ՌՈ աշխատակիցները փորձել են ներշնչել երիտասարդ աղջկան, որ զինծառայող համադասարանցին իր պատճառով է ինքնասպանություն գործել

Մեր նախորդ հրապարակման մեջ հայտնել էինք, որ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակում տրամադրված դրամաշնորհի աջակցությամբ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «ԶՈՒ-ում գրանցված միջադեպերի արդյունքում, քրեական վարույթների շրջանակներում որպես կասկածյալ եւ վկա ՌՈ բերված անձանց խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի ապահովումը» ծրագիրը։

Ներկայացնում ենք ՌՈ բաժիններում քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ ծրագրի շրջանակներում հնարավոր բոլոր բաց աղբյուրներից հայտնի դարձած դեպքերից առաջինը: Նման դեպքերի մի մասը «Խաղաղության երկխոսությանը» հայտնի է դարձել՝ հաշվի առնելով փաստը, որ 2012 թ.-ից կազմակերպությունն իրականացնում է նշված գործերից մի քանիսի շրջանակներում տուժողի իրավահաջորդների իրավական պաշտպանությունը. նյութերի մի մասը տրամադրվել է քրեական գործերի շրջանակներում ներգրավված տուժողի իրավահաջորդների կամ նախաքննական եւ դատաքննական փուլերում նրանց ներկայացուցիչը հանդիսացող «Խաղաղության երկխոսության» փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի կողմից։ Որոշ դեպքերի մասին տեղեկատվություն ստացվել է ծրագրի փորձագետ, փաստաբան Մուշեղ Շուշանյանից, որն իրավական աջակցություն է ցուցաբերել գործերից մի քանիսով ներգրավված քաղաքացիներին:

Ժամկետային զինծառայողներից մեկի մահվան (ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպանություն) առթիվ հարուցված գործով ռազմական ոստիկանության աշխատակիցները հեռախոսազանգի միջոցով կապվել են նրա համադասարանցիներից մեկի հետ, ուշ երեկոյան հրավիրել ռազմական ոստիկանություն։ Համադասարանցի աղջիկը պնդում է, որ գործի շրջանակներում իրեն մի քանի անգամ հրավիրել են ռազմական ոստիկանություն, սակայն ոչ մի անգամ չի գրանցվել նրա ելումուտն այնտեղ. մտնելիս եւ դուրս գալիս որեւէ տեղ չի ստորագրել։  

Առաջին այցելության ընթացքում նրան ուղեկցել են «պետի» մոտ. աշխատասենյակում նրա հետ խոսել (հարցաքննել) է հինգ աշխատակից, ընդ որում, նրանցից ոչ ոք չի ներկայացել։ Չնայած ուշ ժամին՝ հանդիպումը ձգվել է 1.5-2 ժամ, սենյակում ներկա բոլոր ոստիկաններն անդադար հարցեր են ուղղել աղջկան, եւ չնայած նրանց քաղաքավարի վերաբերմունքին (հավատացրել են, որ նա ոչ մեղադրյալ է, ոչ էլ կասկածվում է ինչ-որ բանում, պարզապես իր օգնության կարիքն ունեն համադասարանցու մահվան քննության գործում) ուղղակի ճնշման փորձեր են արվել։ Երիտասարդ աղջիկը վերհիշում է, որ իրեն անընդհատ փորձում էին ներշնչել, որ համադասարանցին ինքնասպանություն է գործել ու ամեն երկրորդ հարցն այն էր, թե կարո՞ղ էր ինքնասպան լինել, թե՞ ոչ։ Մեկ անգամ նույնիսկ պնդել են, որ գիտեն, որ հենց իր պատճառով է ինքնասպանությունը տեղի ունեցել։ Հաջորդ հանդիպումների ընթացքում պնդել են, որ ինքնասպանություն գործած տղան դեպքի օրը զանգահարել է իրեն, այդ պատրվակով վերցրել և զննել են հեռախոսը։ 

ՌՈ աշխատակիցների հետապնդումները վերջացել են միայն այն ժամանակ, երբ չորրորդ անգամ հանդիպելու խնդրանքով հեռախոսազանգին ի պատասխան նա պահանջել է ծանուցագիր ուղարկել, որում կնշվի այդ գործով իր ունեցած կարգավիճակը։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը և այն չի արտացոլում Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի տեսակետները:

 

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից
Ծրագիրն ֆինանսավորվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի կողմից
Ծրագիրն իրականացվում է Հանրային քաղաքականության ինստիտուտի հետ համատեղ
Ծրագիրն իրականացվում է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի  հետ համատեղ

 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը