2018թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում մահվան դեպքերի վիճակագրություն

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության մշտադիտարկման արդյունքում 2018 թվականի 9 ամիսների ընթացքում հայտնի է դարձել ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում գրանցված մահվան ելքով 34 դեպքի մասին։ 13 դեպք գրանցվել է ՀՀ, 21-ը՝ ԼՂ տարածքում։

Հաշվետու ժամանակահատվածում հայտնի  դարձած 34  մահվան դեպքերից երկուսը սպանության, 7-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 11-ը՝ դժբախտ պատահարների,  6-ը՝ ինքնասպանության, երեքը՝ անվտանգության կանոնների խախտման, երկուսը՝ առողջական խնդիրների արդյունք է։ Նույն ժամանակամիջոցում գրանցված 3 մահվան դեպքի իրական պատճառներն անհայտ են դեռեւս։

Ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի այս տարվա մայիսին գրանցված մահվան գործով քննություն ընթանում է «ինքնասպանություն» վարկածով, սակայն «Խաղաղության երկխոսության» փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը համոզված է, որ տեղի ունեցածն սպանություն է։ Սպանության եւ ինքնասպանության մի քանի դեպքերում եւս ամեն ինչ չէ, որ «հարթ» է, ինչպես, օրինակ, կապիտան Հմայակ Հակոբյանի, Վանիկ Գեւորգյանի ինքնասպանության դեպքերում։

Մահվան դեպքերն ստորեւ, այնուամենայնիվ, ներկայացվում են ըստ պաշտոնական հաղորդագրություններում նշված մահվան պատճառների։

 

Սպանություն

Ալեք Կարապետյան (15 ապրիլի, ԼՂ)

Ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ալեք Նվերի Կարապետյանը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող Ալեք Նվերի Կարապետյանի մահացու հրազենային վնասվածքն ստանալու հանգամանքները. հարուցվել է քրեական գործ՝ սպանության դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ զինծառայող Ալեք Կարապետյանը կրծքավանդակի աջ շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումն ստացել է  2018թ. ապրիլի 15-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում՝ ժամապահի պարտականությունները կատարելու ժամանակ։  Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Հովհաննես Մելքոնյան (22 հունիսի, ՀՀ)

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ հունիսի 22-ի ուշ երեկոյան, մարտական դիրքում արձակված կրակոցի հետևանքով։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կրակոցն արձակվել է վաշտի հրամանատարի տեղակալի կողմից նույն վաշտի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված ինքնաձիգից։

ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, վաշտի հրամանատարի տեղակալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Հրադադարի ռեժիմի խախտում

Վաչե Չիլինգարյան (7 հունվարի, ԼՂ)

Հունվարի 7-ին, ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Զոհված 19-ամյա զինծառայող Վաչե Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ էր։ Գյուղապետ Սուլիկո Շուշանյանն ասում է. «Հայտնել են, որ ընկերոջը խփել են, ինքը գնացել է օգնության, իրեն են խփել, հետո եւս մեկն էլ է գնացել օգնության իրեն էլ են խփել: Մեկ զոհ ունենք, երկու վիրավոր»:

Վիրավորների մասին տեղեկությունն armtimes.com-ը փորձել է ճշտել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, վերջինս, սակայն, հարցին չի պատասխանել: «Մեր տեղեկություններով, վիրավոր երկու զինծառայողները թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – հայտնում է լրատվականը:

Հայկ Քալանթարյան (7 փետրվարի, ԼՂ)

2018 թվականի փետրվարի 07-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է:

Գրիգոր Եղոյան (22 փետրվարի, ԼՂ)

Փետրվարի 22-ին՝ ժամը 09:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Նա Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան գյուղի բնակիչ էր։ Զորակոչվել էր 2016թ. հուլիսին, 5 ամսից պետք է զորացրվեր, տան կրտսեր զավակն էր:

Հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Նարեկ Հարությունյան (9 ապրիլի, ԼՂ)

Ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:

Վահագն Էլոյան (10 հունիսի, ԼՂ)

Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը:

Հայկազ Մաթեւոսյան (19 սեպտեմբերի, ՀՀ)

19.09.2018թ՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը:

Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ. Մաթևոսյանը մահացել է:

Արցախ Հովսեփյան (22 սեպտեմբերի, ԼՂ)

22.09.2018թ.՝ ժամը 16:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով աջ այտի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արցախ Մհերի Հովսեփյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա. Հովսեփյանը մահացել է:

 

Դժբախտ պատահար

Պարգեւ Սարիբեկյան (2 հունվարի, ՀՀ)

