ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականը՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության տեսանկյունից
ՀՀ պաշտպանության նախարարության քաղաքականությունը, գործունեության տրամաբանությունն ու մոտեցումները հասարակությանը ներկայացնող վերջին հայեցակարգը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի «Ազգ-բանակն» է։
Ենթադրվում էր, որ հեղափոխությունից հետո, այլ իշխանությունների գալով, նոր հայեցակարգի կարիք կլինի, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանը բացասական կարծիք էր հայտնել գործող հայեցակարգի վերաբերյալ։ Պաշտպանության նոր նախարար Դավիթ Տոնոյանը, սակայն, իր հարցազրույցներից մեկում կարծիք էր հայտնել, որ նախորդ հայեցակարգի դրական նախաձեռնությունները շարունակելուն դեմ չէ, ավելին, հայտարարել է, որ սկսված ծրագրերը որոշ սրբագրումներով կշարունակվեն․ «Դա վերաբերվում է պաշտպանական ոլորտի զարգացման 7-ամյա հայեցակարգին: Այո, դրանում պարբերաբար փոփոխություններ կկատարվեն, այն կկատարելագործվի, սակայն մենք հավատարիմ կմնանք դրան»։ Այսպիսով, ենթադրվում է, որ Դ․ Տոնոյանի ղեկավարության ներքո ՊՆ-ն պետք է առաջնորդվի «Ազգ-բանակ» հայեցակարգի հաջողված բաղադրատարրերի եւ նախարարի՝ ՊՆ կայքում հրապարակված տեսլականի վրա հիմնվելով։
Վերջինում, թերեւս, առաջին անգամ մեծ ուշադրություն է հատկացվում ոչ միայն արտաքին անվտանգությանն ու այն ցանկացած գնով ապահովելու անհրաժեշտությանը, այլ խոսք է գնում նաեւ հաշվետվողականության, թափանցիկության, միջոցների արդյունավետ օգտագործման, քաղաքացիական վերահսկողության, բանակի նկատմամբ՝ հասարակության վստահության բարձրացման անհրաժեշտության, ԶՈւ ապաքաղաքական լինելու և քաղաքական չեզոքության պահպանման եւ այն մասին, որ կոռուպցիան․․․ չարիք է։
Թեեւ Ազգ-բանակ հայեցակարգում եւս, որպես դրա քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը, նշված էր արդարության եւ հանրային վստահության ամրապնդումը, սակայն, գործերի հետագա ընթացքի, «Խաղաղության երկխոսության» կողմից արված մի քանի հարցումներին ՊՆ պատասխանների վերլուծության վրա հիմնվելով, կարելի է ասել, որ այդօրինակ հայտարարությունը գործնականում ոչնչով չամրապնդվեց։ Կազմակերպությունը նախորդ տարի՝ մինչ հեղափոխությունը, նաեւ ԱԺ բոլոր խմբակցություններին էր ուղղել մտահոգիչ «Որքանո՞վ են «Ազգ-բանակ» հայեցակարգն ու դրա շրջանակներում նախատեսված միջոցառումները (օրինագծերի ընդունում, տարբեր ծրագրերի իրականացում, եւ այլն) նպաստում ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանը, ինչպիսի՞ ազդեցություն կունենա հայեցակարգը Հայաստանում ժողովրդավարացման գործընթացների վրա» հարցերը ներառող գրություն, որին պատասխանեց ԱԺ խմբակցություններից միայն մեկը․ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքին դեմ քվեարկած միակ խմբակցության՝ «Ելք»-ի ղեկավար, այժմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացված պատասխան գրության մեջ, մասնավորապես, ասվում էր․
‹‹Ազգ-բանակ›› հայեցակարգը և դրա շրջանակներում իրականացվող միջոցառումները, մասնավորապես 2017թ․ հոկտեմբերին ԱԺ կողմից ընդունված ‹‹Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին›› օրենքը, իրենց մեջ պարունակում են բազմաթիվ ռիսկեր, որոնց պատճառով ԵԼՔ խմբակցությունը դեմ է քվեարկել օրենքի նախագծին:
‹‹Ազգ-բանակ›› հայեցակարգի իրականացման գործընթացին քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի ներգրավվածությունը գնահատում ենք ոչ բավարար, ինչը էական բաց է՝ քաղաքացիական հասարակության կողմից ՀՀ ԶՈՒ-ի գործունեության վերահսկողության առումով:
ՊՆ-ին ուղղված նույն հարցմանն ի պատասխան ՊՆ աշխատակազմի ղեկավար, քհծ առաջին դասի պետական խորհրդական Գ. Հայրապետյանը, մատնանշել էր «Ես եմ», «Պատիվ ունեմ» եւ «Դիտակետ» նախաձեռնությունները՝ քիչ հասկանալի համոզմունք հայտնելով, որ վերը նշված նախաձեռնությունները կազմում են զինված ուժերում ժողովրդավարական արժեհամակարգի ներդրման բաղադրիչներ։
«Հասարակության եւ զինծառայողների շրջանում բարձր գնահատանքի են արժանացել «Հայրենիքի պաշտպանի ազգային֊գաղափարական դաստիարակության ծրագրի» միջոցառումների իրականացումը՝ նպաստելով վերջիններիս գաղափարական համոզմունքների ձեւավորմանն ու իրավագիտակցության ամրապնդմանը։ Իրականացված միջոցառումները դրական ներգործություն են ունեցել զինծառայողների թե՛ հայրենասիրական դաստիարակության եւ թե՛ լիարժեք քաղաքացու կերպարի ձեւավորման գործընթացի վրա», – իր լայնածավալ պատասխան գրության մեջ նշել էր ՊՆ աշխատակազմի ղեկավարը։
Ի տարբերություն Ազգ-բանակ հայեցակարգի՝ Դավիթ Տոնոյանի տեսլականում, ինչպես արդեն նշվեց, անդրադարձներ կան զինված ուժերում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ոչ կանոնադրային հարաբերությունները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությանը, մարդու իրավունքների պաշտպանության ապահովմանը եւ այլն։ Հատկանշական է, որ նա զինված ուժերի առանցքային նպատակին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովմանն ու Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացման ճանապարհի ենթատեքստում է կարեւորում այդ խնդիրները։ «Պաշտպանության համակարգի գերագույն նպատակը մարտունակ, ապաքաղաքականացված, հասարակության համակողմանի ներգրավմամբ և ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող զինված ուժերի ձևավորումն է։ Այսպիսի զինուժ ունենալու համար պահանջվում են զգալի` Հայաստանի Հանրապետության հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ միջոցներ, որոնք պետք է զուգակցվեն թափանցիկության բարձր չափորոշիչների, ուժերի և միջոցների առավելագույնն արդյունավետ օգտագործման, վատնումների բացառման և բանակի նկատմամբ հասարակության լիակատար վստահության հետ», – ասված է տեսլականում։
Գերակա խնդիր է համարվում զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումը երաշխավորելու նպատակով զինծառայողների իրազեկվածության և իրավագիտակցության բարձրացման, թափանցիկության ընդլայնման և ծառայողական քննությունների պարզեցման աշխատանքների իրականացումը․ «Չպետք է մոռանալ, որ բանակը հասարակության անբաժանելի մասն է և պետք է առավելագույն թույլատրելի սահմաններում թափանցիկ լինի քաղաքացիական հանրության համար: Հասարակության լայն շերտերի, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կողմից զինված ուժերում առկա խնդիրների վերհանումը կապահովի անկողմնակալ կարծիքի հաշվառմամբ ընդլայնված մտքերի փոխանակում՝ նպաստելով առավել արդար և արդյունավետ լուծումների որոնմանը և կենսագործմանը»:
Դ․ Տոնոյանի տեսլականում խոսք է գնում նաեւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների որակի և արդյունավետության էական բարձրացման, արդյունքում՝ ԶՈՒ-ում մահվան ելքով միջադեպերի կանխարգելման, դրանց թվի կրճատման մասին եւ նշվում, որ այստեղ վերջնանպատակն է զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակի ու կարգապահության ամրապնդումը, բանակում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումը, ոչ կանոնագրային հարաբերությունները նվազագույնի հասցնելը, զինծառայողների արժանապատվության խոցման դեպքերի, ինքնավնասման և ինքնասպանության փորձերի առավելագույնս կասեցումը։
Քանի որ կառավարության ծրագրում ամրագրված է բանակաշինության և զինվորական ծառայության շուրջ հաստատված մթնոլորտի ու մոտեցումների արմատական փոփոխության հրամայականը՝ որպես զինված ուժերի մարտունակության և արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոց, այս գերխնդրի իրագործման համար պաշտպանության համակարգում պետք է իմացական վերափոխում՝ պարտականության զգացողությունը փոխարինելով առաքելության զգացողությամբ, քանի որ, ըստ նախարարի, պարտականության զգացողությունը մարդու մեջ սերմանում է մշտապես վերադասի հրահանգներին սպասելու, իսկ անգործության պատճառով առաջադրանքը ձախողելու դեպքում՝ նման հրահանգ չստանալու պատճառաբանությամբ արդարանալու մշակույթ: Տրամագծորեն հակառակ մշակույթ է ձևավորում առաքելությունը. այն ենթադրում է տվյալ գործին, ձեռնարկին կամ հղացմանը սեփականության իրավունք։
Բանակի շարքերում բարեվարքության ամրապնդման, անհրաժեշտ հաշվետվողականության զարգացման աշխատանքներն, ըստ տեսլականի, պետք է լինեն ուշադրության կիզակետում, այդ իսկ պատճառով «․․․ Կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չպետք է ունենա բանակում: Կոռուպցիան ինքնին չարիք է պետության կենսագործունեության ցանկացած ոլորտում, սակայն այն կրկնակի աղետ է ռազմական բնագավառում, աղետ, որը չսանձահարման դեպքում կարտահայտվի մարտի ժամանակ խափանված կրակոցի, հավաքակայանից դուրս գալ չկարողացող տեխնիկայի, զինվորի համար անհրաժեշտ կալորիականություն չպարունակող սննդի տեսքով»։ Նշվում է, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, դրանք կառավարելու և բարեվարքության նորմերն ամրապնդելու համար պետք է մշակվեն նաև պլանավորման, գնումների, սպառման, վերահսկման և հաշվետվողականության թափանցիկ ընթացակարգեր:
Ի լրումն այս ամենի, հանդիպումներից մեկի ընթացքում, Դավիթ Տոնոյանը նշել է, որ անհրաժեշտ է ուշադրությունը կենտրոնացնել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ կրթական ծրագրերի կատարելագործման և մեթոդաբանության ամրապնդման հարցերի վրա, ինչպես նաև հիմք ընդունելով «համազգեստով քաղաքացի» հայեցակարգը՝ քայլեր ձեռնարկել զինծառայողների քաղաքական իրավունքների իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:
Թվում է, թե միայն այն, որ ՊՆ-ն կարեւորում է մարդու իրավունքների հիմնախնդիրների ուղղությամբ աշխատանքը, իսկ թափանցիկության եւ քաղաքացիական վերահսկողության հարցերը պաշտպանության նախարարի առաջնահերթություններում են՝ արդեն իսկ հուսադրող, անգամ՝ ուրախացնող է։ Դեռեւս այնքան էլ հասկանալի ու տեսանելի չէ, սակայն, թե ինչպես պետք է ապահովվեն այս բոլոր ժողովրդավարական, խիստ անհրաժեշտ փոփոխություններն այն դեպքում, երբ դեռ ուժի մեջ է նույն, քաղհասարակության քննադատությանն արժանացած, ‹‹Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին›› օրենքը։ Վերջինս եւ Ազգ-բանակ հայեցակարգը, որը փաստորեն դեռեւս գործում է, ավելորդ չէ հիշեցնել, իրենց մեջ պարունակում են բազմաթիվ ռիսկեր եւ չեն ապահովում քաղաքացիական հասարակության տարբեր խմբերի բավարար ներգրավվածություն՝ ըստ դեռեւս ԱԺ պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտնած կարծիքի։ Սույն հակասության, այն մասին, թե ինչ հավելյալ մեխանիզմների հաշվին եւ ինչպես են հայկական զինված ուժերում ժողովրդավարական կտրուկ բարեփոխումներ իրականացվելու, դրանց ներկայիս ընթացքի վերաբերյալ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը գրավոր հարցում կուղարկի պաշտպանության նախարարին՝ պատասխանը հաջորդ եռամսյակային հաշվետվությունում ներառելու հույսով։
Ավելացվել է 30 June, 2019