Մանուչար Մանուչարյանի գործը՝ ՄԻԵԴ-ում

2013թ. հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ 24923 զորամասում մահացած (պաշտոնական վարկածն՝ ինքնասպանություն) Մանուչար Մերուժանի Մանուչարյանի եղբայրը՝ տուժողի իրավահաջորդ Օնիկ Մանուչարյանը, եղբոր մահվան գործով հայաստանյան դատական ատյանները սպառելուց հետո հայցադիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի պատրաստած հայցում նշվում է, որ ըստ դիմողի, պատասխանող կառավարությունը չի կատարել իր բացառիկ վերահսկողության ներքո տարածքում՝ զորամասում, Մ. Մանուչարյանի կյանքի պաշտպանության իր պարտավորությունը, այնուհետեւ՝ չի կատարել եղբոր մահվան փաստով արդյունավետ քննություն իրականացնելու իր պարտականությունը՝  մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»։

Հիշեցնենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը մի շարք խախտումներ էին հայտնաբերել գործի նախաքննության եւ դատաքննության փուլերում։ Մասնավորապես, փորձաքննությանը ներկայացված ԱԿՍ տեսակի թիվ 1119879 ինքնաձիգի, որով իբր ինքնասպանություն է գործել Մ. Մանուչարյանը, և ինքնաձիգին ամրացված պահունակի վրա հետագա համեմատական հետազոտություն և նույնացում կատարելու համար պիտանի մատնահետքեր չեն հայտնաբերվել։ Սա վկայում  է այն մասին, որ մատնահետքերը ոչնչացվել են միտումնավոր, չբացահայտված անձի կողմից։ Այս փաստի ուղղությամբ նույնպես որևէ քննություն չի կատարվել, իսկ դատարանները դրան որևէ գնահատական չեն տվել, քանի որ դա կհակասեր ինքնասպանության կեղծ վարկածին։

Վկաներ Ա․ Աբրահամյանի և Ա․ Սահակյանի դատարանում տված ցուցմունքներն այն մասին, որ իրենց նախաքննական ցուցմունքները իրականությանը չեն համապատասխանում և տրվել են հարկադրանքի ազդեցությամբ, պատշաճ գնահատականի չեն արժանացել դատարանների կողմից և հիմք են ընդունվել։

Մ․ Մանուչարյանի մարմնի վրա հայտնաբերված տարբեր վնասվածքների (հետմահու եւ մահվանից կարճ ժամանակ առաջ հասցված) վերաբերյալ նախաքննության մարմնի կողմից ոչ մի քննություն չի իրականացվել դրանց պատճառման հանգամանքները, պատճառող անձին/անձանց պարզելու ուղղությամբ, իսկ առաջին ատյանի դատարանը այս փաստին որևէ գնահատական չի տվել։

Մ. Մանուչարյանի տաբատի աջ ոտքի հետևի մասում առկա է հրազենային գնդակի վնասվածքին բնորոշ, 5մմ տրամագծով անցք (հագուստի զննության արձանագրությունից․ «Զինվորական տաբատի ձախ ոտքի ազդրի շրջանում մինչև ծունկ ներծծված է արնանման թանձր հեղուկով, աջ ոտքի հատվածում, աջ կողագրպանի վերին առջևի եզրից 3,5 սմ վեր առկա է կլորավուն՝  կիսալուսնաձև, 1,5×1սմ չափսի թելատված եզրերով անցք։ Աջ ոտքի հետնամասում՝ ծնկածալի հատվածում, առկա է արնանման ներծծված հետք 10×25սմ չափսերի, որի վերնամասում, կորավուն կարից 5սմ ցած առկա է 5մմ տրամագծով անցք, որի եզրերը այրվածքի հետքերով են»), սակայն դատաձգաբան փորձագետների եզրակացության եզրափակիչ («Հետևություններ») մասի համաձայն՝ Մ. Մանուչարյանի զինվորական անդրավարտիքի վրա  հրազենային բնույթի  վնասվածքներ չեն հայտնաբերվել։

2016թ. արդեն դատական նիստի ընթացքում զննության է ենթարկվել Մ.Մանուչարյանի զինվորական տաբատը, որի վրա առկա է եղել 2013թ.-ին հագուստի զննում կատարելու վերաբերյալ արձանագրության մեջ նկարագրված 5մմ տրամագծով, եզրերը այրվածքի հետքերով անցքը, սակայն դատական նիստին հարցաքննված դատաձգաբան-փորձագետ Ա.Համբարձումյանը հայտնել է, որ Մ. Մանուչարյանի հագուստի փորձաքննության ժամանակ տաբատի վրա հրազենային բնույթի վնասվածքներ իր կողմից չեն հայտնաբերվել։

Ելնելով փաստից, որ տաբատի այլ մասերում բացակայում է գնդակի ելքի անցքը, տուժող կողմը համոզմունք է հայտնել, որ գնդակը մնացել է Մ. Մանուչարյանի աջ ոտքի մեջ և արտաշիրմամբ է հնարավոր պարզել այդ հանգամանքը։ Դատարանի որոշմամբ, սակայն, մերժվել է թե՛ տաբատի կրկնակի դատաձգաբանական փորձաքննություն նշանակելու, թե՛ արտաշիրմում կատարելու վերաբերյալ միջնորդությունը։

Վերաքննիչ քրեական դատարանը 2018թ.-ին մերժել է դիմողի բողոքը՝ չանդրադառնալով վերաքննիչ բողոքում բերված փաստարկներին, սակայն նշելով, որ դրանք անհիմն են և հերքվել են գործով ձեռք բերված ապացույցներով, իսկ Վճռաբեկ դատարանն ընդհանրապես հրաժարվել է վարույթ ընդունել բողոքը։

Հ. Գ. Այս տարվա ապրիլի 3-ին տուժող կողմը ՄԻԵԴ-ից հաստատում ստացավ, որ դատարանի քարտուղարությունն ստացել է դիմումը եւ այն վարույթ է ընդունել։ «Դատարանը քննության կառնի տվյալ գործն առաջին իսկ հնարավորության դեպքում», – ասված է դատարանի քարտուղարի կողմից ուղարկված պատասխանում։

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը