Վարչական դատարանը մերժեց ՊՆ֊ին տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը
ՀՀ վարչական դատարանը, Կարեն Զարիկյանի նախագահությամբ, ս․ թ․ ապրիլի 18֊ին կայացած նիստում մերժեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ 1994-2014 թվականների ընթացքում զինված ուժերում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն (մասնավորապես՝ մահացածի անուն-ազգանունը, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը, զորամասի հրամանատարի անունը, ազգանունը և կոչումը, տուժողի մահվան պատճառը և համառոտ նկարագրություն դեպքի վերաբերյալ) տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
Վերոնշյալ տեղեկատվությունը տրամադրելու խնդրանքը ՊՆ կողմից մերժվելուց հետո կազմակերպությունը դատարան էր դիմել ՊՆ֊ին տեղեկատվությունը տրամադրել պարտավորեցնելու, նախարար Ս․ Օհանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջներով։
Դատարանի որոշմամբ՝ նշված հայցերի քննությունը ժամանակավորապես կասեցվել էր, քանի որ կախված էր այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 09/07/2015թ.-ի թիվ 9-Ն հրամանի հավելված 1-ի 42-րդ և 43-րդ կետերն (վերը նշված տեղեկությունները գաղտնագրող) անվավեր ճանաչելու կազմակերպության պահանջի դատական քննության արդյունքից։ ՀՀ դատական բոլոր ատյաններում վերջինիս մերժվելուց հետո գործը կասեցումից հանվեց եւ, ինչպես եւ սպասվում էր, նույնպես մերժվեց։
«Խաղաղության երկխոսության» կողմից գործն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Ավելացվել է 04 May, 2017