ԲԱՆԱԿՈՒՄ 2010 – 2015 Թ. ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Նյութը պատրաստվել է www.safesoldiers.am տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա:
Վերջին վեց տարվա ընթացքում ոչ մարտական իրավիճակներում զինծառայողների մահվան ելքով միջադեպերի 33%-ը տեղի է ունեցել դժբախտ պատահարների հետեւանքով:
2010-2015 թվականների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԼՂ պաշտպանության բանակում արձանագրված ոչ մարտական պայմաններում գրանցված 206 միջադեպից 67-ը դժբախտ պատահար է: Այս հաշվարկում ներառված չեն հայ-ադրբեջանական սահմանում եւ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան ելքով միջադեպերը:
Դժբախտ պատահարների վիճակագրությունը պատկերված է 1-ին ինֆոգրաֆակայում ըստ տարեթվերի:
Ինֆոգրաֆիկա 1. Դժբախտ պատահարների վիճակագրություն
Համեմատելով նույն ժամանակահատվածում գրանցված դժբախտ պատահարների եւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան ելքով միջադեպերի թիվը, երեւում է, որ մինչեւ 2014թ. զոհերի թիվը գրեթե հավասար է եղել, իսկ 2015-ին երկու պատճառներով էլ գրանցվել է զոհերի թվի աննախադեպ աճ (տես ինֆոգրաֆիկա 2.): Եթե հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհերի թվի աճը կարելի է բացատրել հայ-ադրբեջանական սահմանում եւ շփման գծում լարվածության աճով, ապա դժբախտ պատահարների թվի աճը որեւէ գործոնով պայնավորված չէ։
Ինֆոգրաֆիկա 2. 2010-2015 թթ. դժբախտ պատահարների եւ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահվան ելքով միջադեպերի վիճակագրության համեմատություն
Կախված բանակների ընդունված զորաբաժանման՝ 7-9 զինծառայողից բաղկացած մարտական ստորաբաժանումը կազմում է մեկ մարտական ջոկ: Երեք ջոկից բաղկացած ստորաբաժանումը մեկ դասակ է, իսկ մի քանի դասակը միավորվում են մեկ վաշտում: Մեկ վաշտում, այսպիսով, ծառայում է 70-100 զինծառայող: Առաջնորդվելով դասակարգման այս չափանիշերով՝ վերջին 6 տարվա ընթացքում հայկական բանակում դժբախտ պատահարներին զոհ է գնացել զինծառայողների շուրջ մեկ վաշտ (Տես ինֆոգրաֆիկա 3.):
Ինֆոգրաֆիկա 3. 2010-2015 թթ. ընթացքում հայկական բանակում դժբախտ պատահարների հետեւանքով զոհվել է զինծառայողների շուրջ մեկ վաշտ
4-րդ ինֆոգրաֆիկայում պատկերված են զինծառայողների մահվան պատճառ հանդիսացած դժբախտ պատահարներն ըստ տեսակի։
|
Քաղաքացիական կամ մարտական մեքենաների վթարները գերակշռում են զինծառայողների մահվան պատճառների շարքում (76%)։ Շատ դեպքերում վթարվել են ոչ թե զորամասին կցագրված տրանսպորտային միջոցները, այլ անձնական ավտոմեքենաները։ Պարզ չէ, թե արդյո՞ք այս դեպքերում մահացած զինծառայողները վթարի պահին կատարել են ծառայության հետ կապված առաջադրանք։ Զոհերի զգալի մասը ռազմական մարդատար տեխնիկայի վթարների հետեւանք է։ Հայտնի չէ, այդ վթարները ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման, թե՞ ռազմական տեխնիկայի անսարքության հետեւանք են։ Այս դեպքերի առթիվ տարվող քննության մանրամասների համար դիմել ենք ՀՀ քննչական կոմիտե։ Հավելյալ տվյալներ եւ պատասխանատվության ենթարկվածների վերաբերյալ տեղեկություն ստանալու դեպքում մենք կլրացնենք այս հոդվածը։
Ինֆոգրաֆիկա 4. 2010-2015 թթ. ընթացքում զինծառայողների մահվան պատճառ հանդիսացած դժբախտ պատահարներն՝ ըստ տեսակի
Կան նաեւ դասակարգման չենթարկվող դժբախտ պատահարներ, որոնք 15 տոկոս են կազմում. ջրահեղձում, բարձրությունից ընկնել, ձնահյուսք, եւ այլն։ Մահվան դեպքերի 6 տոկոսը տեղի են ունեցել ռազմական վարժանքների ընթացքում: Առանձին կատեգորիա են կազմում զինծառայողների էլեկտրահարումները (3%)։ Վերջին երկու պատճառներով մահվան դեպքերից մի մասի կապակցությամբ բավարար տեղեկատվություն չլինելու պատճառով դժվար է ասել, թե արդյո՞ք այստեղ դեր է խաղացել սպայական անձնակազմի կամ ծառայակիցների վերաբերմունքը կամ անփութությունը։
Տես ինֆոգրաֆիկաները Adobe PDF ֆայլի տեսքով (1.4 MB)
Ավելացվել է 12 September, 2016