2021թ. ՀՀ և ԼՂ զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի վիճակագրություն
2021 թվականին «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությանը տեղեկություններ են հայտնի դարձել ՀՀ և ԼՂ զինված ուժերում գրանցված 75 մահվան դեպքի վերաբերյալ:
Նշված ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվել է 17 զինծառայող։ Գրանցվել է յոթ ինքնասպանության դեպք: Դժբախտ պատահարների զոհ է դարձել 20 զինծառայող: Առողջական խնդիրներից մահացել է 19 զինծառայող: Անվտանգության կանոնների խախտման հետևանքով գրանցվել է մահվան 6 դեպք: Ծառայակցի կողմից կատարված սպանության զոհ է դարձել 5 զինծառայող։ Եւս 1 զինծառայողի մահվան պատճառ է դարձել սեփական նռնակի պայթյունը։
Ըստ Հայաստանի Հանրապետության դատախազության տրամադրած տեղեկատվության՝ 2021թ.-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ և ԼՂ զինված ուժերում արձանագրված ժամկետային և պայմանագրային զինծառայողների մահվան 74 դեպքերից 32-ը զինվորական ծառայության հետ կապված չէ:
* Սույն տեղեկագրում գրանցված դեպքերից մեկը հրապարակվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից, որը, սակայն, տեղ չի գտել դատախազության տրամադրած տեղեկագրում։
Ստորև ներկայացնում ենք 2021 թվականին գրանցված մահվան դեպքերի թվերն՝ ըստ պատճառների։ Հարկ է նշել, որ ԽԵ-ի կողմից տրամադրված տեղեկատվության մեջ դեպքերի պատճառները բերված են հիմնվելով բաց աղբյուրներում դեպքերի վերաբերյալ տարածվող վերլուծությունների կամ պետական մարմինների կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա։ Հատկանշական է, որ որոշ դեպքերի վերաբերյալ անգամ դատախազության տրամադրած տեղեկատվությունից հստակ չի երևում մահվան պատճառը և այդ դեպքերում կազմակերպության կողմից որպես մահվան պատճառ ներկայացվում է դեպքի առիթով հարուցված քրեական գործի հոդվածը։
2021թ. գրանցված մահվան դեպքերն ըստ պատճառների
Գրանցված 75 միջադեպից 61-ը տեղի է ունեցել ՀՀ, 14՝ ԼՂ զինված ուժերում։
Մահվան դեպքի գրանցման վայրը
Գրանցված դեպքերից 36-ի համար տեղեկատվության առաջնային աղբյուրը ՀՀ ՊՆ-ն կամ ԱՀ ՊՆ-ն չեն եղել և դեպքի մասին առաջնային տեղեկությունները տարածվել են լրատվամիջոցների կամ սոցիալական ցանցերի միջոցով, ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունների կամ տուժողների հետ առնչություն ունեցող անձանց կողմից։
Մահվան դեպքերի վերաբերյալ տարածված տեղեկատվության առաջնային աղբյուրը
Համեմատելով զինված ուժերում վերջին հինգ տարիներին գրանցված մահվան դեպքերի թվերը՝ ակնհայտ է դառնում, որ ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել են դժբախտ պատահարների (107 դեպք), առողջական խնդիրների (74 դեպք) և հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով (68 դեպք)։ Կարևոր է նշել, որ դժբախտ պատահարների և առողջական խնդիրների հետևանքով մահվան դեպքերը դատախազության կողմից հիմնականում նշվում են որպես ծառայության հետ կապ չունեցող դեպքեր։
2021թ․ ՀՀ եւ ԼՂ զինված ուժերում գրանցված մահվան դեպքերի վերաբերյալ մանրամասները ներկայացված են նյութին կցված փաստաթղթում։
Ավելացվել է 26 January, 2022