«Զինվորը անցել, մտել է Ադրբեջանի տարածք, եւ ոչ ոք չի տեսել»

Վերջին օրերին հայ հանրության մտահոգություններից, թերեւս, ամենակարեւորը հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելն է: Հիշեցնեմ, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը տեղանքում չկողմնորոշվելու հետեւանքով մոլորվել էր եւ պատահմամբ հատել հայ-ադրբեջանական սահմանը: Այս օրերի ընթացքում տարբեր մեկնաբանություններ հնչեցին, մասնավորապես կապված Ադրբեջանում զինվորի տված հարցազրույցի հետ, ըստ որի՝ Հակոբ Ինջիղուլյանը իբր նշում էր, թե հրամանատարի հրահանգները չկատարելու եւ նրան չենթարկվելու համար, ինքնակամ լքել է ՀՀ տարածքը:
«Դեպքի վերաբերյալ լուրջ ինֆորմացիա առայժմ չկա, մի կողմից՝ հասկանալի է, որ ցանկացած աղմուկ կվնասի գործին, իսկ մյուս կողմից ստացվում է, որ մենք շատ քիչ ինֆորմացիայի ենք տիրապետում: ՊՆ-ն հերքել է այն վարկածը, որ սա կարող է լինել առեւանգում:

Բացի այն, որ ադրբեջանական կողմը խախտել է ռազմագերիների հետ վարվելու կոնվենցիան, հրապարակված տեսանյութը արդեն իսկ խախտում էր, ռազմագերիներին խոսեցնելը, լրագրողի հետ հանդիպումը հրապարակելը եւս նշանակում է, որ մեծ է շանսը, որ դա ճնշումների տակ է եղել: Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, անհասկանալի է մնում՝ ի՞նչ էր անում Հակոբ Ինջիղուլյանը իր պահակակետից դուրս, գիշերը,- «Ասպարեզ» օրաթերթի հետ զրույցում նշում է Վանաձորի «Խաղաղության Երկխոսության» ՀԿ-ի նախագահ Էդգար Խաչատրյանը:

Ըստ հրապարակված տվյալների, զինվորը ուներ -3կարճատեսությամբ տեսողություն, եւ արդյո՞ք առողջական խնդիր ունցող մարդը կարող է ՀՀ սահմանը պահել, այն էլ առաջին գծում, արդյո՞ք ՀՀ անվտանգությունը նմանատիպ հարցերի հետեւանքով չի տուժում: Էդգար Խաչատրյանի կարծիքով, ՊՆ-ի կատարած գործողությունների հերթականությունը նույնպես հարցերի եւ պատասխաների կարիք ունի: Ինչու՞ ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանում զինվորի հարցազրույցից եւ զինվորի ծնողների խուճապից հետո միայն որոշեց ինչ-որ գործողություններ ձեռնարկել:«Փաստորեն, եթե խոսենք քաղված դասերի մասին, շատ կարեւոր է քաղաքացիական ընդվզումը, երբ ծնողը, քաղաքացիական որոշակի խմբերը ձայն են բարձրացնում, նոր այդ ժամանակ նրանք սկսում են տեղից շարժվել: Շատ քիչ բան կիմանայինք, հաշվի առնելով, որ որոշակի գաղտնիություն պահելն իմաստ ունի, մյուս կողմից՝ հասարակությանը անիրազեկ պահելը եւս լուրջ խնդիր է», -նշում է պարոն Խաչատրյանը:

Էդգար խաչատրյանը զինվորի՝ ՀՀ տարածքը լքելու կամ դրա հնարավոր պատճառների մասին դժվարացավ որեւէ բան ասել, սակայն զինվորին նման տեսքով ներկայացնելը Ադրբեջանի կողմից միայն Հայաստանի զինված ուժերի մասին վատ կարծիք ձեւավորելուն էր ուղղված: Ըստ նրա, ադրբեջանցիները փորձում են ցույց տալ, թե իբր իրենք հումանիստներ են, մարդուն շատ լավ պայմաններում են պահում, եւ հնարավոր է նաեւ, որ կապտուկը զինվորի վրա չի էլ եղել, եւ դա միայն նկարած է եղել, որպեսզի ցույց տան, թե Հայաստանի բանակում ինչպիսի «ողբալի» վիճակ է:Հակոբ Ինջիղուլյանի՝ ՀՀ տարածքից դուրս հայտնվելու եւ հրամանատարի հետ հնարավոր միջադեպի, զինվորի, առանց որեւէ խոչընդոտի ՀՀ տարածքը լքելու մասին խոսելիս՝ Էդգար Խաչատրյանը նշում է. «Զինվորը գիշերը հայտնվել է իրենց պահակակետից դուրս: Այսինքն՝ հավանական է, որ որոշակիորեն խնդիր եղել է հրամանատարի հետ: Պատահածը նշանակում է, որ Ադրբեջանի կողմից ցակացած ժամանակ դիվերսիոն խումբ կարող է մտնել Հայաստան, եթե ոչ ոք չի տեսել, որ այս զինվորը գնացել է, հետեւաբար ոչ ոք չէր էլ տեսնի, որ դիվերսիոն խումբը մտել է ՀՀ տարածք: Զինվորը անցել է, մտել է Ադրբեջանի տարածք, եւ ոչ ոք չի տեսել, սա անվտանգության շատ մեծ խնդիր է»:

Էդգար Խաչատրյանը նշեց նաեւ, որ այս դեքպում ճիշտ կլիներ հենց առաջին օրվանից սկսած՝ միջազգային կառույցների հետ համագործակցելը: ՀՀ-ն ունի «Ռազմագերների եւ անհայտ կորածների հարցերով» զբաղվող հանձնաժողով, որը առաջին օրերին փաստի վերաբերյալ ոչինչ չի ձեռնարկել եւ չի ասել: «Արտաքին գործերի փոխնախարարը ընդամենը 8 օր հետո է միայն հանդիպում Կարմիր Խաչի ներկայացուցիչներին, այսինքն՝ սա ինձ համար չափորոշիչ է, որ մեր արտգործանախարարությունը պատրաստ չէ նման բաներին: Նույնը վերաբերում է ՊՆ -ին»:

Էդգար Խաչատրյանի մտահոգություններից մեկը նաեւ բանակում առկա մի շատ լուրջ հարցի է վերաբերում՝ առողջական խնդիրներով զինվորին բանակ զորակոչելը, որից հետո այդ զինվորը, փաստորեն, պաշտպանում է ՀՀ սահմանը: Միայն 2013 թվականին մահվան ելքով դեպքերից 3-ը զինվորի առողջական խնդիրների հետեւանքով է պատահել: Նրա կարծիքով, հայկական բանակում պակասում է պրոֆեսիոնալիզմը, այսինքն՝ գոնե սահմանը պաշտպանող զինվորի պրոֆեսիոնալ լինելը շատ կարեւոր է: ՀՀ զինված ուժերում մինչ հուլիս ամիսը գրանցվել է մահվան ելքով 18 դեպք, որոնցից 6-ը ինքնասպանություն է դիտարկվել, իսկ 5-ը՝ սպանություն:

Հեղինակ՝ Լուսինե Ավագյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.asparez.am

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը