Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը չպետք է միայն ժողովրդավարությունների մտահոգությունը լինի

ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների մասին «Խաղաղության երկխոսության» հերթական հարցազրույցը Շվեցարիայի Ցյուրիխ քաղաքի Անվտանգության հետազոտությունների կենտրոնի (CSS) ավագ գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր Մարտին Զապֆեի հետ է։ Նա «Գլոբալ անվտանգություն» անունը կրող, միջազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերների շուրջ աշխատող գիտահետազոտողների խմբի ղեկավարն է, ծագումով գերմանացի՝ գերմանական բանակի պահեստազորի սպա։

 ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված ծրագրի շրջանակներում անցկացված հարցազրույցի թեման ռազմականացումն է (միլիտարիզացիան), դրա հետեւանքներն ու ազդեցությունը երկրի քաղաքական, հասարակական կյանքի, անվտանգության վրա։

Միջազգային փորձագետի կարծիքն իմանալու համար անդրադարձ է արվել նաեւ ՀՀ ԶՈՒ-ում առկա մտահոգիչ մի քանի հիմնախնդիրների՝ մարդու իրավունքների խախտման դեպքերին, մահվան ելքով միջադեպերին, ՊՆ կողմից ցանկացած տեղեկատվության տոտալ գաղտնագրմանը եւ այլն։

Ի՞նչ եք կարծում, որոնք են միլիտարիզացիային՝ ռազմականացմանը բնորոշ հատկանիշները։ Ո՞ր դեպքում կարելի է համոզված ասել, որ այս կամ այն երկիրը միլիտարիզացված է կամ նման միտումներ են նշմարվում։

Ռազմականացմանն, ըստ էության, բավականին դժվար է որևէ սահմանում տալ: Կարծում եմ, այն կարելի է դիտարկել որպես ռազմական արժեքների գերակշռում քաղաքացիական կյանքում։ Իսկ եթե ավելի պարզ, բավական է նկատել, թե արդյո՞ք ռազմական կարիերան կամ, առնվազն, զինվորական ծառայությունը դե ֆակտո հանդիսանում է հաջողության նախադրյալ քաղաքացիական կյանքում: Իսկ քաղաքականության ռազմականացումը ենթադրում է զինված ուժերի անհարկի կարևորում քաղաքական որոշումների ձևակերպման գործում, ինչպես նաև նրանց ազդեցությունը քաղաքացիական որոշումներ կայացնողների և հասարակության վրա` այս կամ այն հարցի շուրջ որոշումներ կայացնելու ընթացքում: Ոչ ռազմական քաղաքական հարցերը որպես բանակի համար էական հարցեր ընկալելն ու այդ հարցերում բանակի կողմից ասելիք ունենալու պնդումը նույնպես կարող է դիտվել որպես ռազմականացման տարբերակիչ առանձնահատկություններից մեկը:

Որո՞նք են միլիտարիզացման դրական կամ բացասական, վտանգավոր ասպեկտները, եթե այդպիսիք կան։

Ժողովրդավարական տեսանկյունից ռազմականացումն ինքնին որպես դրական երևույթ դիտվել չի կարող: Այնուամենայնիվ, այն կարող է կողմնակի ազդեցությունը լինել ինչ-ինչ քաղաքական կարիքների, ինչպես, օրինակ, պատերազմի ժամանակ ծնված ժողովրդավարության դեպքում, որն էր Իսրայելի պետության դեպքը՝ 1948 թվականին: Այս դեպքում, որոշ հանգամանքներ հաշվի առնելով, նման ռազմականացումը միգուցե չունենա հստակ բացասական հետևանքներ: Նորից անդրադառնանք Իսրայելին. հատկապես իր ձևավորման առաջին տասնամյակում ամբողջ հասարակությունն էր ռազմականացված և սերտաճած զինված ուժերին, իսկ քաղաքական վերնախավը տասնամյակներ շարունակ մասսայաբար ձևավորվում էր այն մարդկանցից, ովքեր ծառայել կամ նկատելի հաջողությունների էին հասել զինված ուժերում, այս ամենը, սակայն, առանց հարցականի տակ դնելու երկրի ժողովրդավարական բնույթը և բանակի ենթակայությունը քաղաքական և քաղաքացիական իշխանություններին: Այս տեսանկյունից ռազմականացված հասարակության առավելություն կարող է դիտվել ռազմական բարձր արդյունավետությունը, սակայն, թերեւս, դժվար կլինի վստահաբար պնդել, բայց քանի որ հասարակության մեծ մասը ծառայում է զինված ուժերում կամ գտնվում է պահեստազորում՝ այնուամենայնիվ միշտ պատրաստ է որոշ բաներ ստորադասել ուժեղ եւ մարտահրավերներին պատրաստ բանակ ունենալուն:

Ռազմականացման թերությունն, ինչպես պատմությունն է ցույց տվել, այն է, որ կարող է պոտենցիալ անառողջ լինել հասարակության մեջ հանրային քննարկումների, քաղաքական օրակարգի շուրջ որոշումների կայացման հարցում «կոշտ ուժային լուծումներից» զերծ մնալու և համաձայնության գալու համար, թե որ դեպքում կարելի է նախապատվությունը տալ ոչ թե բանակին, այլեւ այլ խնդիրների (օրինակ՝ տնտեսական կամ սոցիալական): Եթե երկիրն այս կերպ ռազմականացված է, ապա այս բանավեճը, մեղմ ասած, ամենայն հավանականությամբ կտուժի որոշակի անհավասարակշռությունից: Բանակն ընդամենը գործիք է պետության համար և, երկարաժամկետ տեսանկյունից, չպիտի որոշի, թե ինչ քաղաքականություն պետք է տվյալ պետությունը որդեգրի: Այնուամենայնիվ, սա հազվադեպ երևույթ չէ։

Ձեր կարծիքով, ո՞րն է ժողովրդավարական կառավարման եւ ժողովրդավարական հաստատությունների դերը ռազմականացման ոչ դրական դրսեւորումները կանխելու գործում։

Նախևառաջ, ինչպես դեռեւս 1950 թվականին Սամուել Ֆ. Հանթինգթոնն (հայտնի‌ ամերիկացի հասարակագետ և քաղաքագետ, «Քաղաքակրթությունների բախման» տեսության հեղինակը) է նշել, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը ոչ միայն ժողովրդավարությունների մտահոգությունը պետք է լինի, այլ ընդհակառակը. ոչ ժողովրդավար համակարգերը, շնորհիվ իրենց հատուկ շարունակական ոչ լեգիտիմության, շատ հաճախ հատկապես խոցելի են ռազմական անհնազանդության կամ անգամ հեղաշրջումների առումով:

Սակայն, դժվար է պատկերացնել կայուն, ժողովրդավար պետություն առանց գործուն քաղաքացիական-ռազմական հարաբերությունների: Մինչդեռ, այդ գործուն հարաբերությունների համար պարզապես չկա ինչ- որ համընդհանուր դեղատոմս, քանի որ այդ հարաբերությունների վրա ազդող նախադրյալներից շատերն իրենց բնույթով պատմական են, սոցիալական կամ մշակութային: Առնվազն անհնար է թվում այն, որ այնպիսի մի երկրում, որը մշտապես պատերազմական վիճակում է գտնվում, մշտական վտանգի տակ, կարող է հեշտորեն ստորադասվել զինված ուժերը քաղաքացիական առաջնորդությանը (եթե իհարկե կա իրական “քաղաքացիական” առաջնորդ, ոչ թե պարզապես մի նախկին գեներալ, ով դարձել է նախագահ, ինչպես, օրինակ, տեսնում ենք Եգիպտոսում): Գործուն քաղացիական-ռազմական հարաբերություններն ավելի հավանական են այն պետություններում, որտեղ պետությունն ու քաղաքացիական ուժերն ունեն շարունակական լեգիտիմություն, ինչը ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում, երբ զինված ուժերը գործում են պետությանն ու լեգիտիմ կառավարությանը ծառայելու համար՝ լինի դա թագավոր, ազնվականություն, ժողովրդավար կառավարություն, թե այդ ամենի խառնուրդը: Միևնույն ժամանակ հնարավոր չէ ստեղծել լեգիտիմություն զրոյից և հնարավոր չէ դրան հասնել պարզապես «լավ կառավարման» միջոցով:

Ոչ կայուն պետություններում զինված ուժերը վերափոխելու ջանքերը սկսվում են մեկ հիմնական քայլից`զինված ուժերը ավելի «ժողովրդավար» դարձնելուց, ասել է թե՝ «զինված ուժերը քաղաքակրթելուց» և, ինչպես Հանթինգթոնն է ասել, առանց անդրադառնալու այն հիմնարար հարցին՝ արդյո՞ք այդ ժողովրդավարությունը (իհարկե՝ նաեւ պետությունը), լեգիտիմ է ինքնիրեն, թե ոչ: Կարծես թե ավելի խոստումնալից, սակայն պակաս նորաձև և Zeitgeist֊ին (ժամանակի ոգուն) ոչ համահունչ են այն ջանքերը, որոնք նպատակ ունեն զինված ուժերը արհեստավարժ դարձնել (կրկին մեջբերեմ Հանթինգթոնին՝ «ռազմականացնել ռազմական ուժերը»): Դուրս բերել հրամանատարներին տնտեսությունից և քաղաքականությունից, սակայն ստեղծել մասնագետներ, լավ վարձատրվող մասնագետներ, որոնք կծառայեն պետությանը: Զինված ուժերում ժողովրդավար ինստիտուտները նախընտրելի են և կարող են առողջ ժողովրդավարության նշան հանդիսանալ, մինչդեռ նրանք պատմականորեն չեն հանդիսացել անհրաժեշտ պայման զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության համար:

Այլ կերպ ասած, զինված ուժերը պետությանը ենթարկելու գործընթացը պետք է սկսվի պետության մեջ բարեփոխումներից, ոչ միայն զինված ուժերում, ինչը մշտական կոնֆլիկտի և վտանգի առկայության դեպքում հատկապես դժվար է անել: Դժբախտաբար, խաղաղ ներքին գործընթացներով հասարակությունների ապառազմականացման հաջողված օրինակները շատ չեն:

Դուք տեղյա՞կ եք ձեր երկրում, զինված ուժերում մահվան ելքով դեպքերի մասին, մասնավորապես, նաեւ այն դեպքերի մասին, որոնք արդյունք են մարդու իրավունքների խախտումների։

Գերմանիայի խորհրդարանն ընտրվող ռազմական օմբուդսմենի միջոցով սերտորեն վերահսկում է գերմանական բունդեսվերը՝ զինված ուժերը: Ի դեպ, ռազմական օմբուդսմենի գրասենյակն արդյունավետ եւ գործուն է բանակի ներքին կարգուկանոնն ուշադրության կենտրոնում  պահելու համար, դրանով իսկ օգնում է խորհրդարանին կատարել գործադիրին վերահսկելու իր սահմանադրական լիազորությունը: Այլ հասուն ժողովրդավարություններ չունեն այս հաստատությունը, հետեւաբար, չկա պատճառահետեւանքային կապ օմբուդսմեն ունենալու և զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն իրականացնելու միջև:

Տարեկան հաշվետվություններում նշվում են զինվորների քաղաքացիական և մարդու իրավունքների հնարավոր խախտումները և դրանք դառնում են հանրային: Յուրաքանչյուր միջադեպ, որը հայտնի է դառնում և որը կարող է հանցանք պարունակել՝ ուսումնասիրվում է համապատասխան քաղաքացիական պաշտոնյաների կողմից:

Նշանակում է, տեղեկատվությունը զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների եւ մահվան դեպքերի վերաբերյալ հասանելի՞ է հանրությանը։ Արդյո՞ք պարտադիր է, որ մարդիկ իմանան դրանց մասին, ինչո՞ւ։

Այո, ե՛ւ զինված ուժերում, ե՛ւ ՊՆ հատուկ նշանակության ուժերում գրանցվող մահվան դեպքերը հաղորդվում են։ Ցանկացած միտում այդ տեղեկատվությունը գրաքննելու, հատկապես, եթե դա կարող է ընկալվել որպես հասարակությանը ապակողմնորոշելուն ուղղված քայլ, չի կարող համապատասխանել ժողովրդավարության արժեքներին: Երբեմն ռազմական գաղտնիքի պահպանման նպատակով այդ տեղեկությունը փոքր-֊ինչ ուշ է հաղորդվում հանրությանը, կամ որոշակի տեղեկատվություն քողարկվում է այդ նույն նպատակով, սակայն նման դեպքում անպայման լինում է ճեպազրույց ընտրված պատգամավորների հետ: Ընդհանուր զինվորական գրաքննություն չպետք է և չի կարող լինել:

Ո՞րը պետք է լինի ժողովրդավարական հաստատությունների դերը զինված ուժերում ՄԻ խախտումների եւ մահվան դեպքերի վերահսկողության գործում։

Այնպիսի բանակ, որտեղ մահվան դեպքերը (որքան հասկանում եմ՝ նկատի ունեք խաղաղ պայմաններում) չեն հաղորդվում կամ քննվում՝ միանշանակ չի կարող ընդունելի լինել: Սա պետք է արվի համապատասխան գործադիր մարմնի ու կառավարության միջոցով և պետք է վերահսկվի խորհրդարանի կողմից: Սա, պարզապես, «իշխանությունների տարանջատման» ժողովրդավարական տեսությունն է թելադրում:

Շատերին կարող է թվալ, որ ԶՈւ֊ում մարդու իրավունքների տխուր իրավիճակի մասին բարձրաձայնելը կամ ինչպես ընդունված է ասել` «բանակին դեմ գնալը» կարող է խարխլել երկրի անվտանգությունը։ Խնդրում եմ նկարագրել, թե, ընդհակառակը, ինչպես է ՄԻ «աղքատիկ» վիճակը խարխլում բանակի հիմքերը։

Ժողովրդավարության դեպքում զինվորները դրանք նույն քաղաքացիներն են: Ահա թե որքան պարզ է ամեն ինչ: Նրանք արժանի են, որ իրենց վերաբերվեն որպես քաղաքացու և չպետք է հանդուրժեն այլ վերաբերմունք, անգամ, եթե ծառայությունը կամ հատուկ գործողությունները ենթադրում են դժվարություններ ու զրկանքներ: Մի բանակ, որում կառուցվածքային կերպով խախտվում են իր քաղաքացի-զինվորների իրավունքները, վաղ թե ուշ կկորցնի լեգիտիմությունն ու, երկարաժամկետ հեռանկարում, կկորցնի նաեւ ռազմական արդյունավետությունը:

Զինված ուժերին ու պաշտպանությանը վերաբերող ո՞ր տեղեկատվությունն է Ձեր կողմից ներկայացվող երկրում ընդունված գաղտնի համարել։

Որպես կանոն, ցանկացած տեղեկատվությունը ժողովրդավար երկրում պետք է լինի հրապարակային, իսկ բացառություն պետք է արվի միայն էական պատճառների դեպքում: Բանակում, հասկանալի է, որ կան բազում պատճառներ տեղեկատվությունը գաղտնի համարելու համար: Կարելի է հետեւյալ կերպ ձևակերպել. գաղտնագրումը, որը միտված է քաղաքացիական հաստատություններին արդյունավետ վերահսկողություն իրականացնելու գործում սահմանափակելուն՝ ակնհայտորեն ոչ ժողովրդավարական է: Գերմանիան եւս պարբերաբար բախվում է նման հարցերի եւ, հիմնականում, լավ փոխզիջումներ է գտել, որոնք հնարավորություն են տալիս ժողովրդավարական վերահսկողություն իրականացնել՝ առանց վտանգելու ռազմական գործողությունները կամ կենսական ռազմական գաղտնիքները: Այս նուրբ սահմանի շուրջ պարբերաբար բանակցելը կարելի է համարել առողջ, ոչ ռազմականացված ժողովրդավարության նշան։

Հարցազրույցը՝ Վ. Անտոնյանի

usaՀարցազրույցն անցկացվել է «ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության իրեզեկման մեխանիզմներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:
Տեսակետները, կարծիքներն ու եզրակացությունները հեղինակներինն են եւ պարտադիր չէ, որ արտացոլեն Պետդեպարտամենտի դիրքորոշումները։
  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը