Զինծառայող Լևոն Թորոսյանի սպանության գործը քննող արդեն չորրորդ քննչական մարմինն ԱԱԾ-ն է
Մեր հրապարակումներում ներկայացրել ենք զինծառայող Լևոն Թորոսյանի մահվան գործի վերաբերյալ տեղեկություններ։ Հիշեցնենք, որ այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը ԽԵ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն է։
Ծանոթանալով քրեական գործի նյութերին` տուժող կողմը եկել է միանշանակ համոզման, որ նախաքննական մարմինը գործի քննության ընթացքում թույլ է տվել բազմաթիվ խախտումներ, գործի քննությունը տարել սխալ ուղղությամբ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա օգոստոսի 1-ին տուժող կողմը հաղորդում ներկայացրեց Լևոն Թորոսյանի մահվան դեպքով՝ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հոդվածով հարուցված քրեական գործով սպանությունը կոծկելու, զինվորներին կեղծ ցուցմունքներ տալուն հարկադրելու, իրեղեն ապացույցներ ոչնչացնելու և դրանց փոխարեն նոր, կեղծ իրեղեն ապացույցներ ներկայացնելու, այս ամենի արդյունքում՝ սպանությունը որպես ինքնասպանություն ներկայացնելու վերաբերյալ։
Օգոստոսի 24-ին ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ս․ Ավետիսյանը, Ռ․ Մարտիրոսյանի կողմից ներկայացված հիմնավորումները բավարար համարելով, հարուցեց նոր, թիվ 62227618 քրեական գործը։ Նոյեմբերին, սակայն, քննիչ Ավետիսյանը, չնայած տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի ներկայացրած հավաստի և բավարար ապացույցներին՝ քննիչների կողմից գործի քննության ընթացքում վկաներին ցուցմունքներ տալուն հարկադրելու, քրեական գործով ապացույցներ կեղծելու, հանցագործության կատարման դեպքի վայրը փոխելու և նախաքննական մարմնի կողմից կատարված այլ հանցագործությունների վերաբերյալ, քրեական գործով վարույթը կարճեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Նախաքննական մարմինը պարտավոր էր քրեական գործով կատարել Լ․ Թորոսյանի հագուստների դատահետքաբանական և դատաքիմիական-դատակենսաբանական փորձաքննություններ, որպեսզի պարզի Թորոսյանի հագուստի վրա մեխանիկական ներգործության մասին վկայող վնասվածքների, հետքերի առկայությունը, դրանց տեղակայվածությունը և տեսակը։ Նախաքննական մարմինը կարծես բավարարել էր այս փորձաքննությունը կատարելու տուժող կողմի միջնորդությունը, սակայն դրանք այդպես էլ չկատարվեցին։ Լ․ Թորոսյանի հագուստը դատահետքաբանական փորձաքննության ուղարկելու փոխարեն փորձաքննության ուղարկվեց միայն տաբատը։ Իսկ դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին որոշում առ այսօր չի կայացվել և տուժող կողմին չի ուղարկվել։ Վերոնշյալ փորձաքննությունների կատարումը միայն կհաստատեր տուժող կողմի առաջ քաշած վարկածը, որ Լ․ Թորոսյանին իրոք սպանել են մոր հետ բջջային հեռախոսով խոսելու պահին, ինչից հետո նրա դիակը տեղափոխել և տեղադրել են շուրջ հարյուր մետր հեռու՝ դիտակետի մոտ, հենել են գնդացրին և կատարվածը ներկայացրել որպես ինքնասպանություն։
Շուրջ ութ ամիսների ընթացքում, ինչ ընթանում է նախաքննությունը, քրեական գործը երկար ճանապարհ է անցել, ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնից մինչև ՔԿ ՀԿԳ վարչություն, այնտեղից էլ՝ ՀՔԾ։ Ներկայում գործը քննության է ուղարկվել չորրորդ քննչական մարմին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ Տուժող կողմը լիահույս է, որ գոնե այս մարմինն ի վերջո կբացահայտի սպանությունը և խիստ պատժի կենթարկվեն ոչ միայն մարդասպանները, այլ իրավապահ մարմինների այն աշխատակիցները, որոնք մինչ օրս ամեն ինչ արել են սպանությունը կոծկելու համար։ Նշենք նաև, որ դեռևս մայիսին տուժող կողմը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ միջնորդելով, որպեսզի քրեական գործը քննությունը շարունակելու նպատակով տեղափոխվի ԱԱԾ քննչական դեպարտամենտ, ինչը սակայն այն ժամանակ մերժվել էր՝ հավանաբար այն հիմքով, որ ԱԱԾ քննչական մարմինը քննում է միայն ՀՀ ազգային անվտանգությանն առնչվող գործերը։ Այն, որ այժմ վերոնշյալ միջնորդությունը բավարարվել է, անուղղակի վկայությունն է նրա, որ զինվորական սպանության գործերն իրենց ընդհանրության մեջ պետք է դիտել որպես ազգային անվտանգությանը սպառնացող լրջագույն խնդիր։
Ավելացվել է 14 December, 2018