2020թ.-ի առաջին եռամսյակում հայկական զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի վիճակագրություն
Շարունակական մշտադիտարկման արդյունքում «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը 2020թ. առաջին եռամսյակում ՀՀ ՊՆ-ում եւ ԼՂ ՊԲ-ում մահվան ելքով 13 դեպքի վերաբերյալ տեղեկություններ է հավաքագրել, նույնքան՝ ինչքան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերի թիվն էր։ 7 դեպք գրանցվել է ՀՀ, 6-ը՝ ԼՂ տարածքում։
Հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերում սպանություններ չեն եղել։ Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահվան ելքով մեկ պատահար է գրանցվել։ Դեպքերից հինգը դժբախտ պատահարի արդյունք է, երեքն՝ ինքնասպանություն, մեկական՝ առողջական խնդիրների եւ անփութության հետեւանք, երկու զինվորի մահվան պատճառներն առայժմ հայտնի չեն․ որպես պաշտոնական պատճառ նշվել է մահացու հրազենային վիրավորումը։
Հարկ է նշել, որ կազմակերպությունը տեղեկացվել է եւս երկու մահվան ելքով դեպքի մասին, որոնց վերաբերյալ տվյալները, սակայն, առայժմ բավարար չեն կայքում գրանցելու համար։
Ստորեւ ներկայացված են դեպքերն՝ ըստ մահվան պատճառի։
Հրադադարի ռեժիմի խախտում
Զոհրաբ Սիանոսյան (մարտի 10, ՀՀ)
Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ., Արարատի զ/կ):Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Ինքնասպանություն
Գեղամ Խաչատրյան (հունվարի 6, ՀՀ)
2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:
Տիգրան Մխոյան (փետրվարի 12, ԼՂ)
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար:
Քնչական կոմիտեն տարածած հաղորդագրության մեջ չի նշել, թե որ հոդվածով են քրեական գործ հարուցել։ Forrighst-ը կապվեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանի հետ, որը մանրամասնեց, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը։
Տիգրան Մանվելյան (փետրվարի 12, ԼՂ)
2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
Քնչական կոմիտեն տարածած հաղորդագրության մեջ չի նշել, թե որ հոդվածով են քրեական գործ հարուցել։ Forrighst-ը կապվեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արամ Ավետիսյանի հետ, որը մանրամասնեց, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, այն է՝ ինքնասպանության հասցնելը։
Դժբախտ պատահար
Արթուր Նալբանդյան (հունվարի 21, ՀՀ)
Ձորն ընկնելու հետևանքով ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացել է պայմանագրային զինծառայող: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր», – տեղեկացնում է Հարությունյանը:
Կարապետ Նազարյան (փետրվարի 7, ՀՀ)
Փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ:
Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի (ծնվ. 1995թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) դիերը:
Պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին (ծնվ. 1998թ., զինված ուժերում է 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) հաջողվել է դուրս բերել ձնահյուսից: Հայտնաբերված զինծառայողը ստացել է մարմնական թեթև վնասվածքներ, առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Տիգրան Արզումանյան (փետրվարի 7, ՀՀ)
Նվեր Շահբազյան (փետրվարի 7, ՀՀ)
Նարեկ Հովակիմյան (մարտի 6, ՀՀ)
Մարտի 6-ին, ժամը 23:10-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Mercedes C 240 և Mercedes S 600 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է:
Մահացած Երևանի բնակիչ 44-ամյա Նարեկ Հովակիմյանն աշխատում էր ՀՀ պաշտպանության նախարարությունում, կոչումով փոխգնդապետ էր:
Անփութություն, անգործություն
Վալերի Պետրոսյան (փետրվարի 9, ԼՂ)
2020թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը:
Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Առողջական խնդիրներ
Արտյոմ Ղազարյան (հունվարի 1, ԼՂ)
Հունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում մահացել է Պաշտպանության բանակի զինծառայող, 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը, ինչպես Արցախի պաշտպանության նախարարությունն է հայտնում՝ հիվանդության հետևանքով։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Մահացու հրազենային վիրավորում
Վահրամ Ավագյան (հունվարի 30, ԼՂ)
Հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Հայկ Ասրյան (փետրվարի 14, ԼՂ)
Փետրվարի 14-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ավելացվել է 01 April, 2020