Լիբանանյան դասեր

ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված իր ծրագրի շրջանակներում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վերաբերյալ հաջորդ զրույցը Լիբանանում գործող ALEF իրավապաշտպան կազմակերպության աշխատակից Ջորջ Ղալիի հետ է։

ALEF-ը Լիբանանում գործող հասարակական, ոչ կուսակցական, շահույթ չհետապնդող, իրավապաշտպան կազմակերպություն է, որը նպատակ ունի որպես հիմնաքար ամրապնդել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը՝ սոցիալական, տնտեսական և քաղաքական զարգացման համար: Alef-ի ծրագրերը համատեղում են ուսումնասիրություններ իրազեկության բարձրացման և շահերի պաշտպանության հետ` նպատակ ունենալով միբիլիզացնելու հանրությանը, քաղաքական գործիչներին ու կարծիք ձևավորողներին մարդու իրավունքների իրականացման, հարգանքի և պաշտպանության աշխատանքներում:

Ջորջ Ղալին ALEF-ի «Մշտադիտարկում և շահերի պաշտպանություն» բաժնի ղեկավարն է, համակարգել է տարբեր ծրագրեր՝ ուղղված կամայական կալանքի դեմ պաշտպանությանը,  խոշտանգումների կանխարգելմանը, մահապատժի վերացմանը եւ այլն: Միջազգային հարաբերությունների մասնագետ, դիվանագետ է, հեղինակել է մարդու իրավունքների խնդիրներին առնչվող մի շարք հոդվածներ՝ կապված Լիբանանի և Միջին Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկա տարածաշրջանի հետ:

Հակամարտության գոտում գտնվող, ռազմականացված (միլիտարիզացիայի մակարդակով՝ աշխարհում 19-րդ տեղ, 7-րդ ամենառազմականացված երկիրը Միջին Արեւելքում) Լիբանանի իրավապաշտպանների փորձը եւս օգտակար կարող է լինել համանման վիճակում գտնվող Հայաստանում գործող իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության համար՝ մարդու իրավունքների բնագավառում ստեղծված իրավիճակը (այդ թվում՝ նաեւ զինված ուժերում) հասկանալու, վերլուծելու եւ ուղիներ փնտրելու համար։

1990 թվականին քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Լիբանանն ականատես է եղել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, որոնք, ըստ Ջորջ Ղալիի, հիմնականում արտահայտվել են անպատժելիությամբ, մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու կամքի և հաշվետվողականության բացակայությամբ:

«2005 թվականին Սիրիական զորքին հակահարված տալուց հետո բացվեցին նոր հնարավորություններ մարդու իրավունքների պաշտպանության ավելի լավ իրագործման համար: 2005-2010թթ․ Լիբանանը թեեւ փոքր, ոչ այնքան էական, սակայն, միեւնույնն է, առաջընթաց գրանցեց մարդու իրավունքների ոլորտում` ինստիտուցիանալ փոփոխությունների առումով, այնուամենայնիվ, լարվածության ավելացումն ու քաղաքական բևեռացվածությունը զրոյի հավասարեցրին ամեն տեսակի կամքն ու մոտեցումներն այս ուղղությամբ», ֊ ասում է Ղալին եւ շարունակում, ֊ «Բռնությունների ալիքը, որին Լիբանանը ականատես եղավ 2013 թվականին՝ թերևս կյանքի իրավունքի դեմ ամենալուրջ սպառնալիքն է 1990 թվականից ի վեր, որը պահանջում է ռազմավարական և բազմաշերտ միջամտություն՝ հակազդելու համար բռնի ծայրահեղականությանն ու պատշաճ պաշտպանության հիմք ստեղծելու համար` ի հակադրություն նման բռնություններին ներկայիս ցրված և առանձին պատասխանների»:

Ըստ Ղալիի՝ նման մոտեցումը, սակայն, ոչ արդիական կամ, անգամ, պարսավանքի արժանի է դիտվում որոշ շերտերի կողմից․ հարկավոր է լինում պնդել, պայքարել, որպեսզի ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում Լիբանանի կառավարությունը կատարի իր հանձնառությունները՝ միջազգային իրավունքների և Լիբանանի կողմից վավերացված միջազգային պարտավորությունների համաձայն: Իսկ վերջիններին հետեւել պետք է, թեկուզ, միայն այն պատճառով, որպեսզի հնարավոր լինի խուսափել դժգոհություններից, անախորժություններից, որոնք կարող են հետեւել անօրինական ձերբակալություններին, անարդար դատավարություններին, խոշտանգումներին և այլ խախտումներին։ Սրանք իրենց հերթին կարող են օգտագործվել ահաբեկչական խմբավորումների կողմից՝ իրենց շարքերում ավելի շատ մարդկանց ներգրավելու, ավելի ծայրահեղական դիրքերից հանդես գալն արդարացնելու նպատակով:

Ըստ մեր զրուցակցի՝ Լիբանանում եւս մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքները բարեհաջող իրականացնելու համար կարևոր է հաշվի առնել, որ առկա են բազմաթիվ մարտահրավերներ՝ կապված շատ այլ գործոնների հետ, ինչպիսիք են իրավական մշակույթի բացակայությունը, անհամարժեք և արխայիկ օրենսդրությունը, նեպոտիզմն (հովանավորչությունը) ու կոռուպցիան, իրավապահ մարմինների թերի աշխատանքը, անպատժելիության մշակույթը, հաշվետվողականություն ապահովող մեխանիզմների բացակայությունը և այլն:

Այս տեսանկյունից մեծ մարտահրավեր է մնում մարդու իրավունքների արժեքների բացակայությունը Լիբանանի բնակչության կողմից ընդունված շատ սոցիալական պարադիգմերում։ Դա հանգեցնում է  բազում խախտումների եւ չարաշահումների, սկսած ընտանեկան բռնությունից, վերջացրած՝ խտրականությամբ աշխատավայրում: Վերջին տարիներին Լիբանանում անպատժելիության մշակույթն ու օրենքի գերակայության բացակայության խնդիրն ավելի ու ավելի է  սրվում։ Արդյունքում՝ ոչ պետական դերակատարներն են փորձում իրենց ձեռքը վերցնել օրենքը:

Ըստ Ջ․ Ղալիի՝ 2005 թվականից սկսած լիբանանյան զինված ուժերը դարձան մարդու իրավունքների խախտումների հիմնական մեղավորները. պարբերական խոշտանգումների միտում (տես 2014 թ. ՄԱԿ-ի CAT զեկույցը Լիբանանում խոշտանգումների վերաբերյալ), կամայական ձերբակալություններ եւ արտաքին աշխարհի հետ կապի արգելք, միջազգային մարդասիրական օրենքի խախտումներ (տես Nahr el-Bared֊ի բախումները իսլամական խմբերի հետ), բռնի անհետացումներ (տես զանգվածային գերեզմանի բացահայտումը Լիբանանի պաշտպանության նախարարության մոտ): Սակայն Ղալին առավել մտահոգիչ խնդիր է համարում անպատժելիության արմատավորված մշակույթը, որն ունի երկու հիմնական պատճառ.

  1. Անպատժելիության մշակույթը, որը տրվել է հասարակության կողմից լիբանանյան զինված ուժերին՝ այդ կերպ հանդուրժելով և արդարացնելով վերջիններիս կողմից իրականացված եւ իրականացվելիք մարդու իրավունքների ցանկացած խախտում,
  2. Ռազմական տրիբունալը, որն իր կառուցվածքով եւ գործելաոճով մերժում է հաշվետվողականության յուրաքանչյուր հնարավորություն:Ըստ էության, Լիբանանի ԶՈՒ-ի կողմից մարդու իրավունքների խախտումների հիմքում ընկած է իրավական դաշտի կատարյալ բացակայությունը:

Զինված ուժերի հետ կապված կարեւոր խնդիրն իր կողմից ներկայացված իրավապաշտպան կազմակերպության համար Ջ․ Ղալին համարում է այնպիսի մեխանիզմների ձեւավորումը, որոնք զինված ուժերի նկատմամբ հավատ կստեղծեն քաղաքացիների շրջանում, այլ ոչ թե՝ սոսկ հեղինակություն:  Իսկ ամենակարեւորը՝ մարդու իրավունքների պաշտպանությունը բանակի համար ներկայացնել որպես էական տարր  ահաբեկչության դեմ պայքարում․ «Լիբանանի զինված ուժերը պետք է առաջատար լինեն ահաբեկչության դեմ պայքարում», ֊ասում է Ջ․ Ղալին, ֊ «Սակայն, շեշտը դրվում է ռազմականացման վրա, այլ ոչ թե մի գործընթացի, որը կներառեր համընդհանուր մոտեցում եւ պայքար խորքային պատճառների դեմ»:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Լիբանանում զինված ուժերի վերաբերյալ տեղեկատվությունը խիստ սահմանափակված է եւ հասարակությունը շատ քիչ գործիքների է տիրապետում այս ոլորտում վերահսկողության համար: Տեղեկատվության աղբյուրներ գտնելն էլ է դժվար, սակայն, առավել դժվար է ստացած տեղեկատվությունն ստուգելը: Նույնիսկ ՄԱԿ-ն իր CAT զեկույցում ավելի շատ մտահոգություններ էր արտահայտում, քան հավաստի դեպքեր ներկայացնում: Հիմնական պատճառն ըստ Ջ․ Ղալիի այն է, որ խախտումներ կատարվում են հիմանականում հետախուզական մասնաճյուղի կողմից, ինչպես նաև այն, որ նման երևույթների նկատմամբ ներկայում լիբանանյան տարբեր հաստատությունների եւ միջազգային դերակատարների կողից հանդուրժողականություն դրսեւորելու միտում է նկատվում: Այլ խնդիրներ եւս կան, որոնք կապված են իրավիճակից դժգոհող մարդու իրավունքների պաշտպաններից եւ այլ ֆիզիկական անձանցից վրեժ լուծելու հետ (տես CLDH՝ Մարդու իրավունքների լիբանանյան կենտրոն ներխուժումը եւ Լայալը ձերբակալված (Լայալ ալ֊Խայաջը կրկին ձերբակալվել է այն բանից անմիջապես հետո, երբ տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ 2013թ․ իրեն ձերբակալելուց հետո ռազմական հետախուզության աշխատակիցներն իրեն խոշտանգել եւ բռնաբարել են))։
Լիբանանում եւս հնարավոր չէ մուտք գործել կալանավայրեր, ձերբակալվածների պահման վայրեր։ Դրանք փակ հաստատություններ են, եւ շատ կալանավորների համար խստիվ սահմանափակվում է արտաքին աշխարհի հետ շփումը։ Դատարանները շարունակում են մնալ այդ անհատների հետ շփում ունենալու միակ միջոցը․ մշտադիտարկման համար տեղեկատվություն ստանալու միակ աղբյուրը իրավաբաններն են կամ դատարանում կալանվածների տված ցուցմունքները:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Լիբանանում դատարանները ճնշողական համակարգի մեխանիզմի մի պտուտակն են, եւ անգամ դատարանում էլ անհնար է լինում արդարության վերականգնումը։ Ջորջ Ղալին որպես օրինակ է բերում Թարեկ Ռաբայի դեպքը, ով երկար ժամանակահատվածով կալանավորվել էր կամայականության արդյունքում։ Իրավաբանները դատարանին ներկայացրեցին բժշկական ապացույցներ, նաև Թարեկի ցուցմունքներն այն մասին, որ իրենից խոստովանությունները կորզվել են խոշտանգումների միջոցով: Դատարանն անտեսեց Ռաբայի գործով բժշկական ապացույցներն ու արհամարհեց նրա վկայությունը՝ անցնելով դատավճռին: Նման դեպքերն, ըստ Ղալիի, շատ են եւ արտացոլում են խոշտանգումների համակարգված պրակտիկան: Նման դեպքերում երկրի ներսում արդարության վերականգնման հնարավորությունները Ջ. Ղալին բավական ցածր է գնահատում եւ գտնում է, որ քաղաքացիական հասարակության ամենամեծ դաշնակիցը կարող է լինել միջազգային հանրությունը։ Լիբանանյան իրավապահները եւս, հիմնականում, ապավինում են օտարերկրյա կառավարությունների կողմից կարողությունների զարգացման եւ ֆինանսավորման վրա։

«Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի մոդել, որով աջակցությունն այս կամ այն պայմանով կլինի՝ կստիպի լիբանանյան բանակին երկարաժամկետ հեռանկարում մարդու իրավունքների պահպանման հարցում առավել բարենպաստ դիրքորոշում, գործելաոճ որդեգրել», ֊ ասում է Ջորջ Ղալին եւ նշում, որ այս կերպ որոշակի հաջողություն գրանցվել է ներքին անվտանգության ուժերի (ISF) դեպքում՝ նրանց ստիպելով ինստիտուցիոնալ հանձնառություն վերցնել խոշտանգումների դեմ պայքարի գործում:

Ինչպես Հայաստանի պարագայում՝ արտաքին թշնամիների դեմ պայքարի համատեքստում մարդու իրավունքների խախտումների վրա ավելի քիչ ուշադրություն է դարձվում, հասարակության շրջանում էլ՝ հիմնականում «ներողամիտ» վերաբերմունք կա այդ խախտումները կատարող պետական կառույցների նկատմամբ, այնպես էլ՝ Լիբանանում, հաշվի առնելով ներկայիս պայքարը ԻՊ֊ի դեմ, գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում իրավապաշտպանների ու քաղհասարակության պայքարը զինված ուժերի կողմից կատարվող բռնությունների դեմ:

usaԾրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Տեսակետները, կարծիքներն ու եզրակացությունները հեղինակներինն են եւ պարտադիր չէ, որ արտացոլեն Պետդեպարտամենտի դիրքորոշումները։
  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը