թույլ չտվեց հարցաքննել գործով վկա Գոռ Մարգարյանին, ով վերաքննիչի դահլիճում խնդրում էր լսել իրեն եւ վճիռ կայացրեց՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը, ազատազրկման դատապարտեց երկու զինվորների (համաձայն առաջին ատյանի դատարանի վճռի` Ս․ Սահակյանի ծառայակիցներ Արթուր Միսակյանը (դատապարտվել է 4 տարվա ազատազրկման) և Արտաշես Խաչատրյանը (4,5 տարի) նրան ինքնասպանության են հասցրել):
«Իրական մարդասպանը եւ նախաքննության ու դատաքննության ընթացքում հանցագործություն կատարած պետական պաշտոնյաներն այս անգամ էլ մնացին անպատիժ», – իր հարցազրույցում հայտնեց Ռ․ Մարտիրոսյանը, – «Այնքան միամիտ չենք, որ կարծենք, թե այս ամենում գլխավոր մեղավորները դատավորներն են՝ կամակատարները: Պետք է ենթադրել, որ հենց նրանց դատավորի պաշտոնում նշանակողին է պետք, որ Հայաստանում ՀՀ քաղաքացիները մոռանան արդարադատության մասին»:
Ավելացվել է 02 February, 2015