Դատարանը պարտավորեցրեց նախաքննական մարմին նոր քննություն կատարել Արման Մուրադյանի մահվան գործով
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց դեռեւս 2013թ․-ին ժամկետային զինծառայության մեջ գտնվելու ընթացքում հրազենային վիրավորման զոհ դարձած Արման Մուրադյանի գործով տուժողի իրավահաջորդի բողոքը՝ պարտավորեցնելով նախաքննական մարմնին վերացնել քրեական գործի հարուցման մերժման մասին որոշումը և կատարել քննություն։
2013թ․-ի հուլիսի 30-ին ԼՂ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը։
Նախորդ տարվա վերջին նրա հայրը՝ տուժողի իրավահաջորդ հանդիսացող Հովսեփ Մուրադյանը, որդու մահվան գործով քննության ընթացքում իրավական աջակցության խնդրանքով դիմել էր «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը։
ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով («ինքնասպանության հասցնել») հատկանիշներով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրված գումարտակի հրամանատարի 42-ամյա տեղակալին՝ Էմիլ Ավետիսյանին։ Հարուցված քրեական գործի նախաքննությամբ և դատաքննությամբ հաստատվել է վերջինիս մեղքը։
Տուժող կողմը չի համաձայնել քննության արդյունքում կայացված դատական ակտերի հետ, դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում կարգադրությամբ ՀՀ զինվորական դատախազության կողմից կրկին անգամ ուսումնասիրվել են քրեական գործի նյութերը։ Արդյունքում պարզվել է, որ քննիչներ Դ․ Իգիթյանի և Ս․ Թամազյանի կողմից գործի նախաքննության ընթացքում թույլ են տրվել մի շարք խախտումներ։ Հիմնվելով դրա վրա՝ զինվորական դատախազությունը գրություն էր ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, միջնորդել քննիչների արարքներին տալ քրեաիրավական գնահատական և նյութեր նախապատրաստել։ 2018թ․ նոյեմբերի 18-ին, սակայն, ՀՔԾ քննիչ Ս. Ավետիսյանը որոշել էր մերժել քրեական գործ հարուցելու այդ միջնորդությունը։ Տուժող կողմը որոշումը բողոքարկեց ՀՀ գլխավոր դատախազին․ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետի որոշմամբ տուժող կողմի բողոքը եւս մերժվեց։
Այս տարվա հունվարի 10-ին տուժող կողմը քրեական գործի հարուցումը մերժելու մասին այդ որոշումը բողոքարկեց արդեն դատական կարգով։ Ըստ տուժող կողմի, զինվորական դատախազության կողմից ի հայտ բերված խախտումները գործում առկա խախտումների փաստերի մի փոքրիկ մասն են միայն։
Այսօր տուժող կողմի բողոքի քննությանը ներկա էր նաև քննիչ Ս. Ավետիսյանը, որը ներկայացրեց բողոքի վերաբերյալ իր տեսակետը, հակափաստարկներ բերեց։ Հատկանշական է, որ քննիչ Ավետիսյանը սեփական որակումներն էր տալիս քննիչների անօրինական գործողություններին․ ըստ նրա՝ Դ․ Իգիթյանն ու Ս․ Թամազյանը որևէ շահագրգռվածություն չեն ունեցել քրեական գործով միտումնավոր հանցագործություն կատարելու համար և ինչպես տուժող կողմի, այնպես էլ՝ հետագայում զինվորական դատախազության կողմից ներկայացված փաստերը վերագրեց նրանց անփութությանը։
Ի պատասխան, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ԽԵ փորձագետ Ռ. Մարտիրոսյանը ներկայացրեց իր առարկությունները։ Ըստ նրա, անհրաժեշտ էր, որ քննիչն ամբողջապես ուսումնասիրեր գործը՝ ծանոթանալով նաեւ տարիներ առաջ տուժող կողմի ներկայացրած բողոքին, որից բացահայտ է դառնում, որ նախաքննական մարմինը միտումնավոր կերպով դիտավորյալ սպանությունը որակել է որպես ինքնասպանություն, ինչի արդյունքում մարդասպանը/մարդասպանները մինչ այժմ խուսափել են պատժից։ Ռ․ Մարտիրոսյանը համաձայնեց քննիչ Ավետիսյանի հետ՝ նշելով, որ առանձին վերցրած դրվագներով քննություն կատարելիս հնարավոր չէ որոշել՝ կա՞ արդյոք քննիչների գործողություններում շահագրգռվածություն, թե ոչ։ Այդ դրվագներն առանձին-առանձին ուսումնասիրելիս հնարավոր չէր հայտնաբերել քննիչների գործողությունների և գործով ձեռք բերված կեղծ ապացույցների միջև պատաճառահետևանքային կապը։ Ոչ թե առանձին վերցրած դրվագներով, այլ միմիայն համակողմանի քննություն կատարելու դեպքում կարելի էր տեսնել ողջ պատկերը։
Լսելով տուժող կողմի հիմնավորումները և դրանք բավարար համարելով՝ դատարանը բավարարեց բողոքը, պարտավորեցրեց նախաքննական մարմնին վերացնել քրեական գործի հարուցման մերժման մասին որոշումը և կատարել քննություն։
Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռ. Մարտիրոսյանի, դատարանի այս որոշումը թույլ է տալիս դեռեւս հույս փայփայել, որ դատարաններն աստիճանաբար դուրս են գալիս դատախազության, քննչական կոմիտեի ոչ բարերար ազդեցությունից և փորձում գործել անկախ։
Ավելացվել է 14 February, 2019