Ոստիկանի սպանության համար ցմահ դատապարտված զինծառայողի մայրը պնդում է, որ սպանողն իր որդին չի եղել

2005թ. ցմահ ազատազրկման դատապարտված շարքային զինծառայող Հայկ Թորոսյանի մայրը պնդում է, որ որդուն ուրիշի հանցանքի համար են դատապարտել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Թորոսյանի մայրը` Լիա Թորոսյանը եւ ավելացրեց, որ որդին ազատազրկման ընթացքում «ինսուլտ» է տարել եւ կառավարության 2006թ-ի որոշման համաձայն նա այդ հիվանդության առկայության պայմաններում պետք է ազատվի պատժի կրումից:
«Միլիցիայի աշխատակցի սպանությունը բարդեցին նրա գլխին: Գործում առկա հիմնավոր ապացույցներ կային, որը հաշվի չառան: Նրան մեղադրում են ոստիկանին սպանելու համար: Վայքի զորամասում էր ծառայում: Տղայիս նախ մեղադրեցին, թե իր հերթապահ եղած ժամանակ զինվորներից գումար է գողացել: Հետո վրեն պլան են դրել, որ եթե 16 հազար դրամ չբերի, իրեն կփչացնեն: Հայկը հանուն այն բանի, որ իրեն չփչացնեն ու իր անունը չխայտառակեն, զինանոցից զենք է գողացել ու գնացել դիմացի խանութից գողություն կատարելու, որ բերի գումարը տա: Իսկ խանութից դուրս գալուց, երբ իրեն ոստիկաններն են հետապնդել եւ գոռացել կանգնի, օդ է կրակել: Հետո պարզվել է, որ ոստիկաններից Վահե Դովլաթյանը սպանվել է: Այնինչ` ոստիկանը սպանված է ոչ թե ավտոմատով, այլ ատրճանակով:
Գործով առկա են նաեւ փաստեր, որ նրան հետեւից են կրակել: Չեն ցանկացել, որ նշվի, թե ոստիկանի գնդակով է մահացել ու գործը բարդել են տղայիս վրա»,- դժգոհեց ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայողի մայրը:
Նա նաեւ պատմեց, որ որդին ամիսներ առաջ «ինսուլտ» է տարել եւ չի կարողանում ձեռքերը շարժել: Բացի այդ մեծ դժվարությամբ է աշխատում: «2006թ-ին կառավարության ընդունած որոշման համաձայն՝ կալանավայրում ձեռք բերված նման ծանր հիվանդությունների դեպքում նա պետք է ազատվի կալանքի հետագա կրումից: Իսկ ես ում դիմում եմ, հաշվի չեն առնում եւ միաբերան մերժում են»,- դժգոհեց մայրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ news.am-ի:
Ավելացվել է 12 September, 2013