Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2020-2022թթ.-ի գործողությունների ծրագրի մշակման վերաբերյալ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության առաջարկները

Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության ինտերնետային կայքում հրապարակված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության դրույթներից բխող գործողությունների` 2020-2022 թթ.-ի ծրագրի մշակման համար շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից առաջարկություններ ուղարկելու վերաբերյալ հայտարարության` «Խաղաղության երկխոսություն» հկ-ն մշակել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման ուղղությամբ հետեւյալ առաջարկությունները:

  1. Ապահովել զորակոչիկի, զինծառայողի եւ նրանց հավասարեցված անձանց վերաբերյալ իրականացվող վարույթների և ընդունվող յուրաքանչյուր իրավական ակտի վերաբերյալ պարտադիր ծանուցումը եւ եռօրյա ժամկետում որոշումների օրինակի տրամադրումը սուբյեկտին կամ նրա կողմից լիազորված անձին, ինչպես նաեւ մշակել դրանց բողոքարկման մեխանիզմներ:

Այս գործողության ակնկալվող արդյունով հիմքեր կստեղծվեն զորակոչիկի, զինծառայողի եւ նրանց հավասարեցված անձանց վերաբերող որոշումների և իրականացվող վարույթների մասին նրանց պարտադիր իրազեկելու համար, ինչպես նաև մեխանիզմներ կգործեն նշված որոշումների բողոքարկման համար։ Օրինակ՝ իրավահարաբերությունների սուբյեկտներին իրենց վերաբերող որոշումների պատճեններն ընդունումից հետո եռօրյա ժամկետում տրամադրվում են պարտադիր կարգով:

2. Ապահովել ժամկետի ավարտով զորացրվող զինծառայողների պարտադիր բուժզննության անցկացումը:

Ակնկալվում է, որ կներդրվի զորացրվելուց առաջ պարտադիր բժշկական զննություն անցնելու համակարգ, ինչը հնարավորություն կտա ուսումնասիրել զինծառայությունն անցնելուց հետո զինծառայողի առողջական վիճակի փոփոխությունը՝ պետական միջոցների հաշվին բժշկական օգնություն ստանալու իրավունքից օգտվելու համար, անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժօգնություն կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնց առողջական վիճակի հետ կապված խնդիրները պատճառահետևանքային կապ ունեն զինծառայության հետ։

3. Միջոցներ ձեռնարկել ոչ կանոնադրային հարաբերությունների և իրավունքների խախտումների դեպքերի կանխարգելման, դրանց  դեմ պայքարն ուժեղացնելու ուղղությամբ:

Գործողությունը զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերի նվազեցման մեխանիզմների ներդրում է ենթադրում, կանխարգելիչ գործողությունների իրականացում՝ ուղղված, մասնավորապես, խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելքի մասին սպայական եւ շարքային անձնակազմի տեղեկացվածության բարձրացմանը (սպայական, ենթասպայական եւ շարքային անձնակազմի շրջանում, իրավապաշտպան կազմակերպությունների ներգրավմամբ, իրականացվում են պարբերական դասընթացներ եւ միջոցառումներ՝ ուղղված խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի մասին նրանց տեղեկացվածության բարձրացմանը):

4. Բարձրացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների շրջանում զինված ուժերում մարդու իրավունքների եւ դրանց պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ ընդհանուր իրազեկվածության մակարդակը:

Ենթադրվում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները գիտեն իրենց իրավունքները, տիրապետում են դրանց պաշտպանության մեխանիզմներին՝ նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) առարկայի դպրոցական ծրագրում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ պրակտիկ թեմաներ ներառելու արդյունքում:

Պաշտպանության նախարարության կայքում զորակոչվող քաղաքացիների համար բաժին (որում նախազորակոչային տարիքի երիտասարդները կկարողանան տեղեկություններ քաղել վերոնշյալ հարցերի վերաբերյալ) գործարկելու արդյունքում եւս կարող է բարձրանալ զորակոչիկների ընդհանուր տեղեկացվածության մակարդակը տվյալ բնագավառում։

5. Հստակեցնել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության լիազորությունների, պարտականությունների և գործառույթների  շրջանակը:

Նախատեսվում է բարձրացնել զինծառայողների իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանվածությունը ռազմական ոստիկանության հետ հարաբերություններում: «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես, կարիք կա հստակեցնելու ռազմական ոստիկանության խնդիրներն ու դրանցից բխող գործառույթները, ինչպես նաեւ սահմանել կարգապահական վաշտերում ռազմական ոստիկանության գործառույթները: Անհրաժեշտ է օրենքով ամրագրել նաեւ հանցագործությունների կատարման մեջ կասկածվող և/կամ հանցագործության հանգամանքների մասին ենթադրաբար տվյալների տիրապետող զինծառայողներին կայազորային մեկուսարաններ տեղափոխելու և այնտեղ նրանց պահելու արգելքը:

6. Մշակել եւ ներդնել քաղաքացիական հասարակության կողմից Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի մշտադիտարկման համար մեխանիզմներ։

Գործողությամբ նախատեսվում է հիմքեր ստեղծել ԶՈՒ թափանցիկ աշխատանքի, նաեւ այդ կառույցի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն սահմանելու համար՝ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի ոլորտային մշտադիտարկում իրականացնելու համար հայեցակարգերի մշակման արդյունքում:

Հայեցակարգերով կսահմանվեն այն չափանիշները, որոնց առկայության պարագայում հասարակական կազմակերպությունները կարող են իրավունք ձեռք բերել ՀՀ ՊՆ կայազորային հոսպիտալներում, զորամասերում, զորակոչի ընթացքում զորակոչիկների բուժզննում իրականացնող բուժհիմնարկներում կամ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում մշտադիտարկումներ իրականացնելու համար:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը