2018թ.-ի առաջին եռամսյակում հայկական բանակում գրանցված մահվան դեպքերի վիճակագրություն

2018թ․֊ի առաջին եռամսյակի ընթացքում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը հայտնի է դարձել ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ -ում գրանցված մահվան ելքով 11 դեպքի մասին։ Երկու դեպք գրանցվել է ՀՀ, 9-ը՝ ԼՂ տարածքում։

Հաշվետու ժամանակամիջոցում սպանության եւ ինքնասպանության դեպքեր չեն արձանագրվել, 3-ը հրադադարի ռեժիմի խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարների, մեկական՝ առողջական խնդիրների եւ անվտանգության կանոնների խախտման արդյունք է։ Երկու դեպքում զինծառայողների մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ։ Ստորեւ ներկայացված են դեպքերն՝ ըստ մահվան պատճառի։

Հրադադարի ռեժիմի խախտում

Վաչե Չիլինգարյան (7 հունվարի, ԼՂ)

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հունվարի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Զոհված 19-ամյա զինծառայող Վաչե Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ էր։ Գյուղապետ Սուլիկո Շուշանյանն ասում է. «Հայտնել են, որ ընկերոջը խփել են, ինքը գնացել է օգնության, իրեն են խփել, հետո եւս մեկն էլ է գնացել օգնության իրեն էլ են խփել: Մեկ զոհ ունենք, երկու վիրավոր»:

Վիրավորների մասին տեղեկությունն armtimes.com-ը փորձել է ճշտել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, վերջինս, սակայն, հարցին չի պատասխանել: «Մեր տեղեկություններով, վիրավոր երկու զինծառայողները թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – հայտնում է լրատվականը:

Հայկ Քալանթարյան (7 փետրվարի, ԼՂ)

Գրիգոր Եղոյան (22 փետրվարի, ԼՂ)

 

Դժբախտ պատահար

Մհեր Զիրոյան (6 հունվարի, ԼՂ)

Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Վանիկի Զիրոյանը մահացել է հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, իր բնակարանի լոգարանում գազից թունավորվելու հետևանքով։

Ավագ լեյտենանտ Մհեր Զիրոյանը ծառայում էր Հադրութում: Արդեն 5 տարի է ՀՀ զինված ուժերի սպա էր, վաշտի հրամանատար, մասնակցել եւ վիրավորվել էր ապրիլյան պատերազմում։

Պարգեւ Սարիբեկյան (6 հունվարի, ՀՀ)

Ժամկետային զինծառայող, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 19-ամյա բնակիչ Պարգեւ Սարիբեկյանն Ամանորին արձակուրդ էր եկել, հունվարի 2-ին Հրազդանում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:

Կոտայքի Հրազդան քաղաքում հունվարի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա երիտասարդը, գիտակցության չգալով, հունվարի 6-ին մահացել է:

Էդգար Երեմյան (15 մարտի, ԼՂ)

Արմեն Հարությունյան (24 մարտի, ԼՂ)

Մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու հետեւանքով ծառի տապալման արդյունքում, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը:

 

Առողջական խնդիրներ

Հայկ Հակոբյան (8 փետրվարի, ԼՂ)

Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձեւ) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը։

 

Անվտանգության կանոններ

Հովսեփ Գրիգորյան (27 հունվարի, ԼՂ)

2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Նախնական տվյալներով՝ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

 

Եւս երկու զինծառայողի մահվան պատճառների մասին պաշտոնական հայտարարություն մինչ այժմ չի հնչել

Հարություն Խաչատրյան (16 հունվարի, ԼՂ)

Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ստեփան Ստեփանյան (12 փետրվարի, ԼՂ)

2018 թվականի փետրվարի 12-ին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող Ստեփան Սևակի Ստեփանյանը։ Նույն օրը՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառները։

Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող Ս. Ստեփանյանին 2018թ. փետրվարի 1-ից 10-ը հատկացվել է արձակուրդ, որը վերջինս անցկացրել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: 2018թ. փետրվարի 10-ին զինծառայողը հորեղբոր ուղեկցությամբ՝ վերջինիս ավտոմեքենայով,  Գառնի գյուղից ուղևորվել է Երևանի Հյուսիսային ավտոկայարան՝ Իջևան մեկնելու և զինծառայության վերադառնալու համար։ Ավտոկայարանի ճանապարհին՝ ժամը 12:30-ի սահմաններում, զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է, բայց մեկնելուց չի հրաժարվել։ Նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ս.Ստեփանյանը դիմել է զորամասի բուժկետ, ապա տեղափոխվել Իջևանի ԲԿ՝ բուժօգնության: Հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին՝ ժամը   07:30-ին, Ս. Ստեփանյանն անգիտակից վիճակում տեղափոխվել է ՊՆ ԿԿԶՀ, որտեղ փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ին, մահացել է:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ դիակի դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկները որպես մահվանը հանգեցրած ախտաբանական անմիջական վիճակ արձանագրել են՝ գլխուղեղի այտուց, ուղեղաբնի ներհրման համախտանիշով, իսկ որպես մահվան հիմնական պատճառ՝ «կոմա՝ անհայտ ծագման»:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փետրվարի 22-ին ՀՀ ՔԿ  ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Հ.Գ. Դեպքի մասին նախ բարձրաձայնել են լրատվամիջոցները, ՊՆ-ն զինվորի մահվան մասին հաղորդագրություն չի տարածել։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը