ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Այս տարվա հուլիսից «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն սկսում է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության վերաբերյալ իրազեկության բարձրացման ուղղությամբ մեկամյա ծրագիր։
Այն ուղղված է տեղական եւ միջազգային մակարդակներում բարձրացնել իրազեկվածությունը բանակում մարդու իրավունքների առկա վիճակի մասին, համախմբել ջանքերն՝ այդ իրավունքները հարգելու, թափանցիկության եւ հաշվետվողականության վերաբերյալ հասարակական պահանջարկ ձեւավորելու համար։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպությանwww.safesoldiers.am կայքը ներկայացնել եւ հասանելի դարձնել ՀՀ տարբեր մարզերում (Լոռի, Տավուշ, Վայոց Ձոր, Արարատ եւ Սյունիք)։ Ակնկալվում է, որ ցանկություն ունեցողները կարող են ինքնուրույն, ցանկության դեպքում՝ անանուն լրացնել ՀՀ զինված ուժերում գրանցված կամ գրանցվող իրավախախտումների եւ համեմատաբար խաղաղ պայմաններում գրանցված մահվան ելքով դեպքերի՝ կայքում տեղակայված բազաները։
Բանակում գրանցված հարյուրավոր մահվան դեպքերի համար պատկան մարմինների կողմից անաչառ ու բազմակողմանի քննություն չի կատարվում, իսկ մահվան պատճառներն, այս կամ այն պատճառով, սխալ են ներկայացվում։
Զոհված զինվորների ընտանիքների՝ նախաքննության թերություններն ու անկատարությունը նկատած, արդարադատություն պահանջող անդամները, հիմնականում, արհամարհված են։ www.safesoldiers.am կայքը ունի նաեւ նման դեպքերի վերհանման, ընտանիքների անդամներին արդարադատության հասնելու դժվարին գործում աջակցելու նպատակ։ «Խաղաղության երկխոսության» աշխատակազմը հույս ունի, որ ականատեսների կողմից կայքում կատարվող արագ, օպերատիվ թարմացումները ՀՀ զինված ուժերում կատարված ապօրինությունների եւ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ կարող են ահազանգ լինել այդ նույն պատկան մարմինների համար, որպեսզի իրավիճակին համապատասխան անհետաձգելի գործողություններ իրականացվեն։
Կայքը նաեւ տեղեկատվության աղբյուր կարող է հանդիսանալ տեղական եւ միջազգային փորձագետների համար, նաեւ իրազեկության բարձրացման եւ հետագայում կատարվելիք ապօրինությունները կանխարգելելու արդյունավետ գործիք։
Ծրագրի աշխատակազմը նաեւ մշտադիտարկում կիրականացնի վերոնշյալ բնագավառներում՝ նոր պատահարները տվյալների բազայում ներառելու համար, զուգահեռաբար կփորձի պատկան մարմիններից տեղեկատվություն ստանալ հրադադարի պայմանագրի կնքումից հետո գրանցված դեպքերի վերաբերյալ՝ տեղեկատվական բազան հնարավորինս ամբողջական դարձնելու նատակով։
Հավելյալ հարցերի դեպքում՝ գրել [email protected]կամ [email protected] հասցեներին։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Տեսակետները, կարծիքներն ու եզրակացությունները հեղինակներինն են եւ պարտադիր չէ, որ արտացոլեն Պետդեպարտամենտի դիրքորոշումները։
Ավելացվել է 22 July, 2015