Կոտայքի Հրազդան քաղաքում հունվարի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 19-ամյա երիտասարդը, գիտակցության չգալով, հունվարի 6-ին մահացել է:

Ժամկետային զինծառայող, Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 19-ամյա բնակիչ Պարգեւ Սարիբեկյանն Ամանորին արձակուրդ էր եկել, Հրազդանում իր վարած ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել ծառին:

Մհեր Զիրոյան (6 հունվարի, ԼՂ)

ԶՔԳՎ երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Մհեր Զիրոյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Նախնական տվյալներով՝ պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Մհեր Վանիկի Զիրոյանը մահացել է հունվարի 6-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, իր բնակարանի լոգարանում գազից թունավորվելու հետևանքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մհեր Զիրոյանի հորեղբորորդի Արթուր Զիրոյանը ասաց, որ դեպքի օրը դիրքերից է իջել. «Պոստերից իջել է, լողացել է, որ պետք է Հայաստան գար, էն էլ շմոլ գազից խեղդվել է: Ընկերների հետ է տանը եղել, դուռը բացել են, արդեն տեսել են, որ մահացած է»,- հայտնեց նա:

Ավագ լեյտենանտ Մհեր Զիրոյանը ծառայում էր Հադրութում: Արդեն 5 տարի է ՀՀ զինված ուժերի սպա էր, վաշտի հրամանատար, մասնակցել եւ վիրավորվել էր ապրիլյան պատերազմում։

 

Էդգար Երեմյան (15 մարտի, ԼՂ)

Մարտի 15-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Գևորգի Երեմյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ:

Արմեն Հարությունյան (24 մարտի, ԼՂ)

Մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու հետեւանքով ծառի տապալման արդյունքում, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Ռուսլան Մանուկյան (17 ապրիլի, ԼՂ)

Ապրիլի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նարեկ Ճաղարյան (29 մայիսի, ՀՀ)

Մայիսի 29-ին, ժամը 00։30-ի սահմաններում, 28-ամյա Նարեկ Ճաղարյանն իր վարած Opel մակնիշի 35 PQ 401 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ավտոճանապարհին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, մի քանի պտույտ գլխվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի եզրին։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Նախապատրաստված նյութերը հնարավոր է՝ փոխանցվեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն, քանի որ պարզվել է՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

Սուրեն Այվազյան (30 մայիսի, ԼՂ)

Մայիսի 30-ին` ժամը 22:20-ի սահմաններում,  ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Սուրեն Սուրենի Այվազյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արմեն Մինասյան (29 հուլիսի, ՀՀ)

Հուլիսի 29-ին,  ժամը 22։40-ի սահմաններում, Գորիս քաղաքի Երևանյան խճուղում բախվել են 41-ամյա Արման Պողոսյանի և 56-ամյա Վահիկ Բակունցի վարած ավտոմեքենաները։ Վ. Բակունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորը՝ 29-ամյա Արմեն Մինասյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Նա ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող։

Արմեն Հովակիմյան (5 օգոստոսի, ԼՂ)

Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, Ստեփանակերտի բնակիչ Արմեն Հովակիմյանը (1982 թ.) և Մարտակերտի բնակիչ Արամ Սարգսյանը (1975 թ.) ջրահեղձ են եղել «Խաչեն»-ի ջրամբարում լողալիս, տեղեկացնում են Արցախի ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Օգոստոսի 5-ին ժամը 17:25-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ասկերանի և Մարտակերտի ՇԱԻ բաժինների փրկարարները և ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման (ԱԱՀՍ) հերթապահ օպերատիվ խումբը: Փրկարարական աշխատանքների արդյունքում՝ «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա, փրկարարները հայտնաբերել և ջրից դուրս են հանել Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Սարգսյանի (1975 թ. ծնվ.) և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արմեն Հովակիմյանի (1982 թ. ծնվ.) դիերը:

Արտակ Գրիգորյան (9 օգոստոսի, ՀՀ)

Օգոստոսի 9-ին, ժամը 07:50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 32-ամյա Արտակ Գրիգորյանն իր վարած ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում, դեպի Վանաձոր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում: Ա. Գրիգորյանը տեղում մահացել է: Նա ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում՝ որպես ավտոտեխնիկական մասի պետ, կոչումով մայոր էր:

Վազգեն Խաչատրյան (3 սեպտեմբերի, ԼՂ)

Սեպտեմբերի 3-ին` ժամը 14:45-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Վազգեն Գագիկի Խաչատրյանը:

Ինքնասպանություն

Արթուր Գասպարյան (4 մայիսի, ՀՀ)

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանի մահվան հանգամանքները:

2018թ. մայիսի 4-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում բերանի խոռոչի շրջանում ստացած հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանը:

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

Լեւոն Թորոսյան (6 մայիսի, ՀՀ)

Մայիսի 6-ին, ժամը 07.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի (ծնված 1999թ., 2017-2 զորակոչ, Արմավիրի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային գնդակային վիրավորումով:

Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու վարկածով, դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

2018 թվականի մայիսի 6-ին ժամը 07։25-ի սահմաններում ՀՀ ՊՆ 21127 զորամասի «Հակոբասար» մարտական հենակետի տարածքում հայտնաբերվել է նույն հենակետի զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Վնասվածքի մուտքը կզակի տակից է, ելքը՝ գլխի գագաթային մասում։ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է թիվ 90753018 քրեական գործը՝ ինքնասպանություն վարկածով։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը 07․05․18-ին, մասնակցելով դիակի զննությանը, պարզեց, որ նշված հրազենային վնասվածքից բացի, զինվորի մարմնի վրա հայտնաբերվել են հետևյալ մարմնական վնասվածքները․

  • Արյունազեղում՝ զինվորի սեռական օրգանների շրջանում
  • Քերծվածք աջ և ձախ ձեռքերի արմնկահոդային շրջանում, որոնք ունեն միևնույն չափսերը, միևնույն վաղեմությունը և կարելի է ասել, որ առաջացել են միևնույն պատճառով (սինխրոն, նույնանման վնասվածքներ են):

Ելնելով վերոնշալից, Ռուբեն Մարտիրոսյանը եկել է միանշանակ եզրակացության, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է. մինչ սպանություն կատարելը, մարդասպանները ուժեղ հարված են հասցրել զինվորի սեռական օրգաններին, որի հետևանքով զգացել է սուր ցավ, զրկվել է դիմադրություն ցույց տալու, պաշտպանվելու հնարավորությունից։ Դա տեղի է ունեցել մահվանից ոչ շատ ժամանակ առաջ, քանի որ արյունազեղված տեղամասերը ունեցել են վարդագույն կամ բաց կարմիր գույն։ Օգտվելով զինվորի անօգնական վիճակից, մարդասպանները բռնել են նրա ձեռքերից, այնուհետև հրազենային վնասվածք են հասցրել։ Այս պահին դատաբժիշկը առանց լրացուցիչ հետազոտության պատրաստ չէ ասել, թե ձեռքերին առկա քերծվածքները զինվորը ստացել է կենդանության օրոք, թե հետմահու։ Երկու դեպքում էլ հաստատվում է սպանության փաստը։ Եթե առաջացել են կենդանության օրոք, նշանակում է զինվորը փորձել է ձեռքերը ազատել և պաշտպանել իրեն, ինչի ժամանակ էլ հողի հետ շփման արդյունքում, առաջացել են վերոնշյալ վնասվածքները։ Մինչև հետմահու վարկածը դիտարկելը,նշենք, որ գլխին ստացած հրազենային կրակոցից հետո, զինվորի մահը վրա է հասել անմիջապես։Եթե դիտարկենք, որ քերծվածքները հետմահու են, ապա մարդասպանները դիակը տեղափոխել են այլ վայր՝ այն կոծկելու նպատակով, քանզի կրակոցից անմիջապես հետո մահը վրա է հասել և դիակը տեղափոխելու կարիք չկար։

Համլետ Գրիգորյան (20 մայիսի, ԼՂ)

Մայիսի 20-ին ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը: ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները:

Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի, 2018թ. մայիսի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում ծնոտի ստորին /մուտքային/ և գլխի գագաթային /ելքային/ շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

Հմայակ Հակոբյան (26 մայիսի, ՀՀ)

Նախնական տվյալներով՝ մայիսի 26֊ին, ժամը 13-ի սահմաններում,  Երեւանում գտնվող զորամասի կապի վաշտի ննջարանում կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբի Հակոբյանը: Հայտնաբերվել է նաեւ գրություն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 Կարեն Հովհաննիսյան (29 օգոստոսի, ՀՀ)

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանի մահվան հանգամանքները:

2018թ.օգոստոսի 29-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հերթապահ մասում հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանը՝ կզակի և գլխի գագաթնային շրջանում մահացու հրազենային վիրավորումով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Վանիկ Գեւորգյան (2 սեպտեմբերի, ԼՂ)

Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացել է 1996թ. ծնված զինծառայող Վանիկ Արթուրի Գևորգյանը: Այս մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը։ Համաձայն պաշտոնական աղբյուրի՝ դեպքի հանգամանքները դեռևս պարզված չեն, նախնական վարկածն է՝  ինքնասպանություն։

22 տարեկան Վանիկ Գևորգյանը, որն արդեն մեկ տարուց ավելի ծառայում էր Արցախի բանակում, սպանվել է Արցախի «Արա լեռ» կոչվող զորամասերից մեկում, խորհրդավոր հանգամանքներում:

Զոհվածի ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Մարմինը հայտնաբերվել է սեպտեմբերի երկուսի երեկոյան, կիսաքանդ շինության ներսում: Երիտասարդի վզին պարան է եղել փաթաթած: Խեղդամահ եղածի համար բնորոշ վնասվածքներ են հայտնաբերվել պարանոցին: Նախաքննության մարմինը նախնական վարկած է առաջ քաշել՝ ինքնասպանություն կախվելու միջոցով: Սակայն կախվածի համար անբնական, տարօրինակ դիրքում  է եղել Վանիկի մարմինը՝ ոտքերը գետնին:

Անվտանգության կանոններ

Հովսեփ Գրիգորյան (27 հունվարի, ԼՂ)

Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2018թ. հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Նախնական տվյալներով՝ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամկետային զինծառայողը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ժորա Պետրոսյան (24 հուլիսի, ՀՀ)

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է  տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Ժորա Պետրոսյանի մահվան հանգամանքները։

Հուլիսի 24-ին կայազորային քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ 2018 թվականի հուլիսի 24-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության  տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Վահագի Պետրոսյանը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով` զենքի, ռազմամթերքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։ Կրակողը՝ Արմեն Ադամյանը, կալանավորված է:

Ծառայողական անփութության վարկածին Պետրոսյանները չեն հավատում և տպավորություն ունեն, որ զորամասի ղեկավարությունը ամեն ինչ անում է դիրքի ավագին պատասխանատվությունից փրկելու համար:

Աղասի Մկրտչյան (26 սեպտեմբերի, ԼՂ)

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը:

ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում  քրեական գործ է հարուցվել՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Աղասի Դերենիկի Մկրտչյանն ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է  նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու  ուղղությամբ։

Առողջական խնդիրներ

Հայկ Հակոբյան (8 փետրվարի, ԼՂ)

Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձեւ) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը, տեղեկացնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արմեն Աթանեսյան (29 հունիսի, ԼՂ)

Հունիսի 29-ին` ժամը 20:30-ի սահմաններում, հիվանդության (նախնական ախտորոշումը` լեղաքարային հիվանդություն, լյարդային անբավարարություն) հետևանքով մահացել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1973թ. ծնված Արմեն Շահմարի Աթանեսյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Այս տարվա ընթացքում գրանցված եւս երեք դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններից հնարավոր չի եղել պարզել մահվան պատճառներն ու հանգամանքները

Հարություն Խաչատրյան (16 հունվարի, ԼՂ)

Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ստեփան Ստեփանյան (12 փետրվարի, ՀՀ)

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ստեփան Սևակի Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ:

2018 թվականի փետրվարի 12-ին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող Ստեփան Սևակի Ստեփանյանը։ Նույն օրը՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառները։

Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող Ս. Ստեփանյանին 2018թ. փետրվարի 1-ից 10-ը հատկացվել է արձակուրդ, որը վերջինս անցկացրել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: 2018թ. փետրվարի 10-ին զինծառայողը հորեղբոր ուղեկցությամբ՝ վերջինիս ավտոմեքենայով,  Գառնի գյուղից ուղևորվել է Երևանի Հյուսիսային ավտոկայարան՝ Իջևան մեկնելու և զինծառայության վերադառնալու համար։ Ավտոկայարանի ճանապարհին՝ ժամը 12:30-ի սահմաններում, զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է, բայց մեկնելուց չի հրաժարվել։ Նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ս.Ստեփանյանը դիմել է զորամասի բուժկետ, ապա տեղափոխվել Իջևանի ԲԿ՝ բուժօգնության: Հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին՝ ժամը   07:30-ին, Ս. Ստեփանյանն անգիտակից վիճակում տեղափոխվել է ՊՆ ԿԿԶՀ, որտեղ փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ին, մահացել է:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ դիակի դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկները որպես մահվանը հանգեցրած ախտաբանական անմիջական վիճակ արձանագրել են՝ գլխուղեղի այտուց, ուղեղաբնի ներհրման համախտանիշով, իսկ որպես մահվան հիմնական պատճառ՝ «կոմա՝ անհայտ ծագման»:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փետրվարի 22-ին ՀՀ ՔԿ  ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Մարտին Խաչատրյան (22 մայիսի, ՀՀ)

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանի մահվան հանգամանքները:

2018թ. մայիսի 22-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, որովայնի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով, հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մարտին Գրիգորի Խաչատրյանը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը