Ռազմական ոստիկանությունում բռնությունների արդյունքում վկաներից կորզված ցուցմունքները դրվել են մեղադրանքի եւ դատավճռի հիմքում
«ԶՈՒ-ում գրանցված միջադեպերի արդյունքում, քրեական վարույթների շրջանակներում որպես կասկածյալ եւ վկա ՌՈ բերված անձանց խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի ապահովումը» ծրագրի շրջանակներում «Խաղաղության երկխոսությունը» շարունակում է ներկայացնել ՌՈ բաժիններում քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ հնարավոր բոլոր բաց աղբյուրներից հայտնի դարձած դեպքերը:
Դրանց մի մասը «Խաղաղության երկխոսությանը» հայտնի է դարձել շնորհիվ այն բանի, որ 2012 թ.-ից կազմակերպությունն զբաղվում է նման գործերի շրջանակներում տուժողի իրավահաջորդների իրավական պաշտպանությամբ. նյութերի մի մասը տրամադրվել է քրեական գործերի շրջանակներում ներգրավված տուժողի իրավահաջորդների կամ նախաքննական եւ դատաքննական փուլերում նրանց ներկայացուցիչը հանդիսացող «Խաղաղության երկխոսության» փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի կողմից։ Մյուս դեպքերի մասին տեղեկատվություն ստացվել է ծրագրի փորձագետ, փաստաբան Մուշեղ Շուշանյանից, որն իրավական աջակցություն է ցուցաբերել գործերից մի քանիսով ներգրավված քաղաքացիներին:
Ժամկետային զինծառայող Ս. Ս.-ի մահվան գործով վկա Ա. Թ.-ն, փաստաբանական հարցման ենթարկելով փաստաբանի կողմից, հայտնել է, որ դեպքից հետո իրեն և տվյալ մարտական հենակետի այլ զինծառայողների տեղափոխել են Մեղրի քաղաքի ՌՈ բաժին, իսկ 4-5 օր անց՝ Կապանի ՌՈ բաժնի մեկուսարան, որտեղ իրեն առանձին խցում պահել են 4 օր։ Այդ ընթացքում իրենից պահանջել են, որպեսզի կեղծ ցուցմունքներ տա այն մասին, իբր դեպքի նախօրեին իրենց հենակետ եկած Ա. Խ.-ն, իմանալով, որ Ս. Ս.-ն թաքուն քաղցրավենիք է ուտում, նրան հայոհոյել է, նվաստացրել է արժանապատվությունը, ինչի արդյունքում վերջինս ինքնասպանություն է գործել։ Վկան ասել է, որ նման բան չի եղել, նա չի տեսել, որ Ա. Խ.-ն հայհոյել է Ս. Ս.-ին, սակայն իրենից պահանջել են ցուցմունք տալ՝ սպառնալով քրեական պատասխանատվության ենթարկել։ Անգամ դրանից հետո վկան չի ցանկացել սուտ ցուցմունք տալ։ Կապանի ՌՈ քննչական բաժնի պետը նրան հարվածել է։ Ի վերջո, վախենալով, որ իրեն քրեական պատասխանատվության կենթարկեն, Ա․ Թ․-ն տվել է պահանջված կեղծ ցուցմունքը։ Այդ օրերին նա տեսել է իր համածառայակից Թ. Մ.-ին, ում դեմքը կարմրած է եղել և մտածել է, որ նրան ծեծել են։ Կապանի ՌՈ մեկուսարանում պահվելու հինգերորդ օրն իրեն և Թ. Մ.-ին տեղավորել են մի խցում (որտեղ մնացել են շուրջ 15 օր)։ Վերջինս հաստատել է, որ իրեն լավ ծեծել են։ Հենակետի ավագ, լեյտենանտ Գ. Մ.-ն փաստաբանական հարցման ընթացքում հայտնել է, որ Մեղրի քաղաքի ՌՈ բաժանմունքում Սյունիքի մարզի ՌՈ վարչության պետը հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, հետագայում ՌՈ Կապանի բաժնում քրեական պատասխանատվության ենթարկվելու սպառնալիքների, ճնշումների ազդեցության տակ նա ստիպված կեղծ ցուցմունքներ է տվել անմեղ մարդկանց դեմ։ Դատական քննության ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդել է անթույլատրելի ապացույց ճանաչել ՀՀ ԶՈՒ 50869 զորամասի վերոնշյալ երեք զինծառայողների ցուցմունքներն ու առերես հարցաքննությունները, որոնք, նրանց վկայությամբ, կորզվել են ճնշումներով և բռնությամբ, սակայն հենց այս ցուցմունքներն են դրվել մեղադրանքի, ապա՝ նաև դատավճռի հիմքում։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը և այն չի արտացոլում Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի տեսակետները:
Ավելացվել է 14 October, 2019