Տուժող կողմն ստացավ Հ․ Համբարյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործով նշանակված համալիր դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության արդյունքները
2015 թվականի մայիսի 8-ին, ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:
Ինչպես արդեն հայտնել էինք, սույն գործով քննություն է կատարվում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:
Սույն թվականի նոյեմբերին ստացվել է Հ․ Համբարյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործով նշանակված համալիր դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության արդյունքները: Ըստ այդ փորձագիտական եզրակացության “Հետևություններ” վերտառությամբ բաժնի, քրեական գործի նյութերում առկա տեղեկությունների համակցությունը հիմք է տալիս եզրակացնելու, որ Դավիթ Հարությունյանի գործողությունների և Հարություն Համբարյանի մահվանը նախորդող ժամանակահատվածում վերջինիս ունեցած հոգեվիճակի միջև առկա է պատճառահետևանքային կապ։
Դատելով այս փորձաքննության արդյունքներից` Համբարյանի համածառայակից Դավիթ Հարությունյանին պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ քր․ օր․ 110 հոդվածի առաջին մասով՝ Հարությունին ինքնասպանության հասցնելու հիմքով։
Հիշեցնենք, որ նշանակված առաջին դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությամբ չի ապացուցվել Դավիթ Հարությունյանի գործողությունների և մահվանը նախորդող ժամանակահատվածում Հարություն Համբարյանի ունեցած հոգեվիճակի միջև առկա պատճառահետևանքային կապը։
Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ․ Մարտիրոսյանի՝ կատարվածն սպանություն է, քանի որ ըստ դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննությունների եզրակացությունների համատեղ վերլուծության, մահվանից առաջ առ այսօր մեզ անհայտ անձինք մարմնական վնասվածք են հասցրել Հ․ Համբարյանի գլխի շրջանում, ինչի արդյունքում նա փսխել է և, ամենայն հավանականությամբ, կրակոցի պահին եղել անգիտակից վիճակում։ Բացի այդ, փորձաքննությամբ հիմնավորվել էր, որ կրակոցը կատարվել է տվյալ զենքին բնորոշ լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններում (մինչև մեկ մետր հեռավորությունն է), ինչը նշանակում է, որ կրակոցն ընդհուպ չի եղել, այսինքն՝ կատարվածն սպանություն է:
Նշված փաստերի շուրջ որևէ քննություն չի կատարվել, ինչն արդեն ստվեր է նետում նախաքննական մարմնի անաչառության վրա։
Ավելացվել է 05 December, 2018