Մեր երեխաների մահվան մասին ճշմարտությունն իմանալու իրավունք ունենք
2014թ․վերջին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը դատարան դիմեց ՀՀ զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ ՊՆ-ից տեղեկատվություն ստանալու պահանջով: Վարույթ ընդունելով՝ ՀՀ վարչական դատարանը երկու դատական նիստ կանցկացնի այս կարեւոր խնդրի շուրջ: Առաջինը՝ ՊՆ-ին այդ դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն (անուն-ազգանունները, դեպքի վայրը, մահվան պատճառը, զորամասի համարը, հրամանատարի անուն-ազգանունն ու կոչումը, դեպքի համառոտ նկարագրությունը) տրամադրել պարտավորեցնելու, երկրորդը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը խախտելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Վերջերս երկու պետական կառույցներ՝ ՊՆ-ն եւ գլխավոր դատախազությունն, այս թեմային վերաբերող տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվել են՝ մերժումը պատճառաբանելով տրամադրվելիք տեղեկատվության գաղտնիությամբ:
«Խաղաղության երկխոսությունը» համոզված է, որ վերոհիշյալ տեղեկատվությունն, ըստ ՀՀ օրենսդրության, իր մեջ որեւէ գաղտնիք չի պարունակում: Ավելին, ՊՆ-ն կազմակերպությանը մեկ անգամ արդեն նախկինում նման տեղեկատվություն տրամադրել է՝ 2010-2011թթ․ գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ:
Բացի այդ, ՊՆ-ն կազմակերպության պահանջած տեղեկատվությանը համանման տեղեկատվության հրապարակում է իր կայքում պարբերաբար տեղադրվող մամուլի հաղորդագրություններում, ՀՀ ԶՈւ-ում արձանագրվող մահվան դեպքերի վերաբերյալ հրապարակային հայտարարություններում: Իսկ ՀՀ օրենքի պահանջի համաձայն, անգամ, եթե պահանջվող տեղեկատվությունն իր մեջ գաղտնի տարրեր է պարունակում, ապա պաշտոնյաները պարտավոր են, այնուամենայնիվ, տրամադրել դրա այն մասը, որը պետական, ծառայողական կամ այլ գաղտնիքի հատկանիշներ իր մեջ չի պարունակում:
«Խաղաղության երկխոսությունն» սկսում է տեսաարշավ՝«Մենք ճշմարտությունն իմանալու իրավունք ունենք» խորագիրը կրող: Այն բաղկացած կլինի մահացած զինծառայողների ընտանիքների անդամների հետ 30 վայրկյան տեւողությամբ հարցազրույցներից, որոնցից յուրաքանչյուրի ավարտին նրանք կհաստատեն իրենց եղբայրների, տղաների եւ ամուսինների մահվան վերաբերյալ ճշմարտությունն իմանալու մտադրությունը: Միշտ չէ, որ նրանք պաշտոնական վարկածին հավատալու հիմքեր ունեն:
Վերջին 5 տարվա ընթացքում, ըստ տարբեր քաղաքացիական խմբերի պնդումների, ավելի քան 200 զինծառայող է զոհվել հայկական բանակում, նրանցից շատերը՝ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում: Սակայն մեծ է նաեւ նրանց թիվը, ով ներքին խնդիրներին է զոհ գնացել․ ինքնասպանություններ, սպանություններ, անզգույշ սպանություններ, մահվան դեպքեր՝ բուժօգնության անհասանելիության կամ անփութության հետեւանքով․․․
Դեպքերի մի մասի դեպքում մենք կամ այլ իրավապաշտպան խմբեր արձանագրել են, որ պաշտոնական վարկածը հեռավոր առնչություն անգամ չունի այն ամենի հետ, ինչ իրականում է կատարվել: «Խաղաղության երկխոսությունը» համոզված է, որ իրավասու մարմինները նախաքննության եւ դատաքննության ընթացքում բազմիցս խախտում են օրենքը: Քաղաքացիական վերահսկողության արդյունքում միայն քիչ դեպքերում է հնարավոր լինում ինչ-որ դրական արդյունքի հասնել:
«Մենք ճշմարտությունն իմանալու իրավունք ունենք» տեսաարշավը նպատակ ունի բանակում տեղի ունեցող մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հասարակական լայն շերտերի համար հասանելի դարձնելու, ինչն էլ, մեր համոզմամբ, հասարակական պահանջ կձեւավորի նման գործերում պատկան մարմինների կողմից կատարվող անօրինականություններն ու զեղծարարությունները բացառելու նկատմամբ:
Ավելացվել է 27 April, 2015