«ԽԵ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՕԳՈՒՏ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՆՁՎԵՑ 2.520.157 ՀՀ ԴՐԱՄ

 

2021 թվականի հոկտեմբերի 7-ին թիվ ՎԴ/1362/05/18 վարչական գործով կայացված վճռի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարությունից հարկադիր կատարման միջոցով հօգուտ քաղաքացի Ա.Ս.-ի բռնագանձվեց 2.520.157 ՀՀ դրամ գումար:

2009 թվականին Ա.Ս-ն ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և ուսումն ավարտելուց հետո անցել է պայմանագրային զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում:

Ղեկավարվելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և նույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթներով` 2017 թվականին Ա.Ս.-ն ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատարին ներկայացրել է զեկուցագիր, որով խնդրել է իրեն ՀՀ ԶՈՒ պահեստազոր արձակելու համար միջնորդել վերադաս հրամանատարությանը:

ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Ա.Ս.-ն տեղեկացվել է այն մասին, որ վաղաժամկետ զորացրման դեպքում վճարվելիք իր ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափը կազմում է 2.438.482 ՀՀ դրամ: Ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափի մասին տեղեկանալուց հետո` 2017 թվականի դեկտեմբերի 9-ին, Ա.Ս.-ն զեկուցագիր է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որով ներկայացրել է փոխհատուցման ենթակա գումարի չափի վերաբերյալ իր առարկությունները և խնդրել վերահաշվարկել իր ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաշվարկ չի կատարել, որի արդյունքում «Խաղաղության երկխոսություն» հկ-ի և փաստաբան Արթուր Սուքիասյանի մասնակցությամբ Ա.Ս.-ի կողմից ՀՀ վարչական դատարանին ներկայացվել է ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկ կատարելուն, ինչպես նաև փոխհատուցման ենթակա գումարից պայմանագրային ծառայության ընթացքում ոչ աշխատանքային շաբաթ օրերին աշխատանքի ներգրավելու համար վճարման ենթակա գումարների հաշվանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմում։

Թիվ ՎԴ/1362/05/18 վարչական գործով ՀՀ վարչական դատարանը 2019 թվականի ապրիլի 1-ին վճիռ է կայացրել Ա.Ս.-ի հայցը բավարարելու մասին։ Դատարանը վճռել է պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարել քաղաքացու ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկ և փոխհատուցման ենթակա գումարից հաշվանցել պայմանագրային ծառայության ընթացքում ոչ աշխատանքային շաբաթ օրերին աշխատանքի ներգրավելու համար վճարման ենթակա գումարները:

ՀՀ վարչական դատարանի վերոնշյալ վճռի դեմ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2020 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ մերժվել է, ինչի արդյունքում վարչական դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կատարել վճռի պահանջները, և Ա.Ս.-ի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատարանի կողմից կատարողական թերթ է ուղարկվել ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը:

2021 թվականի հոկտեմբերի 7-ին թիվ ՎԴ/1362/05/18 վարչական գործով կայացված վճռի հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարությունից հարկադիր կատարման միջոցով հօգուտ Ա.Ս.-ի բռնագանձվեց 2.520.157 ՀՀ դրամ գումար: Բռնագանձված գումարի մի մասը հանդիսանում է ոչ աշխատանքային շաբաթ օրերին սպայի աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձի գումարը: Մյուս մասը վերջինիս զորացրման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից անհիմն գանձված գումարն է: Դատարանը ՀՀ պաշտպանության նախարարությանը պարտավորեցրել էր կատարել վերահաշվարկ, քանի որ զորացրման ժամանակ Ա.Ս.-ից կարող էր գանձվել միայն սննդի գումար, մինչդեռ նախարարությունը գանձել էր նաև սննդային ծառայության գումարը: Վերահաշվարկի արդյունքում վերոնշյալ ծառայության համար գանձված գումարը վերադարձվեց քաղաքացուն:

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը