Հարց՝ մտահոգությամբ

Հոդվածը հրապարակվել է եվրոպական քաղհասարակության Հարավային Կովկասում խաղաղությանն ուղղված նախաձեռնության (EPNK) Commonspace.eu կայքում։ Այն թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ։

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի վերջերս ստորագրված հրամանի` զոհված զինծառայողների հարազատներին կամ քաղաքացիական հասարակության անդամներին արգելվում է տեղեկատվություն ստանալ զինված ուժերում գրանցված մահվան ելքով դեպքերի վերաբերյալ:

Հարց է ծագում. ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների վերաբերյալ ո՞ր տեղեկություններն են պաշտոնյաները  ծնողներին իմանալ թույլատրելի համարում, որը՝ ոչ, և ինչո՞ւ: Ո՞րն է սրա նպատակը:

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն արդեն 4 տարի է, ինչ աշխատում է հարաբերականորեն խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ, փորձում օգնել նրանց պարզել, թե ինչ պայմաններում և ինչու են իրենց որդիները մահացել Հայրենիքին ծառայելու ընթացքում: Նրանցից շատերն են դիմել կազմակերպությանն` օգնություն հայցելով: Ի պատասխան՝ «Խաղաղության երկխոսությունն» ստեղծեց «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին»* կայքը (www.safesoldiers.am), որն ստեղծվել է զոհված զինծառայողների ծնողներից տեղեկատվություն ստանալու համար։ Վերջինս, միայն համապատասխան պաշտոնյաների հետ ճշտելուց հետո պետք է հրապարակվեր: Պաշտպանության նախարարությունը նախ համագործակցեց՝ մեկ անգամ տրամադրելով համապատասխան տեղեկատվություն, այնուհետեւ, սակայն, ամեն ինչ փոխվեց. սկսած 2014 թվականից ՊՆ-ն այլևս չպատասխանեց «Խաղաղության երկխոսության» գրություններին։ Կազմակերպությունը որոշեց դիմել դատարան` հույս ունենալով, որ դատական համակարգը կստիպի ՊՆ-ին կատարել սեփական քաղաքացիների նկատմամբ ունեցած իր պարտավորություններից մեկը, այն է՝ տեղեկատվություն տրամադրել: 2015 թ. հունվարին դատական գործընթացը մեկնարկեց:

Ըստ օրենքի՝ պաշտպանության նախարարությունը 30 օր ուներ դատական հայցին պատասխանելու համար, սակայն նրանք պատասխանեցին միայն 8 ամիս անց`այս տարվա օգոստոսի 15-ին: «Խաղաղության երկխոսությունն» ստացավ պաշտպանության նախարարի`տվյալ դատական հայցի վերաբերյալ վարչական դատարանին ուղղված առարկության պատճեն, որում նշվում է. ըստ նոր հրամանի`սկսած 2015 թվականի օգոստոսի 13-ից մահվան ելքով միջադեպերի վերաբերյալ յուրաքանչյուր տեղեկատվություն ենթակա է գաղտնագրման:

Ո՞րն է նման հրամանի նպատակը, սգացող ծնողներին զրկել հնարավորությունից իմանալ, թե կոնկրետ ինչ է պատահել իրենց զավակներին հայրենիքի պաշտպանության ընթացքո՞ւմ: Արդյո՞ք այս մահվան դեպքերն այնպիսի բնույթ են կրում, որ նրանց մասին տեղեկատվության տրամադրումը ծնողներին կամ հասարակությանը կարող է սպառնալ Հայաստանի անվտանգությանը: Միգուցե մի քանի՞սը։ Բայց, անկասկած, ոչ բոլորը:

Ըստ նույն հրամանի կետ 17-ի («ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»)՝ գաղտագրման ենթակա տեղեկություն են համարվում`

-Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության փոփոխությամբ համարվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունները,

– Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի ու պատահարների արդյունքում ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ անցկացված ծառայողական քննության նյութերը բացահայտող տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի

Ըստ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի` այս հրամանը խիստ սահմանափակում է զինված ուժերի գործունեության վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու քաղաքացիական հասարակության հնարավորությունները: Նախարարի հրամանով` անգամ ցանկացած ֆինանսական հաշվետվություններն են այժմ համարվում գաղտնագրման ենթակա տեղեկատվություն: Կազմակերպությունը մտադիր է ներկայացնել մեկ այլ դատական հայց` վիճարկելու համար վերոնշյալ հրամանը:


*Նիդեռլանդական PAX կազմակերպությունն է աջակցում «Ապահով զինվորներ՝ ապահով Հայաստանին» ծրագրին

Լուսանարում՝ Նանա Մուրադյան: Նրա որդին` շարքային Վալերիկ Մուրադյանը, հայտնաբերվել էր 2010 թվականի մարտի 15-ին`իր զորամասում, երկաթե ձողից կախված: Թեև նախաքննական մարմինը ապացուցված էր համարել այն փաստը, որ Վալերիկ Մուրադյանին դրդել են ինքնասպանության, այս գործով դեռևս որևէ վկա չկա, ոչ էլ որևէ մեկը ենթարկվել է պատասխանատվության: (Լուսանկարը՝ Արմինե Զաքարյանի, «Խաղաղության երկխոսություն»)

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը