Սպանված զինվորի հարազատներն ու համագյուղացիները բողոքի ցույց կանցկացնեն ՀՀ վարչապետի նստավայրի մոտ
Մայիսի 6-ին զինծառայության ընթացքում զոհված Լեւոն Թորոսյանի համագյուղացիները եւ հարազատները որոշել են վաղը՝ մայիսի 12-ին, ժամը 11։00-ին բողոքի ցույց անել ՀՀ վարչապետի նստավայրի դիմաց։
2018 թվականի մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ 21127 զորամասի պահպանության տեղամասի «Հակոբասար» մարտական հենակետի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017թ. երկրորդ զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 90753018 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը։
Լևոն Թորոսյանի հայրը՝ Արսեն Թորոսյանը, մայիսի 7-ին միջնորդել է, որպեսզի իրավապաշտպան, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը գործով ներգրավվի որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ։ Նույն օրը, դատաբժշկական փորձագիտական կենտրոնում, ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատակիցները փորձեցին խոչընդոտել տուժող կողմի իրավունքների իրականացմանը, հայտարարեցին, որ չեն տրամադրի այն որոշման պատճեն, որի հիման վրա պետք է իրականացվեր դիահերձումը՝ պատճառաբանելով, որ Արսեն Թորոսյանը դեռևս տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել։ Տուժող կողմը հայտարարել է, որ այս դեպքում նշանակում է, որ թե՛ քննիչի որոշումը դիահերձման վերաբերյալ, թե՛ դիահերձումը ապօրինի քննչական գործողություններ են, քանզի օրենքով նախատեսված է, որ տուժողի հայրը և վերջինիս ներկայացուցիչը իրավունք ունեն մասնակցելու դիահերձմանը, սակայն այս պահին նրանք չունեն համապատասխանաբար տուժողի իրավահաջորդի և վերջինիս ներկայացուցչի կարգավիճակ։
Բարձրացած աղմուկից հետո միջամտել են ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները, ինչից հետո միայն ՀՀ քննչական կոմիտեն որոշել է բացառության կարգով գործել օրենքի սահմաններում և ճանաչել Արսեն Թորոսյանին տուժողի իրավահաջորդ, իսկ Ռուբեն Մարտիրոսյանին՝ նրա ներկայացուցիչ։ Փաստաթղթերի կազմումից անմիջապես հետո Ռ․ Մարտիրոսյանը մասնակցել է դիահերձմանը։
Ռուբեն Մարտիրոսյանը, մասնակցելով դիակի զննությանը, պարզել է, որ առկա է հրազենային վնասվածք, որի մուտքը կզակի տակից է, ելքը՝ գլխի գագաթային մասում։
Նշված հրազենային վնասվածքից բացի, զինվորի մարմնի վրա հայտնաբերվել են հետևյալ մարմնական վնասվածքները․
- արյունազեղում՝ զինվորի սեռական օրգանների շրջանում,
- աջ և ձախ ձեռքերի արմնկահոդային շրջանում քերծվածքներ, որոնք ունեն միևնույն չափսերը, միևնույն վաղեմությունը և կարելի է ասել, որ առաջացել են միևնույն պատճառով (սինխրոն, նույնանման վնասվածքներ են):
Ելնելով վերոնշալից, Ռուբեն Մարտիրոսյանը եկել է միանշանակ եզրակացության, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է. մինչ սպանություն կատարելը, մարդասպանները ուժեղ հարված են հասցրել զինվորի սեռական օրգաններին, որի հետևանքով զգացել է սուր ցավ, զրկվել է դիմադրություն ցույց տալու, պաշտպանվելու հնարավորությունից։ Դա տեղի է ունեցել մահվանից ոչ շատ առաջ, քանի որ արյունազեղված տեղամասերը ունեցել են վարդագույն կամ բաց կարմիր գույն։ Օգտվելով զինվորի անօգնական վիճակից, մարդասպանները բռնել են նրա ձեռքերից, այնուհետև հրազենային վնասվածք են հասցրել։
«Դատաբժիշկն առանց լրացուցիչ հետազոտության պատրաստ չէ ասել, ձեռքերին առկա քերծվածքները զինվորը ստացել է կենդանությա՞ն օրոք, թե՞ հետմահու։ Երկու դեպքում էլ, սակայն, հաստատվում է սպանության փաստը։ Եթե առաջացել են կենդանության օրոք, նշանակում է զինվորը փորձել է ձեռքերն ազատել և պաշտպանել իրեն, ինչի ժամանակ էլ, հողի հետ շփման արդյունքում, առաջացել են վերոնշյալ վնասվածքները։ Մինչև հետմահու վարկածը դիտարկելը, նշենք, որ գլխին ստացած հրազենային կրակոցից հետո, զինվորի մահը վրա է հասել անմիջապես։ Եթե դիտարկենք, որ քերծվածքները հետմահու են, ապա մարդասպանները դիակը տեղափոխել են այլ վայր՝ սպանությունը կոծկելու նպատակով, քանզի կրակոցից անմիջապես հետո մահը վրա է հասել և դիակը տեղափոխելու (օրինակ՝ առաջին օգնություն ցուցաբերելու համար) կարիք չկար», – հայտնեց Ռ. Մարտիրոսյանը։
Ելնելով վերոնշյալից, փորձագետը եկել է այն եզրակացության, որ նախաքննական մարմինը առաջին իսկ օրից միտումնավոր կերպով կատարում է կեղծ, միակողմանի քննություն։ Այդ իսկ պատճառով մայիսի 8-ին միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որով բացարկ է հայտնել ՀՀ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական կոմիտեի պետին և քննիչին, ինչպես նաև պահանջել քրեական գործը տեղափոխել այլ քննչական մարմնի վարույթ։
Լուսանկարը՝ Forrights.am-ից
Ավելացվել է 11 May, 2018