«Մի մոռացեք, որ դուք մի հատ էլ աղջիկ ունեք…»
2010թ.-ի մարտի 15-ին, ժամը 00:35-ի սահմաններում, ՊԲ թիվ 39138 զորամասի վերանորոգման վաշտի սպայական սենյակի հետնամասում պարանի միջոցով երկաթե ձողից կախված վիճակում հայտնաբերվել էր նույն զորամասի վաշտի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերիկ Ազատի Մուրադյանի դիակը: Փաստի առթիվ 15.05.2010թ.-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր թիվ 90951310 քրեական գործը և կատարվել նախաքննություն: Սակայն, մի շարք փաստեր հիմք են տալիս մտածելու, որ այս գործով կատարվել է կեղծ, միակողմանի նախաքննություն, ինչի միջոցով քննչական մարմինը ձգտել է ակնհայտ սպանությունը ներկայացնել որպես ինքնասպանություն՝ կախվելու միջոցով:
Սպանության վարկածը հիմնավորվում է՝ հանգուցյալի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված, բութ առարկայով հասցված մարմնական վնասվածքներով եւ նրա պարանոցի շրջանում հայտնաբերված 2 ճմլման ակոսների առկայությամբ: Փորձագետի կարծիքով ՝ երկրորդ փաստը վկայությունն է այն մասին, որ Վ. Մուրադյանին նախ խեղդել են և հետո միայն բարձրացրել կախաղան: Բացի այդ, չնայած նախաքննական մարմինը «ապացուցված է համարել», թե իբր Վ. Մուրադյանին հասցրել են ինքնասպանության, սակայն մինչ օրս գործում չկան կասկածյալներ կամ կալանվածներ:
Գործով իրեղեն ապացույց հանդիսացող պարանի վրա հայտնաբերվել են անզեն աչքով երեւացող արյան հետքեր, սակայն նախաքննական մարմնի կողմից փորձագետը իբր չի կարողացել պարզել արյան խումբը՝ բացատրելով, թե արյունը բավականաչափ չի եղել փորձաքննություն կատարելու համար: Սակայն փորձագետ Ռ. Մարտիրոսյանի կարծիքով, սա կեղծիք է, քանի որ արյան հետքը տեսանելի է անզեն աչքով, ինչը նշանակում է, որ արյան քանակութունը բավարար է փորձաքննության համար:
Նախաքննական մարմինը ապացուցված է համարել, թե իբր աթոռակը, որի օգնությամբ կախվել է Մուրադյանը, բերվել է հենց նրա կողմից, սակայն դրա հարթ մակերեսի վրա վերջինիս մատնահետքերը չեն հայտնաբերվել:Դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել էին զինծառայողներ Ավետիք Խաչատրյանի զինվորական բաճկոնը, Նորայր Գրիգորյանի զինվորական գոտին և մեկ այլ զինծառայողի գլխարկ: Նախաքննական մարմինը չցանկացավ քննություն անել և պարզել, թե ինչպես են դրանք հայտնվել դեպքի վայրում: Քննիչը բավարարվեց նշված երկու զինծառայողների այն բացատրությունով, թե իբր դեռ դեպքից առաջ իրենք եղել են այդտեղ և իրենց հանդերձանքը անփութորեն մոռացել դեպքի վայրում:
Մարտիրոսյանի դիտարկմամբ ՝ քննիչի նման պահվածքը ավելի քան տարօրինակ էր, եթե հաշվի առնենք, որ նա նույն Ն. Գրիգորյանին և Ա. Խաչատրյանին մեղադրում էր Մուրադյանին ինքնասպանության հասցնելու մեջ:Դեպքից անմիջապես հետո Մուրադյանի մայրը հայտնել է նախաքննական մարմնին, որ որդին զորամասում ծառայելու ընթացքում, մահվանը նախորդած օրերին ականատես է եղել մի շարք անօրինականությունների, մասնավորապես՝ վառելանյութի գողության, ինչի մասին նա (մայրը) հայտնել էր նաև պաշտպանության նախարար Ս. Օհանյանին: Մոր հավաստմամբ ՝ այս մասին տեղեկություններ է ստացել հենց որդուց՝ դեպքից 4-5 օր առաջ, նրա հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
Ավելին, իր հեռուստատեսային ելույթի ժամանակ զինդատախազ Գ. Կոստանյանը հայտարարել էր, որ քննությամբ պարզվել է, որ հանգուցյալ Վալերի Մուրադյանը ականատես է եղել զորամասում տեղի ունեցած բազմաթիվ չարաշահումների, հավատացրել, թե քննությունը շարունակվում է և մեղավորներն անպայման կենթարկվեն պատժի: Սակայն, թե ինչու հետագայում այդ փաստերը կոծկվեցին, ինչու մինչ օրս մեղավորները չհայտնաբերվեցին ու չպատժվեցին, թերևս, միայն Գ. Կոստանյանին է հայտնի:
Դատաբժշկական եզրակացության մեջ նշվում է, որ դիակի զննությամբ հայնաբերվել են 2 մարմնական վնասվածքներ, որոնք առաջացել են մահվանից 3-4 օր առաջ սահմանափակ մակերեսով բութ առարկայի հարվածի հետևանքով, սակայն, տուժողի իրավահաջորդի հավաստմամբ, նախաքննական մարմինը, առանց համապատասխան գործողություններ իրականացնելու, հայտարարությամբ է հանդես եկել, թե իբր վնասվածքներն առաջացել են Մուրադյանի աշխատանքային գործունեության արդյունքում:
Նախաքննական մարմինը մերժել էր իրավահաջորդի՝ գործում առկա լուսանկարների կրկնօրինակները տրամադրելու եւ համալիր հանձնաժողովային փորձաքննություն կատարելու միջնորդությունները:
Ըստ Նանա Մուրադյանի՝ Վալերիկ Մուրադյանի մոր, զինդատախազության միջանցքում հանդիպելով իրեն, ՀՀ զինված ուժերի դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը ոչ թե փորձել է հավաստիացնել, որ իրենք աշխատում են ամեն գնով բացահայտել կատարված հանցագործությունը, այլ ուղիղ տեքստով ահաբեկել է՝ ասելով. «Մի մոռացեք, որ Դուք մի հատ էլ աղջիկ ունեք…»:
Տեղեկացնենք, որ Վալերի Մուրադյանի մահվան փաստի վերաբերյալ քրեական գործը հարուցվել և նախաքննություն էր իրականացվել ԼՂՀ-ում, իսկ 2011թ. հունվարին տղայի մոր՝ Նանա Մուրադյանի բազմաթիվ բողոքներից հետո, հանձնվել ՀՀ ՊՆ Քննչական ծառայությանը՝ լրացուցիչ նախաքննություն իրականացնելու նպատակով: (*)
Նախաքննության վերսկսումից հետո կալանավորվել էր զինծառայող, ով մեղադրվել էր դեպքից մեկ ամիս առաջ Վ. Մուրադյանին ապտակելու և նվաստացնելու համար: Զինծառայողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ԱԺ համաներման մասին որոշման հիման վրա:
2013թ.-ին նախագահական ընտրարշավի ժամանակ Նանա Մուրադյանին հաջողվեց մոտենալ և հարց տալ Ս. Սարգսյանին, որ դուք խոստացել էիք բացահայտել տղայիս սպանությունը դեռ երեք տարի առաջ, ինչին այդ պահին նախագահի թեկնածու հանդիսացող Սարգսյանը պատասխանեց. «Բա գիտեք հե՞շտ ա սպանության գործ բացահայտելը»: Ինչին տուժողի իրավահաջորդը ավելացնում է. «Շատ դժվար է սպանություն բացահայտելը, եթե չկա այդպիսի ցանկություն»
Ավելացվել է 22 October, 2013