ՀՀ վարչական դատարանը կքննի «Խաղաղության երկխոսություն» հկ-ի հայցը պաշտպանության նախարարի հրամանը մասնակի անվավեր ճանաչելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը վարույթ է ընդունել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հերթական հայցն ընդդեմ պաշտպանության նախարարության։

Վարչական դատարանը դեռեւս այս տարվա փետրվարին վարույթ էր ընդունել «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության՝ 1994-2014 թթ. ԶՈՒ-ում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն (մասնավորապես՝ մահացածների անուն-ազգանունները, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը, զորամասի հրամանատարի անունը, ազգանունը ու կոչումը, տուժողի մահվան պատճառը և դեպքի վերաբերյալ համառոտ նկարագրությունը) տրամադրել պարտավորեցնելու նպատակով հայցն ընդդեմ ՀՀ Պաշտպանության նախարարության: Պաշտպանության նախարարության կողմից ՀՀ վարչական դատարանի դատավոր Կ․ Զարիկյանին և «ԽԵ»-ին հասցեագրված սույն վարչական գործով ներկայացված հայցապահանջի դեմ առարկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարի 09/07/2015թ․ թիվ 9-Ն հրամանով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատվել է «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը», որի բաժին 17-ի՝ («ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ՝ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ») համաձայն, կազմակերպության կողմից պահանջվող տեղեկություններն այսուհետ գաղտնագրման ենթակա տեղեկություն են համարվում:

Ըստ վերոնշյալ հրամանի 17–րդ բաժնի 42 եւ 43 կետերի՝

  1. Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության փոփոխությամբ համարվում են գաղտնագրման ենթակա տեղեկություններ,
  2. Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի ու պատահարների արդյունքում ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ անցկացված ծառայողական քննության նյութերը բացահայտող տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի։

Ըստ «Խաղաղության երկխոսության»՝ նախարարի թիվ 9-Ն հրամանով «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկում» ներառված 42-րդ և 43-րդ կետերում նշված տեղեկությունները «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախատեսված դրույթով գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում ներառված չեն, չեն տեղավորվում օրենսդիրի կողմից սահմանված ձևակերպումների մեջ և չեն ապահովում օրենքի սույն դրույթների իրականացումը:

Ցանկի 42-րդ և 43-րդ կետերում նշված տեղեկատվության գաղտնագրումը ակնհայտորեն նպատակ չի հետապնդում կանխելու իրավական պետությունում դրսևորվող հնարավոր կամայականությունները և չի երաշխավորում անձանց, անձանց խմբերի իրավունքները և շահերը, ինչպես նախատեսում է ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքը:

Այս հրամանի  42-րդ և 43-րդ կետերում նշված տեղեկատվության գաղտնագրման ենթարկված տեղեկությունների մատչելիությունը չի կարող խոչընդոտել ժողովրդավարական  հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանությանը, քանի որ, համաձայն ՀՀ Սահմանադրության, քաղաքացիների հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն այդ նկատառումներով:

Արդյունքում՝ ՀՀ Պաշտպանության Նախարարի թիվ 9-Ն հրամանով հաստատված ցանկի 17–րդ բաժնի 42 եւ 43 կետերի գաղտնագրումը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ՀՀ օրենքներին եւ Հայաստանի կողմից վավերացված միջազգային պայմանավորվածությունների դրույթներին:

Այս տեղեկությունների գաղտնագրումը խիստ սահմանափակում է ՀՀ քաղաքացիների կողմից Պաշտպանության Նախարարության գործունեության վերաբերյալ քաղաքացիական վերահսկողություն իրականացնելու հնարավորությունները եւ ակնհայտորեն շեղում Պաշտպանական գերատեսչությանը ՀՀ կողմից որդեգրած՝ պետական մարմինների  թափանցիկության ապահովման ուղուց:

«Խաղաղության երկխոսությունը» այդ հրամանով հաստատված ցանկի 17-րդ բաժնի 42 եւ 43 կետերում նշված տեղեկատվությունների գաղտնագրման օրինականությունը վիճարկելու եւ այդ մասով հրամանն անվավեր ճանաչելու հայցադիմում ներկայացրեց ՀՀ վարչական դատարան։ ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Դիլանյանի (դատավորներ՝ Միքայել Մելքումյան, Գեւորգ Սոսյան, Ալեքսանդրա Հարությունյան, Հրաչ Այվազյան), ծանոթանալով «ԽԵ» կողմից ներկայացված հայցադիմումին եւ դրան կից փաստաթղթերին, գտավ, որ բացակայում են հայցադիմումի ընդունւմը մերժելու, այն վերադարձնելու կամ վերահասցեագրելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերը եւ կազմակերպության հայցադիմումն ընդունեց վարույթ։

 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը