«ԽԵ» ՀԿ-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2017 Թ. ՀՈՒԼԻՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐ
Ներկայացնում ենք «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության հերթական հաշվետվությունը ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ: «ԽԵ»-ն խաղաղության կառուցման, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում գործող ոչ կառավարական կազմակերպություն է, որի գործունեության հիմնական ճյուղերից է զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների բացահայտումը, մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն հետամուտ լինելը, ԶՈՒ֊ում առկա խնդիրների շուրջ հանրային բանավեճի ծավալումը՝ դրանց լուծման առաջարկներ մշակելու եւ իշխանություններին ներկայացնելու միջոցով այդ հիմնախնդիրների լուծմանը նպաստելու նպատակով:
Սույն հաշվետվությունը ներառում է կազմակերպության ուսումնասիրությունները, այն դատական գործերը, որոնցում այս կամ այն կերպ ներգրավված է «Խաղաղության երկխոսությունը», ինչպես նաև դրանց ներկայիս կարգավիճակը։
Հաշվետվության թեմաներն են.
- ԶՈւ-ում մարդու իրավունքներին վերաբերող դրույթները ՀՀ ՄԻՊ ազգային ռազմավարության 2017-2019 թթ.-ի գործողությունների ծրագրում. ինչպե՞ս են նախորդ ռազմավարության շրջանակներում չիրականացված կամ թերի կատարված գործողություններն արտացոլված նորում
- Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, մտքի, խղճի և կրոնի ազատության վիճակը ՀՀ զինված ուժերում
- 2017 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին հայկական բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի վիճակագրությունը
- Զինծառայող Դավիթ Տերտերյանի մահվան գործի նախաքննության հետ կապված տեղեկություններ
- Զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի հետ կապված տեղեկություններ
- Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ
- Զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի հետ կապված տեղեկություններ
- Վարչական դատարանը մերժեց պաշտպանության նախարարին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին «ԽԵ» հկ-ի հայցը
ԶՈւ-ում մարդու իրավունքներին վերաբերող դրույթները ՀՀ ՄԻՊ ազգային ռազմավարության 2017-2019 թթ.-ի գործողությունների ծրագրում. ինչպե՞ս են նախորդ ռազմավարության շրջանակներում չիրականացված կամ թերի կատարված գործողություններն արտացոլված նորում
2017 թ.-ի մայիսի 4-ին ՀՀ կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին (ՄԻՊ 2017-2019թթ. ռազմավարություն) որոշում ընդունեց։ Որոշումը նաև անդրադառնում է ԶՈւ-ում մարդու իրավունքներին՝ ներառելով 7 կետ։ Այն է՝
- Մշակել մեխանիզմներ զորակոչիկներին իրենց բժշկական զննության եզրակացության ակտի պարտադիր տրամադրման համար (գործ. N-28),
- Սահմանել առողջական խնդիրների հիմքով վաղաժամկետ զորացրված անձանց փաստաթղթերի տրամադրման ողջամիտ ժամկետ (գործ. N-29),
- «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկան ներառել ռազմաուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում, ինչպես նաև ապահովել հեռաուսուցման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում դրա հասանելիությունը (գործ. N-30),
- Ապահովել զորակոչիկներին իրենց իրավունքների և դրանց պաշտպանության մասին տեղեկացնելու մեխանիզմներ՝ մշակելով ծանուցագրի հետ միաժամանակ զորակոչիկներին զորակոչից տարկետման, զինծառայությունից ազատման, բնակավայրին մոտ ծառայելու և այլ իրավունքները պարզաբանող հուշաթերթի տրամադրման կարգ (գործ. N-31),
- Ստեղծել մեխանիզմներ կայազորային մեկուսարաններում մշտադիտարկում իրականացնող դիտորդական խմբի գործունեության համար՝ հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները և միջազգային լավագույն փորձը (գործ. N-32),
- Հստակեցնել առանձին հիվանդությունների բնութագրերը/ հատկանիշները, որոնց առկայության դեպքում զինապարտը կարող է ձեռք բերել տարկետում (գործ. N-33),
- Ապահովել զորակոչիկի, զինծառայողի և նրանց հավասարեցված անձանց վերաբերյալ ընդունվող յուրաքանչյուր իրավական ակտի (տույժի և այլնի) վերաբերյալ պարտադիր ծանուցումը և օրինակի տրամադրումը զինծառայողին կամ նրա ընտանիքի անդամներին, ինչպես նաև մշակել դրանց բողոքարկման մեխանիզմներին ծանոթացնելու համակարգ (գործ. N-34):
Ուսումնասիրելով ՄԻՊ 2014-2016թթ. ռազմավարությունը, պարզ է դառնում, որ այստեղ ներառված որոշ գործողություններ այլեւս տեղ չեն գտել նոր ռազմավարությունում: Կարելի է եզրակացնել, որ որոշ գործողություններ հանվել են ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխության կամ արդիականությունը կորցնելու հետեւանքով: Սակայն, որոշ դեպքերում, գործողությունը հանելու տրամաբանությունն այնքան էլ հասկանալի չէ:
Օրինակ, ՄԻՊ 2014-2016թթ. ռազմավարության 35֊րդ` «Ուժեղացնել զինված ուժերում ոչ կանոնակարգային հարաբերությունների արգելման և վերացման համար ձեռնարկվող միջոցները և ապահովել ոչ կանոնակարգային հարաբերությունների և զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահվան բոլոր դեպքերի արագ, անաչառ և մանրամասն հետաքննություն» կետը որեւէ կերպ տեղ չի գտել նոր ռազմավարությունում: ՄԻՊ 2014-2016թթ. ռազմավարության շրջանակներում այս կետով մատնանշվող գործողությունների արդյունքում ակնկալվում էր զինված ուժերում արտականոնադրային հարաբերությունների վերացում, զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումների իրականացում, վերապատրաստումներ՝ ուղղված խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի մասին տեղեկացվածության բարձրացմանը: Հարկ է նշել, որ 2013թ.-ին ՀՀ ԶՈՒ֊ում մահվան ելքով միջադեպերի թիվը կազմել է 32, որից ոչ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվածների թիվը՝ 27։ 2014, 2015, 2016 թվականներին՝ համապատասխանաբար 46, 76, 162, որից ոչ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով՝ համապատասխանաբար 20, 37, 53։ Ըստ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի ռազմական փորձագետ Ռ. Մարտիրոսյանի, զինված ուժերում գրանցված մահվան ելքով միջադեպերի արդյունքում հարուցված գործերի քննության ընթացքում անաչառության եւ օբյեկտիվության մասին խոսելն ավելորդ է և, ինչպես կարելի է դատել մի շարք գործերի ընթացքից, որոնցում տուժողների իրավահաջորդների խնդրանքով ներգրավված է կազմակերպությունը (Մ. Մանուչարյանի, Դ. Տերտերյանի, Գ. Ավետիսյանի և Ս. Արամյանի, Հ. Համբարյանի գործերը, որոնց ընթացքի մասին պարբերաբար տեղեկացնում ենք), դրական փոփոխություններ չեն էլ սպասվում։
ՄԻՊ 2014-2016թթ. ռազմավարության 26֊րդ կետով սահմանվում է «Միջազգային փորձին համապատասխան օրենսդրորեն հստակեցնել տեղեկատվության դասակարգման չափանիշները (պետական, ծառայողական, առևտրային, անձնական գաղտնիք)» գործողությունը: Նոր ռազմավարությունում նման գործողություն չի նախատեսվում։ Պետք է նշել, սակայն, որ կազմակերպությունն այս ոլորտում արձանագրել է հետընթաց՝ պայմանավորված 2015թ. ընդունված պաշտպանության նախարարի թիվ 9-Ն հրամանով։ Ըստ դրա 17–րդ բաժնի 42 եւ 43 կետերի՝ այսուհետ գաղտնագրման ենթակա տեղեկություններ են համարվում`
42. Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները, ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի,
43. Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի ու պատահարների արդյունքում ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ անցկացված ծառայողական քննության նյութերը բացահայտող տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի։
Ըստ «ԽԵ»-ի՝ նախարարի թիվ 9-Ն հրամանով «ՀՀ ՊՆ համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկում» ներառված 42-րդ և 43-րդ կետերում նշված տեղեկությունները «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախատեսված դրույթով գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում ներառված չեն, չեն տեղավորվում օրենսդիրի կողմից սահմանված ձևակերպումների մեջ և չեն ապահովում օրենքի սույն դրույթների իրականացումը: Կազմակերպությունն այդ հրամանով հաստատված ցանկի 17-րդ բաժնի 42 եւ 43 կետերում նշված տեղեկությունների գաղտնագրման օրինականությունը վիճարկելու եւ այդ մասով հրամանն անվավեր ճանաչելու նպատակով, սպառելով բոլոր պետական ատյանները, հայցադիմումն ուղարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղից արդեն հավաստում է ստացվել, որ դատարանը քննության կառնի «Խաղաղության երկխոսության» հայցը:
Նախորդ ռազմավարության 115-րդ կետով նախատեսվում էր ստեղծել ռազմական օմբուդսմենի ինստիտուտ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումներին համապատասխան։ Չնայած այն բանին, որ Հայաստանում մարդու իրավունքների հիմնախնդրով զբաղվող մի շարք կազմակերպություններ և իրավապաշտպաններ շարունակաբար բարձրաձայնում են ռազմական օմբուդսմենի ինստիտուտի անհրաժեշտության մասին, այնուամենայնիվ, մինչ օրս ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրման մասին խոսք անգամ չկա։
ՄԻՊ 2017-2019 թվականների գործողությունների ծրագրում տեղ չեն գտել նաեւ նախորդ ռազմավարության մեջ ներառված 43 եւ 44 կետերը` «Խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի արգելքի վերաբերյալ իրավապահ մարմինների աշխատողների, զինծառայողների, ինչպես նաև համապատասխան բուժանձնակազմի շրջանում պարբերական դասընթացների կազմակերպում» եւ «Բացառել ժամկետային զինծառայողների ծառայությունը զինվորական դատախազությունում անցկացնելը»:
Ուսումնասիրելով նախորդ ռազմավարության «Զինծառայողների և զորակոչիկների իրավունքներ» բաժնում ներառված 4 կետերը՝ կարելի է նկատել մի քանի նմանություններ, մասնավորապես, նախորդ ռազմավարության 109 և նոր ընդունված ռազմավարության 28 կետերում խոսվում է նույն՝ բժշկական զննության եզրակացության ակտի տրամադրման մասին։ Եթե նախկին ռազմավարությամբ սահմանվում էր բժշկական զննության եզրակացության ակտի տրամադրման պարտադիր կարգը պահպանելն ու որպես արդյունք նշվում էր կարգի սահմանումը, ապա նոր ռազմավարության 28-րդ կետում խոսվում է պարտադիր տրամադրման մասին և, որպես վերստուգիչ չափանիշ, նշվում է. «Իրավական ակտի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն»։ Պետք է ենթադրել, որ մինչև 2018թ.-ի առաջին եռամսյակ պատրաստ կլինի իրավական ակտի նախագիծ, որը կսահմանի բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների կողմից զորակոչիկներին իրենց վերաբերող որոշումները, ինչպես նաև բժշկական հաստատությունների կողմից բժշկական զննության եզրակացության ակտերը պարտադիր տրամադրելու կարգը։
Նախորդ ռազմավարության 110-րդ եւ նորի 29-րդ կետերն առողջական խնդիրների հիմքով վաղաժամկետ զորացրված անձանց փաստաթղթերի տրամադրման մասին է. եթե 110-րդ կետում պաշտպանական գերատեսչության կողմից փաստաթղթերի տրամադրման 7-օրյա ժամկետ էր սահմանվում, ինչը պետք է ամրագրվեր իրավական ակտով, ապա 29-րդ կետում բոլոր փաստաթղթերի տրամադրման համար ողջամիտ ժամկետի սահմանման մասին է խոսք գնում միայն։ Վերջինի համար եւս իրավական ակտի նախագծի ներկայացման կարիք կլինի մինչև 2018թ.-ի առաջին եռամսյակ։ Կսահմանվի առողջական խնդիրների հիմքով վաղաժամկետ զորացրված անձանց փաստաթղթերի տրամադրման ողջամիտ ժամկետ, ընդորում, այդ փաստաթղթերում պետք է պատշաճ կերպով արտահայտված լինեն վաղաժամկետ զորացրման պատճառները։
Նախկին ռազմավարության 108 եւ նոր ռազմավարության 31 կետերը նույնպես փոխկապակցված են. երկուսում էլ խոսվում է զորակոչիկների իրավունքների ու դրանց պաշտպանության վերաբերյալ տեղեկացվածության մասին։ Պետք է նշել, որ 108 կետին վերաբերող գործողություն էր սահմանվել մինչև 2016թ.-ի երկրորդ կիսամյակ ՆԶՊ առարկայի շրջանակներում զինծառայողների իրավունքների և պարտականությունների, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ թեմաների և դասավանդման մեթոդիկայի վերանայումը։ ՊՆ-ից «ԽԵ»-ին տեղեկացրել են, որ նախատեսվում է նաև ռազմագիտության դասագրքի վերանայում, որի ավարտ է սահմանվել 2017թ.-ը։ Հարկ է նշել նաեւ, որ 2017թ.-ի սեպտեմբերից «ԽԵ»-ն սկսել է իրականացնել «Նախազորակոչային տարիքի երիտասարդների իրազեկում ԶՈւ-ում մարդու իրավունքների թեմայի շուրջ» ծրագիրն՝ ուղղված նախազորակոչային տարիքի երիտասարդների իրազեկության մակարդակի բարձրացմանը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։ Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունն ակնկալում է նաև ՊՆ-ի շահագրգիռ համագործակցությունը, քանի որ այն ուղղակիորեն առնչվում է ՄԻՊ 2017-2019թթ. ռազմավարության 31 կետում մատնանշված դրույթների հետ:
Հատկանշական է այն փաստը, որ ՄԻՊ 2017-2019թթ. ռազմավարության մեջ տեղ են գտել ռազմաուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկան ներառելու եւ կայազորային մեկուսարաններում մշտադիտարկում իրականացնող դիտորդական խմբի գործունեության մեխանիզմներ ստեղծելու հետ կապված դրույթները (գործ. 30 և 32)։ Այս դրույթները «Խաղաղության երկխոսություն» հկ-ն դեռ 2016թ.-ին առաջարկել էր ներառել ՄԻՊ 2017-2019թթ. ռազմավարության մեջ։ Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության ինտերնետային կայքում հրապարակված ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ.-ի ծրագրի նախագծի մշակման համար հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկություններ ուղարկելու վերաբերյալ հայտարարության՝ «Խաղաղության երկխոսությունը» հանդես էր եկել իր առաջարկներով, որոնցից մի քանիսն առնչվում էին հատկապես ԶՈՒ-ում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ իրազեկման եւ կայազորային մեկուսարաններում մշտադիտարկում իրականացնող դիտորդական խմբի գործունեության հետ կապված հարցերին։
Հետագա հաշվետվություններում կձգտենք առավել մանրամասն տեղեկություններ ներկայացնել ՄԻՊ 2017-2019թթ. ռազմավարությունում տեղ գտած դրույթների իրականացման վերաբերյալ։
Կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, մտքի, խղճի և կրոնի ազատության վիճակը ՀՀ զինված ուժերում
Նախորդ զեկույցում արդեն անդրադարձել ենք ՀՀ զինված ուժերում կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների, մտքի, խղճի և կրոնի ազատությանն առնչվող թեմաներին։ Վերջերս այս թեմային վերաբերող խնդիրները հաճախ են բարձրաձայնվում մարդու իրավունքների ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների կողմից. իրավապաշտպաններն անհանգստություն են արտահայտում ԶՈՒ-ում Հայ Առաքելական Եկեղեցու արտոնյալ լինելու փաստի վերաբերյալ։
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում խնդրի շուրջ իր դիքորոշումն արտահայտեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նա հայտարարեց, որ որեւէ խնդիր չի տեսնում, որ ՀՀ զինված ուժերում գործում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր ծառայությունը, որ Առաքելական Եկեղեցին շարունակելու է գործունեություն ծավալել զորամասերում։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից հնչեցված խնդիրներին առ այն, որ արձանագրվել են դեպքեր, երբ աթեիստներ կամ փոքրամասնություն կազմող կրոնական կազմակերպությունների անդամներ հանդիսացող զինվորներն ստիպված են եղել մասնակցել Առաքելական Եկեղեցու կրոնական ծեսերին կամ աղոթել, նախարարը խոստացավ ավելի մանրամասն ուսումնասիրել այդ դեպքերը, եթե իրավապաշտպանները պատրաստ են բացահայտել իրենց տեղեկատվություն տրամադրած աղբյուրներին։
Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում զինված ուժերում կրոնական գործունեության ծավալում, սակայն զինված ուժերում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացված լինելու կարեւորությունը հաճախ են շեշտում կառավարության ներկայացուցիչները եւ Ազգային ժողովի պատգամավորներ։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դիտարկմանը, որ դպրոցներում ու բանակում երեխաներին ու զինվորներին ստիպում են աղոթել, հաշվի չի առնվում, որ մարդը, գուցե, աթեիստ է, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն արձագանքել էր. «Լավ են անում, ճիշտ են անում, իրավունքների խախտում չի։ Ոչ պոռնկություն են քարոզում, ոչ էրոտիկա։ Շատ ճիշտ ա, որ բանակում աղոթքով են սկսում, հըլը պիտի պառլամենտում էլ, ամեն տեղ էլ պետք է ունենանք մեր հոգեւոր զարթոնքը: Եկեղեցու ժամերը պետք է ավելացվեն»։
ՀՀ իշխող կուսակցության մամուլի խոսնակի և ՀՀ ԱԺ-ի նախագահի տեղակալի խոսքերից կարելի է ենթադրել, որ ՀՀ ԶՈւ-ում ստիպում են զինծառայողներին աղոթել՝ անկախ կրոնական այս կամ այն ուղղությանը հարելուց կամ չհարելուց, որ դրա մասին տեղյակ են ՀՀ իշխանությունները և դա կատարվում է հենց նրանց թողտվությամբ կամ հրահանգով։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության տվյալներով, ՀՀ կառավարության որոշումներով 1998 թ.-ից մինչեւ 2017 թ. հուլիսի 31-ը 917 հոգեւորական ստացել է տարկետում պարտադիր զինվորական ծառայությունից, եւս 188-ն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:
Այժմ իրավապաշտպաններն անհանգստացած են նաեւ, որ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ նման «հատուկ» վերբերմունքի պարագայում «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումներով», ըստ որոնց կառավարությունը կարող է իր իսկ որոշմամբ ազատել կամ տարկետում տրամադրել զինապարտներին, կառավարությունը կշարունակի հովանավորել ՀԱԵ հոգեւոր սպասավորներին՝ ազատելով նրանց երկրի անվտանգությունն ապահովելու պարտականությունից:
2017 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին հայկական բանակում տեղի ունեցած մահվան դեպքերի վիճակագրությունը
ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում գրանցված մահվան ելքով դեպքերի շարունակական մոնիտորինգ իրականացնելու շնորհիվ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը հայտնի է դարձել 2017թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին գրանցված մահվան ելքով եւս 10 միջադեպի մասին։ Տարվա սկզբից, ընդհանուր առմամբ, զինվորների մահվան 45 դեպքի է գրանցվել, որից 19-ը տեղի է ունեցել ՀՀ, 26-ը՝ ԼՂ տարածքում։
Դրանցից 4֊ը սպանության, 8֊ը՝ ինքնասպանության դեպք է, 20-ը հրադադարի ռեժիմի խախտման, 5-ը՝ դժբախտ պատահարների, երկուական դեպք՝ անփութության, առողջական խնդիրների եւ անվտանգության կանոնների խախտման արդյունք է, եւս երկու դեպքում զինծառայողների մահվան պատճառն առայժմ պարզ չէ։
