Դատարանը պարտավորեցրեց ՊՆ-ին զինծառայողի ուսման ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկ կատարել

© 2018. ILLUSTRATION BY PEACE DIALOGUE NGO  

«Խաղաղության երկխոսությունը» դեռեւս նախորդ տարի ռազմավարական դատավարական գործընթաց էր նախաձեռնել՝ ի պաշտպանություն հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվող ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների շահերի։ ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակված զինծառայողներից մեկի՝ Արմեն Սարգսյանի դիմումի հիման վրա կազմակերպությունը դատարան էր դիմել նրա նկատմամբ կիրառված ՀՀ կառավարության որոշման դրույթն անվավեր ճանաչելու, ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկի պահանջով։ ՀՀ վարչական դատարանն այս տարվա ապրիլին բավարարել է փաստաբան Արթուր Սուքիասյանի կողմից դատարանին ներկայացված վերոնշյալ հայցերից մեկը։

 

Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողները հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում պարտավոր են փոխհատուցել իրենց ուսման հետ կապված ծախսերը: Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում` ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 08-ի թիվ 393-Ն որոշմամբ սահմանված՝ «Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգ»-ի պահանջներով, որի 3-րդ կետը սահմանում է, որ փոխհատուցման ենթակա ուսման համար պետության կատարած ծախսերը հաշվարկվում են զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ մեկ սովորողի համար կատարվող ծախսերով:

Այս իրավական ակտի դրույթների հիման վրա զինվորական ծառայությունից հրաժարվող զինծառայողները վճարում են ոչ թե իրենց ուսման հետ կապված փաստացի ծախսերի գումարները, այլ այնքան գումար, որքան պետությունը մեկ սովորողի համար ծախսում է զինվորական ծառայությունից նրանց արձակվելու օրվա դրությամբ: Նման իրավակարգավորման պայմաններում զինվորական ծառայությունից արձակվողները, փաստորեն, պետությանը փոխհատուցում են ոչ թե իրենց ուսման վրա փաստացի ծախսված գումարը, այլ վճարում են մի գումար, որն իրենց ուսման համար պետությունը չի ծախսել, ինչը չի տեղավորվում վնասի հատուցման ինստիտուտի տրամաբանության և կարգավորումների մեջ:

Թիվ 393-Ն որոշման դրույթները կիրառվում են հետուսումնական պայմանագրային զինծառայությունից հրաժարվող բոլոր ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների նկատմամբ։ Այս ոլորտում իրավակիրառ պրակտիկայում փոփոխություն կատարելու, նաեւ խնդրի վերաբերյալ հանրային իրազեկումն ապահովելու նպատակով «Խաղաղության երկխոսությունը» հանդես եկավ նման նախաձեռնությամբ եւ քայլեր ձեռնարկեց դատարանի կողմից նշված դրույթն անվավեր ճանաչելու ուղղությամբ:

Թիվ 393-Ն որոշմամբ սահմանված «Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգի» 3-րդ կետի վերջին պարբերությունն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ Արմեն Սարգսյանի դիմումը վերադարձնելու մասին ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել այն հիմքով, որ դիմումատուն բաց է թողել դատարան դիմելու ժամկետը:

Հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ դեռևս 2017 թվականի դեկտեմբերի 05-ի գրությամբ Արմեն Սարգսյանը տեղեկացվել է իր ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափի վերաբերյալ, հետևաբար ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 08-ի թիվ 393-Ն որոշմամբ սահմանված` «Ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգի» 3-րդ կետի վերջին պարբերությունն Արմեն Սարգսյանի նկատմամբ առաջին անգամ ռեալ ակտով կիրառվել է 2017 թվականին՝ ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկելու գործողությամբ:

Վերոգրյալի հիման վրա դատարանը գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետն (դիմում ներկայացնելու դատավարական ժամկետ) սկսել է հոսել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի համապատասխան դրույթի կիրառումն ապահոված 2017 թվականի դեկտեմբեր ամսվա գործողության (ռեալ ակտի) օրվանից հետո, ինչի հիման վրա եզրահանգել է, որ Արմեն Սարգսյանի կողմից բաց է թողնվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածով սահմանված դիմում ներկայացնելու դատավարական ժամկետները:

Դիմումը վերադարձնելու մասին 2019 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք: Վերաքննիչ բողոքը բերվել է այն հիմքով, որ Արմեն Սարգսյանի կողմից վիճարկվող նորմի կարգավորումները վերաբերվում են ծախսերի հաշվարկին, որոնք կատարվում են զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ: Վերոգրյալ ձևակերպումից հետևում է, որ վերը նշված իրավական նորմի կիրառման համար հիմք է ընդունվում զինվորական ծառայությունից արձակվելու օրը և նշված իրավանորմը զինծառայողի նկատմամբ չի կարող կիրառվել ավելի վաղ, քան զինվորական ծառայությունից արձակվելու օրը: Իրավական նորմում նման ձևակերպման առկայության պայմաններում բնական է, որ զինվորական ծառայությունից արձակվելու օրվան նախորդող ժամանակահատվածի վրա նորմի գործողությունը չի կարող տարածվել, հետևաբար անընդունելի է դատարանի այն դիրքորոշումը, որի համաձայն 2018 թվականի սեպտեմբերի 24-ին զինվորական ծառայությունից արձակված զինծառայողի նկատմամբ վերը նշված իրավանորմի պահանջը կիրառվել է դեռևս 2017 թվականին:

Արմեն Սարգսյանը զինվորական ծառայությունից արձակվել է ՀՀ պաշտպանության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1569 հրամանով, հետևաբար Արմեն Սարգսյանի նկատմամբ վերը նշված իրավական նորմի կիրառման օր է հանդիսանում 2018 թվականի սեպտեմբերի 24-ը: Վիճարկվող իրավանորմի՝ Արմեն Սարգսյանի նկատմամբ կիրառվելու օրվա հետ կապված ցանկացած այլ մեկնաբանություն հակասելու է վիճարկվող իրավական նորմում առկա «զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ» ձևակերպմանը:

Չնայած դրան՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու մասին:

Արմեն Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վարչական դատարան «Խաղաղության երկխոսության» կողմից ուղարկված մյուս դիմումով պահանջվում էր ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցնել կատարելու ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկ և փոխհատուցման ենթակա գումարից հաշվանցել պայմանագրային ծառայության ընթացքում ոչ աշխատանքային շաբաթ օրերին աշխատանքի ներգրավելու համար վճարման ենթակա գումարները:

ՀՀ վարչական դատարանը վճռել է հայցը բավարարել՝ պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարել Արմեն Սարգսյանի ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկ և փոխհատուցման ենթակա գումարից հաշվանցել պայմանագրային ծառայության ընթացքում ոչ աշխատանքային շաբաթ օրերին աշխատանքի ներգրավելու համար վճարման ենթակա գումարները:

 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը