ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹԹ. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
2020թ. սկզբին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն նախաձեռնել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացումը» ծրագիրը: Այս նախաձեռնությամբ կազմակերպությունը ձգտում է նպաստել ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանվածությանը` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար արդյունավետ մեխանիզմ ձևավորելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում պաշտպանական ոլորտում իրականացվող գործողությունների մշտադիտարկման համար:
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն մշտադիտարկման շրջանակներում կենտրոնացել է հատկապես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող գործողությունների կատարման մշտադիտարկման վրա։ Մասնավորապես` մշտադիտարկվել են զինված ուժերում կյանքի իրավունքին, խոշտանգումների արգելքին, գործի արդար քննության իրավունքին, ինչպես նաև իրավահավասարության և խտրականության արգելքի համատեքստում կանանց իրավունքներին վերաբերող գործողությունները։ Հավաքագրված տվյալներն ամփոփվել և վերլուծվել են՝ գնահատելով ՄԻՊ ԳԾ առանձին գործողությունների կատարումը, այդ գործողությունների համապատասխանելիությունը ՄԻՊ ռազմավարությանը և ռազմավարության ու ԳԾ-ի կատարումը նախկինում չկանխատեսված իրողությունների՝ COVID-19-ի համավարակի և 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ն ընթացած ռազմական գործողությունների պայմաններում։
Հաշվի առնելով 2020թ.-ի ամբողջ աշխարհում ընթացող կորոնավիրուսի (COVID-19) հետևանքների չեզոքացման և վարակի հետագա տարածումը կանխարգելող գործողությունների իրականացման կարևորությունը` մշտադիտարկման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել նաև ՀՀ զինված ուժերում վարակի տարածումը կանխելու նպատակով իրականացվող գործողությունների ուսումնասիրությանը:
Հաշվի առնելով 2020թ. սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների հետևանքով զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման համատեքստում ծառացած նոր խնդիրներն ու մարտահրավերները՝ վերջիններիս առավել արդյունավետ արձագանքելու նպատակով «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն առաջարկել է փոփոխություններ մտցնել ԳԾ-ում։
Սույն զեկույցը հիմնված է 2020թ. հունվարի 1-ից մինչև 2021թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում պաշտպանական ոլորտին առնչվող գործողությունների կատարման ընթացքի դիտարկման արդյունքների վրա։
Ամբողջական զեկույցը կարող եք ներբեռնել այստեղ` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում պաշտպանական ոլորտի միջոցառումների մշտադիտարկման արդյունքները (pdf, 1.Mb):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ.-ի գործողությունների ծրագրի պաշտպանական ոլորտին վերաբերող միջոցառումների կատարման մշտադիտարկումն իրականացվում է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:
Աշխատությունում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակների տեսակետը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի դիրքորոշումների ու տեսակետների հետ։
Ավելացվել է 07 November, 2021