Պաշտպանության նախարարի եւ նախարարության դեմ հայցադիմումների հիմքը փոփոխվեց
«Խաղաղության երկխոսությունը» փոփոխեց ՀՀ ՊՆ եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեմ ՀՀ վարչական դատարան ներկայացված իր հայցերի հիմքը։
ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հայցով հարուցված երկու վարչական գործ։ Դրանցից մեկով կազմակերպությունը հայց է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը 1994-2014 թթ. ԶՈՒ-ում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն (մասնավորապես՝մահացածների անուն-ազգանունները, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը,զորամասի հրամանատարի անունը, ազգանունը ու կոչումը, տուժողի մահված պատճառը և համառոտ նկարագրությունը դեպքի վերաբերյալ) տրամադրել պարտավորեցնելու, իսկ մյուսով՝ այդ տեղեկատվությունն ապօրինաբար չտրամադրելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Երկու գործով էլ արդեն կայացել է մեկական նախնական դատական լսում։ Վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով կայացած նախնական դատական նիստին պատասխանող կողմից ներկայացած անձը դատարանին ներկայացրեց ՀՀ ՊՆ-ի կողմից տրված լիազորագիր, մինչդեռ նշված գործով պատասխանող է հանդիսանում ոչ թե ՊՆ-ն, այլ Սեյրան Օհանյանը։ Նման պայմաններում դատարանը չճանաչեց ներկայացած անձի լիազորությունները եւ այդ հիմքով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 30-ը։
Մյուս՝ տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու գործով հուլիսի 9-ին կայացած նախնական դատական լսմանը ՊՆ-ից ներկայացուցիչ ընդհանրապես չներկայացավ։
Բացի այն, որ ՊՆ ներկայացուցիչները դատական լսումներին կա՛մ առանց համապատասխան լիազորագրի, կա՛մ բնավ չներկայացան, երկու գործերով էլ հայցադիմումի պատասխան կամ գրավոր առարկություններ պատասխանող կողմից չի ներկայացվել, մինչդեռ, ՀՀ վարչական դատավարական օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն, պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը։
Երկու վարչական գործերով էլ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Սուքիասյանը միջնորդեց փոփոխել հայցի հիմքը։ Փոփոխության էությունը կայանում է նրանում, որ ՊՆ-ից պահանջվող տեղեկատվությանը նման, նույնաբովանդակ տեղեկատվություն կազմակերպությանը նախարարությունը մեկ անգամ արդեն հատկացրել է, հետեւաբար, ելնելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանված վարչարարության կամայականության արգելքի սկզբունքից, ՊՆ-ն պարտավոր է հավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ եւ տրամադրել պահանջվող տեղեկատվությունը։
Ավելացվել է 22 July, 2015