2018թ.-ի առաջին կիսամյակում հայկական բանակում գրանցված մահվան դեպքերի վիճակագրություն

2018թ․֊ի առաջին կիսամյակի ընթացքում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը հայտնի է դարձել ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ -ում գրանցված մահվան ելքով 24 դեպքի մասին։ Ութ դեպք գրանցվել է ՀՀ, 16-ը՝ ԼՂ տարածքում։

Հաշվետու ժամանակամիջոցում գրանցվել է երկու սպանության, 4 ինքնասպանության դեպք, հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում զոհվել է 5 , դժբախտ պատահարների արդյունքում՝ 7, երկու՝ առողջական խնդիրների, մեկ՝ անվտանգության կանոնների խախտման արդյունքում։ Երեք դեպքում զինծառայողների մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ։

Ստորեւ ներկայացված են դեպքերն՝ ըստ մահվան պատճառի։

Հիշեցնենք, որ պատճառները ներկայացվում են ըստ պաշտոնական հայտարարություններում նշված մահվան պատճառների, չնայած այս դեպքերից առնվազն մեկի՝ Լեւոն Թորոսյանի դեպքում, մեծ է հավանականությունը, որ իրական պատճառը չի համընկնում պաշտոնական վարկածում ներկայացվածի հետ։

Ի դեպ, ՀՀ ՊՆ-ն «Խաղաղության երկխոսության» հարցմանն ի պատասխան հայտնել է, որ այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված արձանագրվել է զինծառայողների մահվան ելքով ինը դեպք, այնինչ, ըստ ԽԵ տվյալների, նշված ժամանակահատվածում արձանագրվել է այդպիսի 11 դեպք։ Նշված հակասությունը կփորձենք պարզաբանել նոր հարցում ուղարկելով ՊՆ։

Սպանություն

Ալեք Կարապետյան (15 ապրիլի, ԼՂ)

Ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքն ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ զինծառայող Ալեք Կարապետյանը կրծքավանդակի աջ շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումն ստացել է  2018թ. ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում՝ ժամապահի պարտականությունները կատարելու ժամանակ։ Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ, հարցաքննվել մի շարք անձինք: Նախաքննությունը շարունակվում է:

 

Հովհաննես Մելքոնյան (22 հունիսի, ՀՀ)

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ հունիսի 22-ի ուշ երեկոյան, մարտական դիրքում արձակված կրակոցի հետևանքով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կրակոցն արձակվել է վաշտի հրամանատարի տեղակալի կողմից նույն վաշտի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված ինքնաձիգից։

ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, վաշտի հրամանատարի տեղակալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Ինքնասպանություն

Արթուր Գասպարյան (4 մայիսի, ՀՀ)

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանի մահվան հանգամանքները:

2018թ. մայիսի 4-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում բերանի խոռոչի շրջանում ստացած հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանը:

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Լեւոն Թորոսյան (6 մայիսի, ՀՀ)

Մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:

Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու վարկածով, դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

2018 թվականի մայիսի 6-ին ժամը 07։25-ի սահմաններում ՀՀ ՊՆ 21127 զորամասի «Հակոբասար» մարտական հենակետի տարածքում հայտնաբերվել է նույն հենակետի զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Վնասվածքի մուտքը կզակի տակից է, ելքը՝ գլխի գագաթային մասում։ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 90753018 քրեական գործը՝ ինքնասպանություն վարկածով։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը 07․05․18-ին, մասնակցելով դիակի զննությանը, պարզեց, որ նշված հրազենային վնասվածքից բացի, զինվորի մարմնի վրա հայտնաբերվել են հետևյալ մարմնական վնասվածքները․

  • Արյունազեղում՝ զինվորի սեռական օրգանների շրջանում
  • Քերծվածք աջ և ձախ ձեռքերի արմնկահոդային շրջանում, որոնք ունեն միևնույն չափսերը, միևնույն վաղեմությունը և կարելի է ասել, որ առաջացել են միևնույն պատճառով (սինխրոն, նույնանման վնասվածքներ են):

Ելնելով վերոնշալից, Ռուբեն Մարտիրոսյանը եկել է միանշանակ եզրակացության, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է. մինչ սպանություն կատարելը, մարդասպանները ուժեղ հարված են հասցրել զինվորի սեռական օրգաններին, որի հետևանքով զգացել է սուր ցավ, զրկվել է դիմադրություն ցույց տալու, պաշտպանվելու հնարավորությունից։ Դա տեղի է ունեցել մահվանից ոչ շատ ժամանակ առաջ, քանի որ արյունազեղված տեղամասերը ունեցել են վարդագույն կամ բաց կարմիր գույն։ Օգտվելով զինվորի անօգնական վիճակից, մարդասպանները բռնել են նրա ձեռքերից, այնուհետև հրազենային վնասվածք են հասցրել։ Այս պահին դատաբժիշկը առանց լրացուցիչ հետազոտության պատրաստ չէ ասել, թե ձեռքերին առկա քերծվածքները զինվորը ստացել է կենդանության օրոք, թե հետմահու։ Երկու դեպքում էլ հաստատվում է սպանության փաստը։ Եթե առաջացել են կենդանության օրոք, նշանակում է զինվորը փորձել է ձեռքերը ազատել և պաշտպանել իրեն, ինչի ժամանակ էլ հողի հետ շփման արդյունքում, առաջացել են վերոնշյալ վնասվածքները։ Մինչև հետմահու վարկածը դիտարկելը,նշենք, որ գլխին ստացած հրազենային կրակոցից հետո, զինվորի մահը վրա է հասել անմիջապես։Եթե դիտարկենք, որ քերծվածքները հետմահու են, ապա մարդասպանները դիակը տեղափոխել են այլ վայր՝ այն կոծկելու նպատակով, քանզի կրակոցից անմիջապես հետո մահը վրա է հասել և դիակը տեղափոխելու կարիք չկար։

Համլետ Գրիգորյան (20 մայիսի, ԼՂ)

Մայիսի 20-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը: ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները:

Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի, 2018թ. մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում ծնոտի ստորին / մուտքային/ և գլխի գագաթային /ելքային/ շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

Հմայակ Հակոբյան (26 մայիսի, ՀՀ)

Նախնական տվյալներով՝ մայիսի 26֊ին, ժամը 13-ի սահմաններում,  Երեւանում գտնվող զորամասի կապի վաշտի ննջարանում կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը: Հայտնաբերվել է նաեւ գրություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հրադադարի ռեժիմի խախտում

Վաչե Չիլինգարյան (7 հունվարի, ԼՂ)

Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ հունվարի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Զոհված 19-ամյա զինծառայող Վաչե Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ էր։ Գյուղապետ Սուլիկո Շուշանյանն ասում է. «Հայտնել են, որ ընկերոջը խփել են, ինքը գնացել է օգնության, իրեն են խփել, հետո եւս մեկն էլ է գնացել օգնության իրեն էլ են խփել: Մեկ զոհ ունենք, երկու վիրավոր»:

Վիրավորների մասին տեղեկությունն armtimes.com-ը փորձել է ճշտել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, վերջինս, սակայն, հարցին չի պատասխանել: «Մեր տեղեկություններով, վիրավոր երկու զինծառայողները թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – հայտնում է լրատվականը:

Հայկ Քալանթարյան (7 փետրվարի, ԼՂ)

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Քալանթարյանի սպանության դեպքի առթիվ։

2018 թվականի փետրվարի 07-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է:

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Գրիգոր Եղոյան (22 փետրվարի, ԼՂ)

Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Նա Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան գյուղի բնակիչ էր։ Գյուղապետ Արծրունի Իգիթյանը նշեց, որ Գրիգորը զորակոչվել էր 2016թ. հուլիսին, 5 ամսից պետք է զորացրվեր, տան կրտսեր զավակն էր. ունի քույր եւ եղբայր: Ընտանիքը Ռուսաստանի Դաշնությունում է, Գրիգորն եկել էր Հայաստան ծառայության մեկնելու համար:

Գրիգոր Եղոյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Նարեկ Հարությունյան (9 ապրիլի, ԼՂ)

Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Վահագն Էլոյան (10 հունիսի, ԼՂ)

Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դժբախտ պատահար

Մհեր Զիրոյան (6 հունվարի, ԼՂ)

Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Վանիկի Զիրոյանը մահացել է հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, իր բնակարանի լոգարանում գազից թունավորվելու հետևանքով։

Ավագ լեյտենանտ Մհեր Զիրոյանը ծառայում էր Հադրութում: Արդեն 5 տարի է ՀՀ զինված ուժերի սպա էր, վաշտի հրամանատար, մասնակցել եւ վիրավորվել էր ապրիլյան պատերազմում։

Պարգեւ Սարիբեկյան (6 հունվարի, ՀՀ)

Ժամկետային զինծառայող, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 19-ամյա բնակիչ Պարգեւ Սարիբեկյանն Ամանորին արձակուրդ էր եկել, հունվարի 2-ին Հրազդանում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:

Կոտայքի Հրազդան քաղաքում հունվարի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա երիտասարդը, գիտակցության չգալով, հունվարի 6-ին մահացել է:

Էդգար Երեմյան (15 մարտի, ԼՂ)

Արմեն Հարությունյան (24 մարտի, ԼՂ)

Ռուսլան Մանուկյան (17 ապրիլի, ԼՂ)

Նարեկ Ճաղարյան (29 մայիսի, ՀՀ)

Սուրեն Այվազյան (30 մայիսի, ԼՂ)

 

Առողջական խնդիրներ

Հայկ Հակոբյան (8 փետրվարի, ԼՂ)

Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձեւ) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը։

Արմեն Աթանեսյան (29 հունիսի, ԼՂ)

Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Անվտանգության կանոններ

Հովսեփ Գրիգորյան (27 հունվարի, ԼՂ)

2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Նախնական տվյալներով՝ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Եւս երեք զինծառայողի մահվան պատճառների մասին պաշտոնական հայտարարություն մինչ այժմ չի հնչել կամ պաշտոնական հայտարարությունից եւ այլ հրապարակումներից պարզ չեն մահվան հանգամանքները.

Հարություն Խաչատրյան (16 հունվարի, ԼՂ)

Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ստեփան Ստեփանյան (12 փետրվարի, ԼՂ)

2018 թվականի փետրվարի 12-ին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող Ստեփան Սևակի Ստեփանյանը։ Նույն օրը՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառները։

Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող Ս. Ստեփանյանին 2018թ. փետրվարի 1-ից 10-ը հատկացվել է արձակուրդ, որը վերջինս անցկացրել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: 2018թ. փետրվարի 10-ին զինծառայողը հորեղբոր ուղեկցությամբ՝ վերջինիս ավտոմեքենայով,  Գառնի գյուղից ուղևորվել է Երևանի Հյուսիսային ավտոկայարան՝ Իջևան մեկնելու և զինծառայության վերադառնալու համար։ Ավտոկայարանի ճանապարհին՝ ժամը 12:30-ի սահմաններում, զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է, բայց մեկնելուց չի հրաժարվել։ Նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ս.Ստեփանյանը դիմել է զորամասի բուժկետ, ապա տեղափոխվել Իջևանի ԲԿ՝ բուժօգնության: Հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին՝ ժամը   07:30-ին, Ս. Ստեփանյանն անգիտակից վիճակում տեղափոխվել է ՊՆ ԿԿԶՀ, որտեղ փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ին, մահացել է:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ դիակի դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկները որպես մահվանը հանգեցրած ախտաբանական անմիջական վիճակ արձանագրել են՝ գլխուղեղի այտուց, ուղեղաբնի ներհրման համախտանիշով, իսկ որպես մահվան հիմնական պատճառ՝ «կոմա՝ անհայտ ծագման»:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փետրվարի 22-ին ՀՀ ՔԿ  ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Հ.Գ. Դեպքի մասին նախ բարձրաձայնել են լրատվամիջոցները, ՊՆ-ն զինվորի մահվան մասին հաղորդագրություն չի տարածել։

Մարտին Խաչատրյան (22 մայիսի, ՀՀ)

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մահվան հանգամանքները:

2018թ. մայիսի 22-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, որովայնի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը