Ճնշվածների թատրոնի երեկոյան խմբակ
«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակեպության գրասենյակում, երեկոյան ժամերին, արդեն երկու շաբաթ է, ինչ սկսել է գործել «Ճնշվածների թատրոնի» երեկոյան խմբակը: Երեկոյան՝ քանի որ խմբակում ընդգրկված են մարդիկ, ովքեր ցերեկը կա՛մ սովորում են, կա՛մ աշխատում:
«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում գործող խմբակի նպատակը ֆորում-թատրոնի ներկայացումներ կազմակերպելն է՝ բանակում առկա հիմնախնդիրների վերաբերյալ, որպեսզի դրանք ներկայացվեն Լոռու մարզի մի քանի դպրոցներում:
Այս նպատակով, վանաձորցի մի քանի երիտասարդների ներգրավմամբ, ԽԵ-ում ամենօրյա պարապմունքների ընթացքում խմբակի մասնակիցներն ուսումնասիրում են ճնշվածների թատրոնի որոշ մեթոդներ, ձեռք բերում պատկերների, ֆորում եւ անտեսանելի (երբ փողոցում հանկարծակի թատրոն ես ներկայացնում, սակայն անցորդներից ոչ ոք գլխի չի ընկնում, որ դա ներկայացում է) թատրոնների հմտություններ՝ զուգահեռաբար աշխատելով նաեւ ներկայացվելիք թատրոնների սյուժեների վրա. արդեն նախագծվել, մշակվել ու պատրաստ է երկու ֆորում-ներկայացում, որոնցում անդրադարձ է կատարվել բանակում առկա կոռուպցիոն երեւույթներին եւ բուժօգնության (չ)հասանելիությանը:
Խմբակի մասնակիցները հետաքրքրված են մեթոդով, բանակի խնդրով, լսել էին երկուսի մասին էլ, սակայն բավականաչափ տեղեկացված չէին, այդ պատճառով էլ որոշել են մասնակցել խմբակի աշխատանքներին: Ինչպես նրանցից մեկը՝ Արթուր Մանուկյանն է նշում՝ «…վաղը կամ մյուս օրը ես կամ ընկերներս են բանակում լինելու, առհասարակ կարեւոր էլ չէ, ինձ ծանոթ մարդիկ են, թե ոչ, կձգտեմ, որ ով հնարավոր է՝ դիտի ներկայացումները, տեղյակ լինի այնտեղ առկա խնդիրներին, չհերքելով նաեւ, որ այդ խնդիրների հետ մեկտեղ բանակում նաեւ լավ բաներ կան»:
Մասնակիցներից ոմանց այստեղ է բերել թատրոնի հանդեպ սերը. «Շուրջ երկու շաբաթ մասնակցում եմ խմբակին, ներկայացում է, այդ պատճառով ինձ միշտ հետաքրքրել է: Կարծում եմ՝ Ավգուստո Բոալը, ով հիմնադրել է այս մեթոդը, ռեժիսոր է եղել, թատերագետ, եւ ինչքան էլ ինձ ասեն, որ ֆորում-թատրոնն այնքան էլ ներկայացում չի, թատրոնի, պրոֆեսիոնալ դերասանի հետ կապ չունի, միեւնույնն է, համարում եմ, որ հիմքը թատրոնն է, որը ես սիրում եմ: Նաեւ մարդկային հարաբերություններն եմ այսպիսով առավել խորն ուսումնասիրում, խնդիրների լուծման հնարավոր ուղիները, ինքս ինձ առավել լավ ճանաչելու խնդիր էլ եմ լուծում այս կերպ, ինչ-որ տեղ», – ասում է Վանուհի Մալխասյանը:
Իսկ Դավիթ Մխիթարյանն, առաջին անգամ լսելով «Ճնշվածների թատրոնի» մասին, պարզապես ցանկացել է իմանալ, թե ինչ է դա, առավել խորը ծանոթանալ եւ տիրապետել մեթոդին, սակայն, մասնակցելով աշխատանքներին, սկսել է հետաքրքրվել նաեւ խմբակի նպատակներից մեկը հանդիսացող տեղեկատվական ասպեկտով. «Քանի որ գիտեմ, թե ինչ խնդիրներ կան բանակում, որոշեցի մասնակցել դասընթացին եւ իմ խաղով ավելի շատ մարդկանց տեղեկացնել, ցույց տալ գոյություն ունեցող հիմնախնդիրները, որպեսզի բոլորն իմանան, թե ինչ է կատարում հայկական բանակում»…
«Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում էIKV Pax Christi կազմակերպության աջակցությամբ:
IKV Pax Christi-ն նիդերլանդական կազմակերպություն է, որն իր տեղական գործընկերների հետ համատեղ աշխատում է աշխարհում խաղաղության, համերաշխության եւ արդարության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերում հակամարտության մեջ ներգրավված հասարակություններում իրականացվող խաղաղասիրական նախաձեռնություններին եւ կամուրջներ կառուցում հակամարտող խմբերի հաշտեցման համար՝ նպատակ ունենալով ձեւավորել խաղաղ, ժողովրդավարական եւ արդար հասարակություն:
Ավելացվել է 18 October, 2013