Քաղաքացին արդեն մեկ տարի ծառայում է իր առողջական վիճակի վերաբերյալ կազմված վարչական ակտը դատական ստուգման ենթարկված չլինելու պայմաններում
2019թ.-ի ամառային զորակոչի ընթացքում իր առողջական վիճակի մասին 24.07.2019թ.-ին տրված եզրակացությունը վիճարկելու հարցում իրավական աջակցություն ստանալու նպատակով «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանն էր դիմել քաղաքացի Կ.Բ-ն:
2014 թ.-ին Կ.Բ.-ն ենթարկվել է վթարի, ինչի արդյունքում ստացել է ուղեղի ցնցում և կորցրել գիտակցությունը: 2016 և 2017 թթ.-ին զորակոչիկը կրկին ստացել է գլխի հարվածներ, ինչից հետո վերջինս գանգատվում է հաճախակի գլխացավերից, գլխապտույտներից, աչքերի առջև մթագնումներից և գիտակցության կորստի նոպաներից:
Քաղաքացի Կ.Բ.-ի 24.07.2019թ. եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումը ՀՀ վարչական դատարանին ներկայացվել է 2019 թ.-ի օգոստոսի 23-ին: Նույն թվականի օգոստոսի 26-ին ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:
Հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրության համաձայն զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության վիճարկումը չի կասեցնում դրա կատարումը՝ անկախ դատարան դիմելու հանգամանքից, Կ. Բ.-ն զորակոչվել է զինվորական ծառայության:
Թիվ ՎԴ/6694/05/19 վարչական գործով 2019թ.-ի հոկտեմբերի 28-ին ՀՀ վարչական դատարանը որոշում կայացրեց դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որի կատարումը հանձնարարվեց ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Դատարանի որոշման պահանջները կատարելու ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով 2020 թ.-ի հուլիսի 13-ին կատարվել է փաստաբանական հարցում ուղղված ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որին ի պաատասխան ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի 24.07.2020թ.-ի թիվ 15/3-373 գրությամբ հայտնվել է, որ եզրակացություն տալ հնարավոր չէ, քանի որ փորձաքննվող Կ.Բ.-ն դեռևս չի ներկայացել փորձաքննության: Նույն գրությամբ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից խնդրվել է տեղեկացնել փորձաքննվող Կ.Բ.-ի ներկայանալու օրվա մասին:
Ստացվում է, որ կայացնելով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում, ՀՀ վարչական դատարանը միջոցներ չի ձեռնարկել որոշման պահանջները կատարելու համար` պարտադիր զինվորական ծառայություն անցնող Կ.Բ.-ին փորձաքննության ներկայացնելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությանը դիմում չի ներկայացվել, որոշման օրինակն, ի գիտություն, նախարարությանը նույնպես չի ուղարկվել:
Միևնույն ժամանակ, ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ստանալով ՀՀ վարչական դատարանի որոշումը, միջոցներ չի ձեռնարկել դատական ակտի պահանջները կատարելու համար: Օրինակ, չի դիմել դատարանին՝ Կ.Բ-ի՝ փորձաքննության ներկայացնելն ապահովելու համար կամ նույն նպատակով չի դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Արդյունքում` մինչ օրս (արդեն մեկ տարի) փորձագետի եզրակացությունը դատարան չի ուղարկվել և այդ պայմաններում Կ.Բ.-ն շարունակում է զինվորական ծառայությունը՝ իր առողջական վիճակի վերաբերյալ կազմված վարչական ակտը դատական ստուգման ենթարկված չլինելու պայմաններում:
Հ.Գ. ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ից թիվ 15/3-373 գրությունը ստանալուց հետո, գործով ներգրավված փաստաբան Արթուր Սուքիասյանը փորձեց կապ հաստատել գործը քննող դատավորի հետ, սակայն պարզվեց, որ դատավորի աշխատակազմը արձակուրդում է:
Լուսանկարի աղբյուրը` www.mil.am
Ավելացվել է 05 August, 2020