Զինծառայող Դավիթ Տերտերյանի մահվան գործի նախաքննության հետ կապված տեղեկություններ
2016թ. փետրվարի 18-ին զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահեի Տերտերյանի մարմինը՝ գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով: Մահվան պաշտոնական վարկածն ինքնասպանությունն է։ Քր.գործի որոշման մեջ ասվում է, որ Դավիթ Տերտերյանը, կատարելով արթուն հերթափոխի պարտականությունները, ժամը 13։10-ի սահմաններում, գտնվելով դիտակետում, կրակոց է արձակել իր վրա վրա ճակատի շրջանում և ինքնասպան է եղել։ Այս վարկածի հետ համաձայն չեն տուժողի իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռ. Մարտիրոսյանը։
18.04.2017թ.-ին առաջին կայազորային ՔԲ-ի պետի տեղակալ Ս. Բաղդասարյանը քր. գործը կարճեց հանցադեպի բացակայության հիմքով։ Տուժող կողմը բողոքարկել է այս վճիռը։
08.06.2017թ.-ին առաջին կայազորի զինդատախազ Ն. Գաբրիելյանը որոշում կայացրեց, որով մերժեց տուժող կողմի բողոքը՝ որոշելով, որ քր. գործը կարճվել է օրինական կերպով և կարճման որոշումը վերացնելու հիմքեր չկան։
Իսկ 21.06.2017թ.-ին ՀՀ զին. դատախազ Վ. Հարությունյանը կայացրեց մեկ այլ որոշում, որով բավարարեց տուժողի միջնորդությունն ու վերացրեց գործի կարճման վերաբերյալ քննիչի ապօրինի որոշումը՝ նշելով, որ քր. գործը կարճելով վարույթ իրականացնող մարմինը կայացրել է ոչ օրինական և չպատճառաբանված որոշում։
Տուժող կողմի բողոքի բավարարման հիմքում ընկած էր այն, որ նախաքննական մարմինը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել մի շարք փաստական հանգամանքեր՝ չիրականացնելով օրենքով նախատեսված իր դրական պարտականությունները։ Պետք է նշել, որ այս հանգամանքների իրավական գնահատականը կարող էր փոխել քննչական բաժնի կողմից առաջ քաշված ինքնասպանության վարկածը։
Ցավոք, գործը կարճումից հանելով, զինդատախազը ոչ միայն չի պատժել իր ենթականերին ոչ օրինական գործողություններ կատարելու համար, այլև լրացուցիչ նախաքննությունը կրկին հանձնարարել է նույն կայազորային բաժնին։
Ելնելով վերոհիշյալից՝ տուժող կողմը բացարկ է հայտնել առաջին կայազորային բաժնին, նշված բաժինը հսկող առաջին կայազորի զինդատախազությանը եւ միջնորդել, որպեսզի գործով նախաքննությունը հանձնարարվի այլ քննչական մարմնի։
Զինծառայողներ Գրիգոր Ավետիսյանի եւ Սուրեն Արամյանի մահվան գործի հետ կապված տեղեկություններ
Ըստ նախաքննական մարմնի՝ ՀՀ ՊՆ Սևանի կայազորի Վարդենիսի ՌՈ բաժնի կողմից 2016թ.-ի ապրիլի 6-ին ՀՀ ՔԿ ՎՔԳՎ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժին տրված հեռախոսագրի համաձայն, 2016թ.-ի ապրիլի 5-ի, լույս 6-ի գիշերը, ժամը 02։30 – 03։00-ի սահմաններում, չպարզված հանգամանքներում ՀՀ ՊՆ 75937 զորամասի հրետանային կրակային դիրքում ՀՀ ՊՆ 28418 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանն ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետևանքով տեղում մահացել են, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայողներ Հակոբ Գևորգյանը և Արեգ Բաղդասարյանն ստացել են ստորին վերջույթների հրազենային վնասվածքներ։
Նույն օրը երեկոյան ՀՀ ՊՆ 28418 զ/մ-ի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Դավիթ Վլադիմիրի Դումիկյանը մեղայականով ներկայացել է ՀՀ ՊՆ Սևանի կայազորի Վարդենիսի ՌՈ բաժին և տվել ինքնախոստովանական ցուցմունքներ այն մասին, որ ինքն է սպանել համածառայակիցներ Գ. Ավետիսյանին և Ս. Արամյանին։ Իր այս ինքնախոստովանական ցուցմունքներից, սակայն, նա անմիջապես էլ հրաժարվել է եւ մինչ այժմ պնդում է, որ այն իրենից կորզվել է։
04.03.2017թ.-ին գործով քննիչ Ս. Սարգսյանը կայացրել է որոշում թիվ 90655516 քրեական գործից թիվ 90150217 քրեական գործն անջատելու մասին եւ 90655516 քրեական գործն ուղարկել դատարան։
Երկու ամիս անց՝ 03.05.2017թ.-ին, տուժող կողմին ներկայացվեց նշված որոշման պատճեն։ Ծանոթանալով որոշման հետ և այն քրեական գործի նյութերին զուգահեռ վերլուծության ենթարկելով, տուժող կողմը գտնում է, որ գործով կատարվել է կեղծ քննություն։ Կեղծ նախաքննության արդյունքում նախաքննական մարմինը մեղադրանք է ներկայացրել Դ. Դումիկյանին՝ իբր Գ. Ավետիսյանին սպանելու համար: Ելնելով վերոհիշյալից՝ տուժող կողմն անհրաժեշտ է համարում վերացնել քրեական գործից գործ անջատելու որոշումը և պահանջում դատարան ուղարկված թիվ 90655516 քրեական գործը վերադարձնել մեղադրողին՝ մի շարք պատաճառաբանություններով, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
- Տուժող կողմը համոզված է, որ Գ. Ավետիսյանի սպանությունից հետո նրա դին անհայտ հանցագործները տեղափոխել ու դրել են վրանի դիմաց։ Սա ակնհայտ է դառնում ինչպես դեպքի վայրի զննության արձանագրությունից, այնպես էլ՝ գործի նյութերից. ըստ դեպքի վայրի զննության արձանագրության՝ ո՛չ դիակի տակ, ո՛չ դիակի կողքին արյան հետքեր չեն հայտնաբերվել այն դեպքում, երբ, ըստ Գ. Ավետիսյանի դիակի փորձագիտական եզրակացության, ինչպես նաև դատաձգաբանական-դատաբժշկական համալիր փորձաքննության արդյունքների համաձայն, Գ. Ավետիսյանը կորցրել է մեծ քանակությամբ արյուն։ Արյան մի մասը՝ 1800մլ, հայտնաբերվել է կրծքավանդակի խոռոչում։ Գրեթե նույնքան արյուն էլ պետք է արտահոսած լիներ Գ. Ավետիսյանի մարմնից։ Ասվածի լրացուցիչ ապացույցներն են նաև դեպքի վայրի զննությանը զուգահեռ արված լուսանկարները։ Այն փաստը, որ Գ. Ավետիսյանը մեծ քանակությամբ արյուն է կորցրել և, որ դրա զգալի մասն արտահոսել է, ապացուցվում է քր. գործով կատարված վերջին՝ հագուստների փորձաքննությամբ։Այսպես, հետազոտելով Գ. Ավետիսյանի բաճկոնը, փորձագետը նշում է, որ բաճկոնի «ձախ առաջնային կեսի դարձերեսի վրա հայտնաբերել է 43,5×27 սմ մակերեսով, իսկ դիմերեսին՝ 40×24 սմ չափերի ներծծված արյուն, որը պատկանում է Գ. Ավետիսյանին։ Փորձագետը 67×41 սմ չափի ներծծված արյուն է հայտնաբերել նաև բաճկոնի աջ առաջնային կեսից սկսվող և բաճկոնի «հետին աջ ամբողջ հատվածը ընդգրկող» մասում։ Սակայն, ինչպես նշեցինք, ըստ դեպքի վայր զննության արձանագրության՝ ո՛չ դիակի տակ, ո՛չ դիակի կողքին արյան հետքեր չեն հայտնաբերվել։
- Համաձայն փորձագիտական եզրակացության, դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել է 4 պարկուճ՝ կրակված Սաշիկ Վիգենի Առաքելյանին ամրակցված ինքնաձիքից։ Նախաքննության ողջ ընթացքում քննիչները չեն պատասխանել այն հարցին, թե ինչպե՞ս է Ս. Առաքելյանի ինքնաձիգը հայտնվել դեպքի վայրում և ո՞վ է այդ ինքնաձիգից կրակել։ Ըստ դեպքի վայրի զննության արձանագրության, այդ զննության ժամանակ առգրավված թվով 22 պարկուճների՝ ըստ տեղակայման վայրի, դրանց փաթեթավորման համարների և թիվ փորձագիտական եզրակացության համատեղ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Սաշիկ Առաքելյանի ինքնաձիգից արձակված թվով 4 պարկուճները հայտնաբերվել են վրանի դիմաց և, տուժող կողմի համոզմամբ (ինչը հիմնավորված է նաև քր. գործի նյութերով), Գ. Ավետիսյանին սպանել են հենց այդ ինքնաձիգից արձակված կրակոցներով, սակայն նախաքննական մարմինը, գործից Գ. Ավետիսյանի սպանության մասն անջատելով ու դատարան ուղարկելով, այդպես էլ չի պարզել, թե ինչպե՞ս է ինքնաձիգը հայտնվել առաջին կրակակետում, ո՞վ է դրանից կրակոցներ արձակել. ըստ առաջին հրետանային մարտկոցի «Անվանացանկ» փաստաթղթի՝ Սաշիկ Առաքելյանը դեպքի պահին գտնվել է արձակուրդում, վերադարձել՝ դեպքից շուրջ 3 օր անց։
- Իր լրացուցիչ ցուցմունքում Ֆ. Հովհաննիսյանը հայտնում է, որ դեպքի երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Վարդգես Մարգարյանի ու Գրիգոր Ավետիսյանի միջև։ Դեպքին միջամտել է կապիտան Ռ. Հակոբյանը՝ պահանջելով, որ վեճը դադարեցնեն։ Դրանից հետո Վ. Մարգարյանը Գ. Ավետիսյանին սպառնացել է, որ հետո կխոսի Գ. Ավետիսյանի հետ։ Այս միջադեպի հետ կապված ընդհանրապես քննություն չի կատարվել, չեն հարցաքննվել հենակետի զինվորները, որոնք բոլորն այդ պահին եղել են դեպքի ականատեսը, չի հարցաքննվել կ-ն Ռ. Հակոբյանը, չի պարզվել, թե հետագայում ինչ ընթացք է ստացել Վ. Մարգարյանի և Գ. Ավետիսյանի վեճը, ինչը կարող էր սպանության պատճառներից մեկը հանդիսանալ։
- Դ. Դումիկյանի լրացուցիչ ցուցմունքի համաձայն՝ կեսգիշերից հետո տեղի է ունեցել 3 կոնֆլիկտ։ Առաջին կոնֆլիկտի ժամանակ Գ. Ավետիսյանն ու Ս. Արամյանը վիճում էին Հակոբ Գևորգյանի հետ։ Երկրորդ կոնֆլիկտի պատճառ է հանդիսացել այն, որ, ըստ Դումիկյանի, Գ. Ավետիսյանն այրել է Մամուդ Ավդալյանի ոտքը։ Դումիկյանը ցուցմունք է տվել նաև, որ Մ. Ավդալյանի և Գ. Ավետիսյանի միջև բախում է տեղի ունեցել նաեւ նախկինում՝ զորամասում։ Այս միջադեպերով հարցաքննվել են միայն շահագրգիռ կողմերը՝ Հ. Գևորգյանը և Մ. Ավդալյանը եւ ասել, որ նման բան տեղի չի ունեցել, չեն հարցաքննվել դեպքի բոլոր ականատեսները։
- Իր լրացուցիչ ցուցմունքում Մ. Ավդալյանը նշում է, որ դեպքից հետո կ-ն Ռ. Հակոբյանի թույլտվությամբ վրանից դուրս չի եկել, շրջանաձև պաշտպանությանը չի մասնակցել (ըստ գործի նյութերի՝ կապիտան Հակոբյանը կրակոցներն սկսելուց հետո հրամայել է անցնել շրջանաձև պաշտպանության), քանի որ վախենում էր մթությունից։ Վկան ցուցմունք է տալիս, որ դեպքից հետո իր ինքնաձիգից չի կրակել, որ ինքնաձիգը մշտապես գտնվել է նրա մոտ։ Սակայն, համաձայն «Զենք զինամթերքի հաշվառում կատարելու» արձանագրության՝ նրա ինքնաձիգի պահեստատուփից պակասում էր մեկ փամփուշտ։ Համաձայն փորձագիտական եզրակացության՝ նրա զենքից կրակոց է արձակվել, այսինքն վկա Մ. Ավդալյանը ստում է, սակայն քննիչն այս հակասության շուրջ ոչ մի քննություն չի կատարել, չի պարզել, թե երբ, որտեղ, ինչ հանգամաներում է Մ. Ավդալյանը կրակել կամ ո՞վ է կրակել նրա ինքնաձիգից։
- Իր ցուցմունքում Ֆ. Հովհաննիսյանը նշում է, որ շրջանաձև պաշտպանության ժամանակ չի կրակել, քանի որ գիտեր. ոչ մի դիվերսիոն խումբ իրենց կրակակետեր չէր ներխուժել։ Սակայն «Ինքնաձիգներ, ենթապայուսակներ ներկայացնելու մասին» արձանագրության մեջ նշվում է, որ քննիչի կողմից առգրավվել է Ֆ. Հովհաննիսյանի ինքնաձիգը և ենթապայուսակը, միաժամանակ արձանագրվել է, որ վերջինիս երկու պահեստատուփերից պակասում են մեկական փամփուշտներ։
Քրեական գործում առկա վերը նշված եւ մյուս հակասությունները տուժող կողմին ստիպում են, մեղմ ասած, թերահավատորեն վերաբերվել նախաքննության արդյունքներին, պահանջել դատարան ուղարկված թիվ 90655516 քրեական գործը վերադարձնել մեղադրողին:
Զինծառայող Մանուչար Մանուչարյանի մահվան գործի դատական քննության հետ կապված տեղեկություններ
Այս տարվա հուլիսի վերջին Մ. Մանուչարյանի գործով դատաքննությունն ավարտվեց և կողմերը անցան դատական ճառերի փուլին։ Մեղադրողը հայտարարեց, իբր վերջին՝ երկրորդ եզրակացությամբ փորձագետներն անփոփոխ են թողել գործով կայացրած նմանատիպ առաջին եզրակացության հետևությունները, այն է՝ Մ. Մանուչարյանն ինքնասպան է եղել, այսինքն, առկա է պատճառահետևանքային կապ Մանուչարի ինքնասպանության և գործով մեղադրվող ժամկետային զինծառայողների՝ Գաբոյանի եւ Ստեփանյանի գործողությունների միջև։ Ճառն ավարտելով՝ մեղադրողն առջարկեց ամբաստանյալ Գաբոյանին ազատազրկել 8, իսկ Ստեփանյանին՝ 7,5 տարի ժամկետով։
Իր ճառում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանն անդրադարձավ գործում առկա մի քանի կարևոր բացթողումներին։
- Դիտավորյալ սպանությունը որակվել է որպես ինքնասպանություն և մեղադրողի վարկածը հաստատելու համար գործով կատարվել է հանցավոր քննություն, այն է՝ ինչպես նախաքննական մարմնի համար առանցքային վկա հանդիսացող Լիբիկ Մկրտչյանից, այնպես էլ մի շարք այլ զինծառայողներից կորզվել են կեղծ ցուցմունքներ, ինչն ապացուցվել է դատաքննությամբ,
- մինչ Գաբոյանին և Ստեփանյանին մեղադրանք ներկայացնելը, նախաքննական մարմնի պատվերով երկու անգամ ՌՈ վարչություն է տարվել Մ. Մանուչարյանի Լիլիթ անունով նախկին դասընկերուհին։ Վերջինիս փորձել են ստիպել կեղծ ցուցմունք տալ այն մասին, իբր Մ. Մանուչարյանը սիրել է իրեն և, իմանալով, որ Լիլիթը ցանկանում է ամուսնանալ այլ տղայի հետ, ինքնասպանություն է գործել։ Սակայն, Լիլիթը, խիզախություն ցուցաբերելով, հրաժարվել է կեղծ բացատրություն ու ցուցմունքներ տալուց։ Այս մասին նա պատմել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին։ Այս մասին իր ցուցմունքում հայտնեց նաեւ Մ. Մանուչարյանի եղբայրը՝ Օ. Մանուչարյանը, ինչից հետո կողմերը միջնորդեցին Լիլիթին հրավիրել դատարան։ Դա, ըստ նրանց, պարզություն կմտցներ նախաքննական մարմնի գործողությունների՝ օրենքի շրջանակներում լինելու հարցում, սակայն դատարանն այս միջնորդությունը մերժեց,
- իրեղեն ապացույց ճանաչված Մ. Մանուչարյանի ինքնաձիգի վրա նրա մատնահետքերը չեն հայտնաբերվել, չնայած քննիչները ապացուցված են համարել, որ հենց այդ զենքով է նա ինքնասպանություն գործել։ Քննիչներն այս ուղղությամբ որևէ քննություն չեն կատարել, չեն փորձել պարզել, թե ով է զենքի վրայից ոչնչացրել մատնահետքերը,
- տուժող կողմի կարևորագույն ապացույցը դատաքննության առաջին իսկ օրից եղել է Մ. Մանուչարյանի տաբատի վրա հայտնաբերված 5մմ տրամագծով անցքը, որի շուրջ առկա է այրվածք։ Այս փաստն արդեն միանշանակ ապացույցն է այն բանի, որ կատարվածը սպանություն է, սակայն փորձագետը, զննելով Մ. Մանուչարյանի տաբատը, նշել է, որ իբր նման անցք չի հայտնաբերել։ Դատարանում տված նրա ցուցմունքի համաձայն՝ նա տաբատի զննություն չի կատարել։ Հանցագործության փաստն արդեն ակնհայտ է. փորձագետը տաբատը չի զննել, սակայն եզրակացության մեջ նշել է, իբր զննել է և նման վնասվածք չի հայտնաբերել։ Նշված փաստից հասկանալի է դառնում, որ Մ. Մանուչարյանի տաբատը փաստացի կամ ըստ էության փորձաքննության չի ենթարկվել։ Նշենք, որ տուժող կողմի բոլոր հաղորդումները հանցագործության մասին մնացել են անպատասխան։
Դատավոր Մկրտչյանը մերժեց նաեւ տաբատը փորձաքննության ուղարկելու տուժող կողմի միջնորդությունը։ Իր մերժման որոշման մեջ նախագահողը նշում է, որ այդ հակասությանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում վճիռ կայացնելիս։ Ըստ տուժողի իրավահաջորդների՝ դատավորի սույն որոշումը պարզապես անհեթեթություն է, քանի որ Ա. Մկրտչյանը փորձագետ չէ և խորհրդակցական սենյակում չի կարող պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում տաբատի վրա առկա վնասվածքը, մեխանիկակա՞ն է դա, թե՞ առաջացել է հրազենային կրակոցից։
Ռ. Մարտիրոսյանն իր ճառում հայտարարեց, որ տուժող կողմի համար ընդունելի կլինի միայն գործով երկու ամբաստանյալների համար արդարացման վճիռը, քանի որ նրանք ոչ մի հանցանք չեն կատարել։ Օգոստոսի 30-ին դատարանը կարդաց իր վճիռը, որին «ԽԵ»-ն կանդրադառնա հաջորդ զեկույցում։
Զինծառայող Հարություն Համբարյանի մահվան գործի հետ կապված տեղեկություններ
Ինչպես նշել էինք, Հ. Համբարյանի գործով դատարանը կայացրել էր երկու որոշում՝ հօգուտ տուժող կողմի և ապացուցված էր համարել, որ գործով կատարվել է միակողմանի և թերի քննություն։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանը գտնում է, որ այդ որոշումները պետք է հիմք լինեին, որպեսզի կարճումից հանելուց հետո նշված քննությունն իրականացնողներին և գործը հսկող դատախազ Աղաբեկյանին չհանձնարարվեր կրկին այս գործով զբաղվել։
Իրավիճակում, երբ գործը կրկին հանձնվեց նույն քննչական խմբին, որն, ինչպես նշեցինք, կատարել էր թերի և միակողմանի քննություն, տուժող կողմին այլ բան չէր մնում, քան.
- բացարկ հայտնել նշված քննչական խմբին և գործը հսկող դատախազին, միջնորդել քննությունը հանձնել այլ քննչական մարմնի,
- միջնորդել գործով կատարել Հ. Համբարյանի հագուստի դատահետքաբանական փորձաքննություն, ինչն առ այսօր չի կատարվել՝ չնայած դա անհրաժեշտություն է. հագուստի դատաձգաբանական փորձաքննությամբ դրանց վրա հայտաբերվել էին մի շարք մեխանիկական վնասվածքներ, ինչը վկայում է սպանությունից առաջ Համբարյանի հանդեպ բռնության կիրառման մասին։ Անհրաժեշտ էր նախաքննության ընթացքում պարզել նշված մեխանիկական վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը , վաղեմությունը, ինչը ևս մեկ անգամ կասկածի տակ կդներ մեղադրողի կողմից առաջ քաշած ինքնասպանության վարկածը,
- տուժող կողմը միջնորդել էր նաև քրեական գործը վերաորակել քր. օրենսգրքի 104 հոդվածով՝ դիտավորյալ սպանություն. ինքնասպանության հոդվածով քննությամբ նախաքննական մարմինը մեղավոր անձ/անձինք չէր հայտնաբերել և գործը կարճել էր, այսինքն՝ ինքնասպանություն վարկածով քննությունն իրեն արդեն իսկ սպառել է։
Տուժող կողմի բոլոր միջնորդությունները նախաքննական մարմնի կողմից մերժվել են, գործով քննությունը շարունակվում է տուժողի իրավահաջորդների համոզմամբ անհեթեթ «ինքնասպանություն» վարկածով։
Վարչական դատարանը մերժեց պաշտպանության նախարարին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին «ԽԵ» հկ-ի հայցը
Ս.թ. հուլիսին, դատավոր Արմեն Դիլանյանի գլխավորությամբ, ՀՀ վարչական դատարանը մերժեց ՀՀ պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրի 189.7-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու մասին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հայցը։
Դեռ ապրիլին նույն դատարանը, Կարեն Զարիկյանի նախագահությամբ, մերժել էր կազմակերպության մյուս հայցն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ 1994-2014 թվականների ընթացքում զինված ուժերում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
Վերոնշյալ տեղեկությունները տրամադրելու խնդրանքը ՊՆ կողմից մերժվելուց հետո կազմակերպությունը դատարան էր դիմել ՊՆ-ին տեղեկատվությունը տրամադրել պարտավորեցնելու և նախարար Ս. Օհանյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջներով։
Դատարանի որոշմամբ` նշված հայցերի քննությունը ժամանակավորապես կասեցվել էր, քանի որ կախված էր Սեյրան Օհանյանի 09/07/2015թ.-ի թիվ 9-Ն հրամանի հավելված 1-ի 42-րդ և 43-րդ կետերն (վերը նշված տեղեկությունները գաղտնագրող) անվավեր ճանաչելու կազմակերպության պահանջի դատական քննության արդյունքից։ ՀՀ դատական բոլոր ատյաններում վերջինիս մերժվելուց հետո գործը կասեցումից հանվեց եւ, ինչպես եւ սպասվում էր, նույնպես մերժվեց։
Ներբեռնել pdf տարբերակով. «ԽԵ» ՀԿ-Ի ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (2017 Թ. ՀՈՒԼԻՍ-ՍԵՊՏԵՄԲԵՐ) (pdf, 292 Kb)
Ավելացվել է 24 October, 2017