Զինծառայողի մահվան գործով երկու վկա դատարանում հրաժարվել են նախաքննական ցուցմունքներից՝ հայտնելով, որ դրանք տվել են ՌՈ-ում ճնշումների ազդեցության տակ
«ԶՈՒ-ում գրանցված միջադեպերի արդյունքում, քրեական վարույթների շրջանակներում որպես կասկածյալ եւ վկա ՌՈ բերված անձանց խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի ապահովումը» ծրագրի շրջանակներում «Խաղաղության երկխոսությունը» շարունակում է ներկայացնել ՌՈ բաժիններում քաղաքացիների նկատմամբ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ հնարավոր բոլոր բաց աղբյուրներից հայտնի դարձած դեպքերը:
Դրանց մի մասը «Խաղաղության երկխոսությանը» հայտնի է դարձել շնորհիվ այն բանի, որ 2012 թ.-ից կազմակերպությունն զբաղվում է նման գործերի շրջանակներում տուժողի իրավահաջորդների իրավական պաշտպանությամբ. նյութերի մի մասը տրամադրվել է քրեական գործերի շրջանակներում ներգրավված տուժողի իրավահաջորդների կամ նախաքննական եւ դատաքննական փուլերում նրանց ներկայացուցիչը հանդիսացող «Խաղաղության երկխոսության» փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի կողմից։ Մյուս դեպքերի մասին տեղեկատվություն ստացվել է ծրագրի փորձագետ, փաստաբան Մուշեղ Շուշանյանից, որն իրավական աջակցություն է ցուցաբերել գործերից մի քանիսով ներգրավված քաղաքացիներին:
Ժամկետային զինծառայող Մ. Մ.-ի մահվան գործով վկա Ա. Ա.-ն դատարանում ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ Մ. Մ.-ին անձամբ չի ճանաչել, իսկ նախաքննության ժամանակ տված ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում. դրանք իրեն թելադրել են ռազմական ոստիկանության երկու աշխատակիցներ, հետագայում նաև քննչականում իրեն ճնշել են, ծեծել և փայտով վախեցրել։ Նախաքննական ցուցմունքներն ինքն է գրել, սակայն դրանք չի պնդում, քանի որ այդ ցուցմունքները տվել է ճնշման և վախի ազդեցության տակ։ Ա. Ա.-ն բացատրություն է տվել, որ ռազմական ոստիկանության աշխատակիցը զրույցի ընթացքում ձեռքին փայտ է ունեցել, որով սպառնացել է, մեկ անգամ էլ՝ ձեռքով հարվածել իր ծոծրակին։ Ա. Ա.-ն հրաժարվել է կատարվածի մասին հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ հայտնելով, որ որևէ մեկի դեմ բողոք չունի և չի ցանկանում, որ քրեական գործ հարուցվի։ Քննչական կոմիտեն մերժել է վկա Ա. Ա.-ի կողմից իր նախաքննական ցուցմունքները ճնշումների ազդեցության տակ տրված լինելու դատարանում արված հայտարարությունների կապակցությամբ քրեական գործ հարուցել։
Գործով մեկ այլ վկա Ա. Ս.-ն դատարանում տված իր ցուցմունքում հայտնել է, որ նախաքննության ընթացքում իր կողմից հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, ցուցմունք տալիս ինքը պապի և տատի մահվան պատճառով եղել է հոգեպես ընկճված վիճակում, քննիչի կողմից իրեն ինչ թելադրվել է՝ այն էլ գրել է։ Նշել է նաև, որ վերջին անգամ ցուցմունք տալիս ցանկացել է հրաժարվել իր կողմից հայտնած տեղեկություններից, սակայն քննիչն իրեն ասել է, որ հրաժարվելու դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի։ Վկան վախեցել է և չի հայտնել այդ մասին։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի ֆինանսական աջակցությամբ: Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը և այն չի արտացոլում Եվրոպական միության և Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի տեսակետները:
Ավելացվել է 11 November, 2019