Երևանի կայազորի զինվորական դատախազության անգործության դեմ

Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործով Երեւանի կայազորի զինվորական դատախազության գործելակերպը տուժող կողմը բնութագրում է որպես անգործություն եւ այդ առթիվ բողոք կներկայացնի Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին։

Բողոքում, մասնավորապես, նշվում է.

«17.02.2015թ.-ին փոստով ուղարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդում (այսուհետ՝ Հաղորդում), որն ունի հետևյալ բովանդակությունը.

«31.07.2013թ. ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ 24923 զ/մ-ի տարածքում հայտնաբերվել է եղբորս՝ նույն զորամասի ժամկետային զինծառայող Մանուչար Մերուժանի Մանուչարյանի դիակը: Փաստով հարուցվել է թիվ 90259213 քրգործը: «Խաղաղության երկխոսության» փորձագետ, քրեագետ ՌՄարտիրոսյանը գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

Ծանոթանալով թիվ 90259213 քրգործի նյութերին՝ նա պարզել է հետեւյալը միակողմանի, կեղծ, քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով ուղեկցված նախաքննության արդյունքում դիտավորյալ սպանությունը որակվել է որպես ինքնասպանություն: Այսպես, դեպքի հաջորդ օրը՝ 01.08.2013-ին, գործով քննիչ Մ. Նալբանդյանը կազմել է Մ. Մանուչարյանի հագուստների զննում կատարելու վերաբերյալ  արձանագրություն, որում մասնավորապես նկարագրվում է նրա վրա եղած զինվորական տաբատը։ Համաձայն այդ արձանագրության՝«… զինվորական տաբատի ձախ ոտքի ազդրի շրջանում, մինչև ծունկ ներծծված է արնանման թանձր հեղուկով, աջ ոտքի հատվածում, աջ կողագրպանի վերին առջևի եզրից 3,5 սմ վեր առկա է կլորավուն,  կիսալուսնաձև, 1,5×1սմ չափսի թելատված եզրերով անցք, աջ ոտքի հետնամասում՝ ծնկածալի հատվածում, առկա է արնանման ներծծված հետք 10×25սմ չափսերի, որի վերնամասում, կորավուն կարից 5սմ ցած առկա է 5մմ տրամագծով անցք, որի եզրերը այրվածքի հետքերով են: Տաբատի վրա այլ վնասվածքների հետքեր չհայտնաբերվեցին» (գործ, հատոր1, թերթ 102-103)։

Մինչդեռ եղբորս հագուստների թիվ 27151303 դատաձգաբանական-դատահետքաբանական եզրակացության համաձայն՝ նախաքննական մարմինը  փորձագետներին է ներկայացրել լրիվ այլ տաբատ (նշված եզրակացությունում այն անվանվել է անդրավարտիք)։ Այսպես, առաջին անդրավարտիքի զննությունն իրականացրած փորձագետները նշել են, որ

  1. «անդրավարտիքը կոճկող չորս կոճակներից, վերևից հաշված առաջինը և երրորդը բացակայում են»,
  2. «անդրավարտիքը հնամաշ է, աղտոտված, տեղ-տեղ առատորեն պատված չորացած արնանման նյութով»,
  3. «երկու կոճակների բացակայությունից զատ անդրավարտիքի վրա հետազոտությամբ այլ մեխանիկակական բնույթի վնասվածքներ և հետքեր չհայտնաբերվեցին» (գործ, հատոր 2, թերթ 190-200)։

Այս երկու փաստաթղթերի համադրումից կարելի է միանշանակ եզրակացություն կատարել. նախաքննական մարմինը կատարել է հանցագործություն. պարտակել է իրեղեն ապացույց տաբատը՝ դրա փոխարեն փորձագիտական կենտրոն ուղարկելով այլ տաբատ։ Այս հանցագործությամբ նախաքննական մարմինը առաջին հերթին նպատակ է հետապնդել կոծկել այն փաստը, որ տաբատի վրա, աջ ոտքի հետնամասում, առկա է եղել 5մմ տրամագծով հրազենային վնասվածքի անցք, ինչը Մ. Մանուչարյանը չէր կարող հասցնել ինքն իրեն և ինչը միանշանակ վկայությունն է այն բանի, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է։ Պարտակելով հանգուցյալի տաբատը՝ նախաքննական հանցավոր մարմինը հնարավորություն է ստացել կատարվածը ներկայացնել որպես ինքնասպանություն։

Ելնելով վերոհիշյալից դիմում եմ Ձեզ՝

  1. միջնորդելով օրենքով սահմանված կարգով ստուգել մեր կողմից ներկայացված փաստերը, դրանց հիմնավոր լինելու դեպքում՝ փաստով հարուցել քրեական գործ,
  2. այս հիմքով քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործության մեջ մեղավոր բոլոր աշխատակիցներին,
  3. գործը վերաորակել քր օրենսգրքի 105 հոդվածով եւ կատարել անաչառ, բազմակողմանի եւ խորացված քննություն:»
  1. Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնակատար Վ. Բադալյանի 02.03.2015թ. թիվ 68/1190-15 գրությամբ ես տեղեկացվել եմ, որ Հաղորդումը «… կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող՝ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկատվություն չի պարունակում, որն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիկական անձի կողմից ներկայացված դիմումը քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգով: Դրանում միայն թվարկված են թիվ 90259213 քրեական գործով նախաքննության մարմնի գործողությունների վերաբերյալ Ձեր ենթադրություններն ու դրանց տրված գնահատականները, բացի այդ, հիշյալ քրեական գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իրականացվում է դատաքննություն, որի ընթացքում, օգտվելով Ձեր դատավարական իրավունքներից, կարող եք բարձրացնել այդ հարցերը:»:
  1. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող թիվ ԵԱՔԴ/0168/01/14 քրեական գործի շրջանակում իմ ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը հանդես է եկել համապատասխան միջնորդությամբ, որով Դատարանի ուշադրությունը հրավիրելով սույն բողոքի կետ 1-ում նշված հանգամանքների վրա՝ միջնորդել է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին, սակայն Դատարանը հրաժարվել է միջնորդությունը քննության առնել, հայտնելով, որ դատարանը քրեական հետապնդման մարմնին չէ և պարզաբանել է, որ հանցագործության մասին հաղորդումը ինքներս կարող ենք ներկայացնել դատախազություն:
  1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածը սահմանում է՝

<<Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը՝

  • քրեական գործ հարուցելու մասին.
  • քրեական գործ հարուցելը մերժելու մասին.
  • հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին>>:

Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնակատար Վ. Բադալյանը գրությամբ պատասխանելով հանցագործության մասին հաղորդմանը՝ դրսևորել է անգործություն և խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների պահանջները, որոնք պարտավորեցնում են հանցագործության մասին ստացված ցանկացած հաղորդում քննարկել և այն լուծել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181 հոդվածով նախատեսված որոշումներից մեկը կայացնելով:

Տվյալ դեպքում, եթե ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ Հաղորդումը, ընթացքը լուծելու համար, ուղարկվել էր Երևանի կայազորի զինվորական դատախազություն, ապա վերջինս պարզելով, որ Հաղորդման մեջ խոսք է գնում քննիչի կողմից հանցագործություն կատարելու մասին, պարտավոր էր որոշում կայացնել հաղորդումն ըստ ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնելու մասին:

  1. Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործը քննող Դատարանը հրաժարվում է քննության առնել քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմելու մասին միջնորդությունը, առաջարկելով, որպեսզի ես և/կամ իմ ներկայացուցիչը ինքներս դիմենք դատախազին, իսկ դատախազին ուղղված Հաղորդման կապակցությամբ ինձ պատասխանում են, որ դրանում նշված հարցերը կարող եմ բարձրացնել դատարանում: Այլ կերպ ասած՝ թե՛ Դատարանը, թե՛ դատախազությունը հրաժարվում են քննության առարկա դարձնել իմ կողմից մատնանշված փաստերը, և Դատարանը առաջարկում է դիմել դատախազությանը, իսկ դատախազությունը՝ դատարանին: Ստեղծված իրավիճակում ես զրկված եմ ՀՀ Սահմանադրության 18-րդ և ՄԻԵԿ 13-րդ հոդվածով երաշխավորված ներպետական մարմիններում իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու իրավունքից:
  1. Ինչ վերաբերում է գրության այն պնդմանը, որ Հաղորդումը «… կոնկրետ հանցագործության հատկանիշներ պարունակող՝ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկատվություն չի պարունակում », ապա այն անհիմն է. Հաղորդման մեջ նշված են քննիչի կողմից հանցագործություն կատարելու լրջագույն փաստեր, ինչը իրավական պետության մեջ պետք է անհապաղ քրեական գործ հարուցելու և նախաքննություն իրականացնելու հիմք և առիթ դառնար:
  1. Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածները, ՄԻԵԿ 13-րդ հոդվածը՝ խնդրում եմ սույն բողոքը քննության առնել, անօրինական (ոչ իրավաչափ) ճանաչել Երևանի կայազորի զինվորական դատախազության անգործությունը, վերջինիս պարտավորեցնել իմ կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ կայացնել հաղորդումն ըստ ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հանձնելու մասին որոշում»:
  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը