Տուժողի իրավահաջորդի բացարկը մերժվեց

Այս տարվա մայիսին, ժամկետային զինծառայության մեջ գտնվելով, ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպանություն գործած Հարություն Համբարյանի հայրը՝ Հրայր Համբարյանը, իր որդու մահվան փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում աջակցություն ստանալու խնդրանքով դիմել էր «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը, քանի որ համաձայն չէ նախաքննական մարմնի առաջ քաշած վարկածի հետ։

Տուժողի իրավահաջորդը գտնում է, որ անցած առավել քան վեց ամիսների ընթացքում քրեական գործով կատարվել եւ կատարվում է միակողմանի ու կեղծ քննություն, որն ուղեկցվում է օրենքի` քր. դատ. օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջների (բազմակողմանի և օբյեկտիվ քննության) կոպիտ խախտումներով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին հասցեագրված միջնորդությամբ Հ․ Համբարյանը բացարկ է հայտնել ՀՀ ՔԿ, ԶՔԳՎ, 3-րդ կայազորային բաժնի պետին, քննիչներին, բաժինը հսկող զինդատախազին՝ բերելով հետեւյալ հիմնավորումները։

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ նախաքննական մարմինն, առաջին իսկ օրվանից սպանությունը որակելով ինքնասպանություն, կատարելով միակողմանի քննություն (կոծկելով կամ նենգափոխելով փաստերը)՝ ձգտում է ամեն կերպ «ապացուցել», որ տեղի ունեցածն ինքնասպանություն է: Սակայն զինծառայող Դավիթ Հարությունյանի ցուցմունքի համաձայն` սպանությունից որոշ ժամանակ առաջ Հարություն Համբարյանը լուրջ ընդհարում է ունեցել համածառայակիցների հետ, առնվազն նրանցից երկուսի՝ Հովհաննես Մելքոնյանի և Սմբատ Հայրապետյանի հետ, որի ընթացքում անգամ դանակահարել է Սմբատ Հայրապետյանին: Նախաքննական մարմինը ձգտում է ամեն կերպ անտեսել այս կարևորագույն փաստը․ Սմբատ Հայրապետյանին դատաբժշկական փորձաքննության են ենթարկել միայն Դավիթ Հարությունյանի պաշտպանի համառ պահանջներից հետո: Համաձայն թիվ 387 փորձագիտական եզրակացության՝ իրոք Սմբատ Հայրապետյանի աջ և ձախ ձեռքերի վրա հայտաբերվել են բազմաթիվ սպիներ, այդ թվում՝ նաև սուր-կտրող գործիքով հասցված վնասվածքներ, որոնց մի մասը կարող էր առաջանալ սպանությունից մի քանի օր առաջ կամ հենց սպանության օրը:

Հրայր Համբարյանը պնդում է, որ որդին ֆիզիկապես շատ ուժեղ էր, համարձակ, երբեք թույլ չէր տա, որպեսզի որևէ մեկը ձեռք բարձրացներ իր վրա կամ ճնշեր իրեն: Դրա մասին է վկայում նաև հետևյալը. նա մշտական հեռախոսային կապ էր պահպանում քրոջ` Հասմիկ Համբարյանի հետ եւ 2015 թվականի հունվարին տեղի ունեցած հեռախոսային խոսակցություններից մեկի ընթացքում քրոջը հայտնել էր, որ խոշոր կոնֆլիկտ է ունեցել մի խումբ զինվորների հետ, ովքեր ցանկանում էին ճնշել իրեն: Հայտնել է նաև, որ ինքն այս բախումից հաղթանակով է դուրս եկել (բառացի՝ «ծալել է» նրանց):

Նախաքննական մարմինը չի ցանկացել օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն կատարել այս փաստերի շուրջ։

Չնայած դեպքից անցել է գրեթե յոթ ամիս, սակայն նախաքննական մարմինը չի տրամադրում զենքի դատաձգաբանական, դատամատնադրոշմային, հագուստի դատաձգաբանական մի շարք այլ փորձագիտական եզրակացություններ` հայտարարելով, թե իբր դրանք դեռ չեն ստացվել:

Միաժամանակ քննիչ Ն. Ավետիսյանը մերժել է տուժողի հագուստը դատահետքաբանական փորձաքննության ուղարկելու բանավոր միջնորդությունը՝ հայտարարելով, որ դրա համար կպահանջվի երկար ժամանակ և գործը կարող է տարիներով ձգձգվել:

Նույն քննիչը, ինչպես նաև իր ղեկավար քննիչ Ավագյանը, մերժել են հագուստը դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննության ուղարկելու բանավոր միջնորդությունը՝ հայտարարելով, որ այն անհիմն է և ոչինչ չի տալու, այլ միայն երկարաձգելու է գործը: Այս ամենը բացահայտ անօրինականություն է և ցույց է տալիս գործով նախաքնննական մարմնի շահագրգռվածությունը:

Համաձայն դիակի դատաբժշկական թիվ 518/29 եզրակացության՝ Հարություն Համբարյանի վրա կրակել են «տվյալ զենքին բնորոշ կրակոցի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններում», նշանակում է՝ մինչև 1 մետր հեռավորությունից, սակայն, հակասելով դատաբժշկական եզրակացությանը և բազմաթիվ այլ փաստերի՝ քննիչը շարունակում է պնդումները, որ Հարությունն ինքնաձիգը դրել է ճակատի վրա՝ գլխի առանցքի հանդեպ վերևից ներքև ուղղությամբ ու, կրակելով, ինքնասպան է եղել:

Նույն փորձաքննության մեջ նշվում է, որ դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են նաև քերծվածքներ, արյունազեղում ձախ քունքային շրջանում, որոնք ևս պատճառվել են կենդանության օրոք` բութ առարկաներով…

Քննիչը չի ցանկացել քննությամբ պարզել, թե ով է հարվածել:

Տուժողի իրավահաջորդը, իր կողմից ներկայացված բացարկի միջնորդության մեջ շարադրելով այս բոլոր փաստերը՝ իր տարակուսանքն էր հայտնել գործը վերահսկող պատկան մարմինների` քննչական կոմիտեի, դատախազի, զինդատախազի անգործության վերաբերյալ եւ ելնելով վերը նշվածից՝ բացարկ հայտնել ՀՀ ՔԿ, ԶՔԳՎ, 3-րդ կայազորային բաժնի պետին, քննիչներին, բաժինը հսկող զինդատախազին և միջնորդել, որպեսզի քրգործը հանձնվի այլ քննչական բաժնի վարույթ, քրգործով կատարվի նոր, օբյեկտիվ բազմակողմանի և խորացված քննություն:

Հայտնված բացարկը, սակայն, ամբողջությամբ մերժվել է ՀՀ զինվորական դատախազ Ա․ Հարությունյանի կողմից։ Բացարկի մերժման որոշման մեջ զինդատախազությունը պետք է հիմնավորեր նման որոշումը, անդրադառնար տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված փաստերին, ինչը եւ արել է՝ մասամբ, ձգտելով նման տպավորություն ստեղծել, սակայն, իրականում, շրջանցելով որոշ, իր համար անցանկալի դրվագներ։

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, քրեագետ Ռուբեն Մարտիրոսյանի հետ համատեղ վերլուծության արդյունքում մի քանի «անհարթություններ» անմիջապես աչքի զարնեցին։ Ութ էջից բաղկացած մերժման որոշման մեջ մանրամասն նկարագրված են մեղադրյալ Սմբատ Հայրապետյանի ձեռքերի տարբեր վաղեմություն ունեցող վնասվածքները՝ սալջարդներ, բազմաթիվ կտրվածքներ (այդ թվում՝ նաեւ սուր կտրող֊ծակող գործիքից առաջացած), սպիներ․․․ Մեջբերվում է Ս․ Հայրապետյանի ցուցմունքը, որում նա ասում է, որ վնասվածքներն ստացել է խոտ քաղելիս, խրամատ փորելիս, կատվի հետ խաղալիս, հաց կտրելիս եւ առանց որեւէ պատճառի բռունցքով պատին հարվածելու արդյունքում։

Քննիչը տվյալ վնասվածքները վերը նշված պայմաններում ստանալու հնարավորության, հավանականության մասին փորձագետին չի հարցաքննել, պարզապես «հավատացել» է մեղադրյալին եւ վերջ, չնայած վնասվածքների ծանրությանը՝ «չի բացառել», որ նա դրանք կարող էր ստանալ առօրյա կյանքում։

Անհասկանալի է թվում նաեւ այն, որ դեպքից անմիջապես հետո՝ մայիսի 9֊ին նշանակված դատաձգաբանական, դատամատնադրոշմային, հագուստի դատաձգաբանական եւ այլ փորձաքննությունների արդյունքները առավել քան վեց ամիս անց դեռ պատրաստ չեն։ Փորձագետների ծայրաստիճան «ծանրաբեռնված» լինելու, նրանց կողմից այդքան ձգձգելու պարագայում քննիչը պարզապես կարող էր (եւ պարտավոր էր) այլ փորձագիտական կենտրոնի դիմել, քանի որ 7 ամիս ձգձգելը էական բացասական ազդեցություն է ունենում նախաքննության ընթացքի վրա։ Սակայն, էլ ավելի զարմանալի է այն, որ չնայած փորձաքննությունների արդյունքների բացակայությանը՝ նախաքննական մարմինը «ապացուցված» է համարում այն, որ կատարվածն ինքնասպանություն է, ինքնասպանության գործիքն էլ՝ մահացածին ամրակցված ինքնաձիգն է։

Բացի այդ պետք է նշել նաեւ, որ քննիչը հեռախոսով հայտնել է տուժողի իրավահաջորդին այն մասին, որ արդեն գործով նշանակել է հետմահու դատահոգեբանական֊դատահոգեբուժական փորձաքննություն՝ ձեռքի տակ, ըստ էության, չունենալով ոչ մի ապացույց ինքնասպանության վերաբերյալ, այն դեպքում, երբ ոչ մի փորձաքննության արդյունք հայտնի չէ դեռեւս։

Փորձաքննության բացակայությունը պատճառաբանելու որեւէ փորձ մերժման հիմնավորման մեջ, իհարկե, չկա։

Մերժման պատճառաբանությունների մեջ միայն փոքրիկ անդրադարձ է արվում ինքնաձիգը ճակատին պահված, գլխի առանցքի նկատմամբ վերևից ներքև ուղղությամբ կրակելով ինքնասպան լինելու անհնարինության վերաբերյալ տուժողի իրավահաջորդի խոսքերին, այն էլ միայն իր՝ տուժողի իրավահաջորդի բացարկում այդ մասին գրված տողերը հիշեցնելու կարգով։ Եւ ոչ մի պարզաբանում այդ մասին։ Բացարկը մերժելու որոշման մեջ դրանից անմիջապես հետո փորձ է արվում հիմնավորել տուժողի այլ մարմնական վնասվածքների առաջացման հնարավոր պատճառները, սակայն մինչեւ ամփոփումն ու դրանից հետո էլ ոչ մի խոսք այն մասին, թե ինչպես կարելի է ինքնասպան լինել ինքնաձիգը ճակատին պահած՝ գլխի առանցքի նկատմամբ վերևից ներքև ուղղությամբ կրակելով։ Այս հարցի վերաբերյալ թեկուզ որեւէ, անգամ ամենաանհավանական բացատրություն տալու, պարզաբանելու մտքից զինդատախազությունը պարզապես հրաժարվել է։

Վերոնշյալ փաստի համեմատությամբ, միայն առաջին հայացքից պակաս կարեւոր թվացող մեկ այլ խնդիր է այն, որ մերժման մեջ կրկին ոչ մի խոսք չի գնում այն մասին, որ նախաքննական մարմինը տուժողի հագուստը դատահետքաբանական, դատաքիմիական, դատակենսաբանական փորձաքննությունների ուղարկելուց հրաժարվել է։ Վերոնշյալ փորձաքննությունները նման դեպքերում պարտադիր են եւ դրանցից հրաժարվելը, ըստ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի, անթույլատրելի է, փաստը հուշում է, որ դա անհրաժեշտ է քննությունը սխալ ճանապարհով տանելու, ինքնասպանության վարկածը հիմնավորելու համար։ Փորձաքննություններ նշանակելու դեպքում պարզապես կարող էր էլ ավելի ակնհայտ դառնալ, որ մահվանից առաջ տուժողի նկատմամբ բռնություն է կիրառվել։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը