2019թ.-ի առաջին եռամսյակում հայկական զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի վիճակագրություն

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունն, իրականացրած մշտադիտարկման արդյունքում, 2019թ. առաջին եռամսյակում ՀՀ ՊՆ-ում եւ ԼՂ ՊԲ-ում մահվան ելքով 13 դեպքի վերաբերյալ տեղեկություններ է հավաքագրել։ 8 դեպք գրանցվել է ՀՀ, 4-ը՝ ԼՂ տարածքում, եւս մեկ դեպքի վայրը կազմակերպությանը պարզել չի հաջողվել։

Հաշվետու ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահվան ելքով պատահարներ չեն գրանցվել։ Դեպքերից երեքն սպանություն է, մեկն՝ինքնասպանություն, վեցը դժբախտ պատահարների, երկուսն՝ առողջական խնդիրների, մեկն՝ անփութության հետեւանք է։

Հարկ է նշել, որ վերոնշյալ դեպքերից միայն 7-ի դեպքում են սկզբնաղբյուրը պաշտոնական կառույցները հանդիսացել։ Մնացած դեպքերում պատկան մարմիններից, եթե անգամ հայտարարություն եղել է, ապա միայն լրատվամիջոցների կողմից այս կամ այն դեպքը բացահայտվել, լուսաբանվելուց հետո։

Ստորեւ ներկայացված են դեպքերն՝ ըստ մահվան պատճառի։

 

Սպանություն

 

Մեսրոպ Գրիգորյան (11 փետրվարի, ՀՀ)

Զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող, սպա Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը՝ ծնված 18. 10. 1985թ.։

Նախնական տեղեկություններով՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Կ.-ն, ավագ լեյտենանտ Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն ամրակցված գնդացրից կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից ժամը 17:20-ին Մ.Գրիգորյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ըստ Կոտայքի զինկոմի տեղակալ, փոխգնդապետ Բաբկեն Կուրղինյանի՝ Գրիգորյանը տևական ժամանակ ծառայել է զինված ուժերում, ապա դադարեցրել ծառայությունը: 2018թ. հոկտեմբերին նա նոր պայմանագիր էր կնքել, շարունակել ծառայությունը ԶՈւ-ում:

 

Կարեն Կարապետյան (12 մարտի, ԼՂ)

2019թ. մարտի 12-ն՝ ժամը 06.50-ի սահմանում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արտակի Կարապետյանի` մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Կարապետյանի համածառայակիցը:

 

Արա Առաքելյան         (26 մարտի, ԼՂ)

 2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողների ծառայակիցը:

 

Ինքնասպանություն

 

Էդգար Գրիգորյան (1 հունվարի, ՀՀ)

 Tert.am-ի տեղեկություններով՝ ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէ:

Լրատվամիջոցի հարցմանը պաշտպանության նախարարությունից պատասխանել են.

«2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է»:

ՊՆ-ից առաջարկել են լրացուցիչ տեղեկությունների համար դիմել քրեական վարույթ իրականացնող մարմնին․ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի  110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

ՊՆ-ն չի պատասխանել հարցին, թե ինչու զինծառայողի մահվան մասին որևէ տեղեկություն չի հայտնել: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մարտի 5-ին իր ֆեյսբուքյան էջում պնդել է, որ ՀՀ ԶՈւ-երը ոչ մի կորստի դեպք չի թաքցրել և չի թաքցնելու, իսկ անդրադառնալով զինծառայողի մահվան դեպքին՝ նշել. «Էդ․ Գրիգորյանի մասին արդեն պարզաբանել ենք, որ եղել է որոշակի սխալ, սակայն դա օրինաչափություն չէ»։

 

 Դժբախտ պատահար

 

Գեւորգ Չոբանյան (1 հունվարի, ՀՀ)

 Պայմանագրային զինծառայող, սերժանտ Գեւորգ Չոբանյանը 01.01.2019թ., ժամը  21։30-ին, Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 141-րդ կմ-ի հատվածում, ազատ հերթափոխում գտնվելու ընթացքում, ավտոմեքենայով ենթարկվել է ավտովթարի, ինչի հետևանքով մահացել է:

 

Խորեն Գեւորգյան (13 հունվարի, ՀՀ)

 Հունվարի 13-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 374 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ Խորեն Գևորգյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 10 QA 045 համարանիշի և պարսկական համարանիշներով Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարը: Վթարի հետևանքով վարորդ Խ. Գևորգյանը տեղում մահացել է, իսկ 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն, մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

 

Արմեն Գրիգորյան (24 փետրվարի, ՀՀ)

 Փետրվարի 24-ին, ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում գտնվող Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է ընկել, որում դի կա: Մահացածը Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ, 31-ամյա Արմեն Գրիգորյանն էր, ով պայմանագրային զինծառայող էր:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում  քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի մահվան հանգամանքները:
2019թ. փետրվարի 24-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշ-Այգեպար ավտոճանապարհի 2.5 կմ հատվածի հարակից տարածքում գտնվող «Տավուշ» կոչվող ջրամբարից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի՝ ազատ հերթափոխում գտնվող պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի դին՝ «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ ջրահեղձ եղած վիճակում:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում  ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն  ապահովելու ուղղությամբ:

 

Դերենիկ Դանիելյան (10 մարտի, ՀՀ)

Մերուժան Հակոբյան (10 մարտի, ՀՀ)

 2019 թ. մարտի 10-ին Կոտայքի մարզում մեկ այլ անձի վարած ավտոմեքենայի՝ էլեկտրասյանը բախվելու հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Դերենիկ Դանիելյանը և Մերուժան Հակոբյանը։

 

Համլետ Ավագյան (12 մարտի, ՀՀ)

 Ըստ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի՝ մարտի 12–ին ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ժամկետային զինծառայող, բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը։ 19–ամյա զինծառայողը բանակ էր զորակոչվել 2018թ.–ի հուլիսին։

2019թ. մարտի 12-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից Հ.Ավագյանը մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

Սլավա Գեւորգյան (6 հունվարի, ԼՂ)

 Ենթասպա Սլավա Գեւորգյանը 06.01.2019թ. ընդունվել է Մարտակերտի քաղաքային հիվանդանոց ՝ հիպերտոնիկ կրիզ, սրտի իշեմիկ հիվանդություն, ստամոքսային խոց ախտորոշմամբ: Ժամը 11.50-ի սահմաններում գրանցվել է նրա կենսաբանական մահը:

 

Կարեն Լալայան (24 հունվարի)

24.01.2019թ. ժամը 23.15-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենայում գրանցվել է փոխգնդապետ Կարեն Լալայանի կենսաբանական մահը, ախտորոշումը՝ քաղցկեղ:

 

 Անփութություն, անգործություն 

 

Ֆրունզիկ Թամրազյան (12 փետրվարի)

 2019 թվականի փետրվարի 12-ին, Արցախի ՊԲ Մատաղիսում տեղակայված զորամասում: Մարտակերտի զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, Ալավերդի քաղաքի բնակիչ, Ֆրունզիկ Թամրազյանը նախնական` լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ:

ՊՆ-ն ժամանակին չի հայտնել այս դեպքի մասին։ Սա իբր մեկն է այն դեպքերից, որոնք, ըստ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարության, կապված չէ զինվորական ծառայության հետ, սակայն քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը Forrights.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է. «Քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Գործով մեղադրյալ չկա»։

Մահացածի հայրը՝ նախկին ազատամարտիկ Վալերի Թամրազյանը, վստահեցնում է, որ որդին առողջ էր և չէր կարող մահանալ մեկ օրում: Նա կասկածում է, որ նրան ժամանակին բուժօգնություն չեն տրամադրել, ինչը հանգեցրել է իր 19-ամա որդու մահվանը:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը