Տուժող կողմը բողոքարկեց Գրիգոր Ավետիսյանի մահվան գործով կայացված դատավճիռը
Զինծառայող Գրիգոր Ավետիսյանի մահվան գործով շուրջ երեք տարի ընթացող դատաքննությունն ավարտվեց։ Սպանության մեջ մեղադրվող ժամկետային զինծառայող Դավիթ Դումիկյանի մեղավորությունը դատարանն ապացուցած համարեց՝ դատապարտելով նրան ինը տարվա ազատազրկման։ Կայացված դատավճռի վերաբերյալ տուժող կողմը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան։
Գրիգոր Ավետիսյանը եւ Սուրեն Արամյանը սպանվել են մարտական հենակետում՝ 2016թ. ապրիլի 6-ին։ Երկու օր անց մեղայականով Վարդենիսի ՌՈ է ներկայացել զինծառայող Դավիթ Դումիկյանը և խոստովանել, որ ինքն է սպանել Ավետիսյանին ու Արամյանին: Ավելի ուշ, սակայն, Դումիկյանը հրաժարվել է իր «ինքնախոստովանական» ցուցմունքներից՝ հայտնելով, որ դրանք իրենից կորզել է ՌՈ աշխատակիցներից մեկը՝ «բարձրահասակ մի գնդապետ»:
2018թ.-ին այս կրկնակի սպանության գործն արհեստականորեն տարանջատվել էր քննչական մարմնի կողմից, Գրիգոր Ավետիսյանի սպանության մասով գործն ուղարկվել էր դատարան (սպանություն կատարելու մեջ մեղադրվում էր Դավիթ Դումիկյանը), իսկ Սուրեն Արամյանի սպանության անջատված մասով գործը նախաքննական մարմինը կասեցրել էր այն հիմքով, որ մարդասպանին հայտնաբերելու նպատակով բոլոր քննչական գործողությունները եղել են անարդյունք։
Գրիգոր Ավետիսյանի սպանության մասով քննություն էր իրականացվում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։ Նախորդ տարվա վերջին նշված գործով ընթացող դատաքննությունն ավարտվեց։ Այս տարվա հունվարի 14-ին գործը քննող դատավոր Վահագն Մելիքյանի կայացրած դատավճռով Գրիգոր Ավետիսյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Դումիկյանի մեղավորությունը հաստատվեց, և վերջինս դատապարտվեց ազատազրկման՝ ինը տարի ժամկետով։
Արդեն մարտի 9-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը վերաքննիչ բողոք ներկայացրեց Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի դեմ՝ խնդրելով բեկանել դատարանի 14.01.2020թ. դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Տուժող կողմի բողոքում հանգամանորեն ներկայացված են փաստերը, որոնք պատշաճ քննության չեն առնվել նախաքննական մարմնի, այնուհետ՝ նաեւ դատարանի կողմից։
Մասնավորապես՝
- Քրեական գործում առկա տվյալները հիմք են տալիս պնդելու, որ դեպքի վայրի պահպանության կանոնները խախտվել են. դեպքի վայրը փոխվել է, դին՝ տեղափոխվել,
- Նախաքննական մարմնի կողմից չեն ապահովվել իրեղեն ապացույց հանդիսացող առարկաների պահպանությանը ներկայացվող պահանջները։ Մասնավորապես՝ գործով քննիչի և բաժնի պետի կողմից իրեղեն ապացույց հանդիսացող ինքնաձիգները պատշաճ կարգով փաթեթավորված և կնիքված չեն եղել,
- Իրեղեն ապացույցների պահպանության կանոնների խախտմամբ դեպքի վայրից վերցված թվով 5 ինքնաձիգներից միայն 4-ն է ներկայացվել փորձագիտական կենտրոն, այն էլ՝ միայն դեպքից 14 օր անց, ինչը հիմք է տալիս կասկածելու, որ այդ ժամանակահատվածն օգտագործվել է զենքերի հետ կապված միջամտություններ կատարելու համար,
- Գործով անցնող վկաների և մեղադրյալի տված ցուցմունքներում հիշատակվում է դեպքի օրը զինծառայողների միջև տեղի ունեցած մի քանի կոնֆլիկտների մասին։ Նշված միջադեպերի վերաբերյալ նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի իրականացրել՝ բավարարվելով միայն շահագրգիռ կողմերին հարցաքննելով,
- Ոչնչացվել է կարևոր իրեղեն ապացույց՝ Գրիգոր Ավետիսյանի սաղավարտը, որի մասին հիշատակում արված է դեպքի վայրի զննության արձանագրության մեջ։ Այն, սակայն, տարօրինակ կերպով բացակայում է դիակի արտաքին զննության արձանագրության մեջ։ Տուժող կողմն արդարացիորեն պնդում է, որ դեպքի վայրից մինչև հիվանդանոցն ընկած ճանապարհին կամ հենց հիվանդանոցում, մինչև զննություն կատարելը, սաղավարտը պարտակվել է, քանի որ այն այդպես էլ իրեղեն ապացույց չի ճանաչվել և Գ. Ավետիսյանի հագուստի հետ փորձաքննության չի ուղարկվել։
- Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված պարկուճների պատկանելության վերաբերյալ նույնպես պատշաճ քննություն չի կատարվել՝ պարզելու, թե դրանք որ ինքնաձիգներից են արձակվել և ում են պատկանել այդ ինքնաձիգները,
- Գործով անցնող վկաների առաջին և լրացուցիչ ցուցմունքների իրարամերժության, դրանց միջև հակասությունների, ինչպես նաև նախաքննական ցուցմունքներից հրաժարվելու վերաբերյալ քննություն չի իրականացվել։
Տուժող կողմը գտնում է, որ վերոնշյալ և մի շարք այլ հանգամանքների և հակասությունների շուրջ պատշաճ քննություն չիրականացնելու և ապացույցները սխալ գնահատելու արդյունքում դատարանը գործը լուծել է սխալ և չի դատապարտել իրական հանցագործներին: Վերաքննիչ բողոքում տուժող կողմը նշել է, որ հետաքրքրված չէ միայն նրանով, որ հանցագործության համար որևէ անձ դատապարտվի, այլ անհրաժեշտ է, որ իրականացվի արդարադատություն՝ պատժվեն սպանության համար բոլոր իրական մեղավորները։ Հարկ է բացահայտել նաեւ դեպքի իրական և բոլոր հանգամանքները, ինչը կարող է նպաստել ՀՀ զինված ուժերում նման դեպքերի և դրանց պատճառների բացահայտմանն ու կանխարգելմանը:
Ավելացվել է 27 March, 2020