Մահացած զինծառայողը դեպքից ժամեր առաջ է խոսել մոր հետ
Մահացած զինծառայող Արթուր Մարգարյանը, պարզվում է, մահվանից ժամեր առաջ զանգահարել է տուն: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում փոխանցեց Արթուրի հարազատներից մեկը:
«Հենց ինքն էր զանգահարել եւ ցանկացել է խոսել մոր հետ ու խոսել է»,- ասաց Արթուրի հորաքրոջ ամուսինը:
Մեր այն հարցին, թե ի՞նչ է ասել Արթուրը, որեւէ արտառոց բան նկատե՞լ են վարքագծի մեջ, ինչ-որ բանից դժգոհել է արդյո՞ք, մեր զրուցակիցը փոխանցեց, որ մանրամասներ ինքը չգիտի.
«Սովորական զանգ է եղել, ոնց որ զինծառայողը տուն է զանգահարում, հարցնում ինչ կա չկա, բառացի երկու ժամ առաջ… մնացածը չգիտեմ»,- փոխանցեց նա:
Ըստ պաշտոնական վարկածի՝ զինծառայողը մահացել է հրազենային վիրավորում հասցնելով ինքն իրեն կրծքավանդակի շրջանում: Սա որքանո՞վ է հավանական:
«Խաղաղության երկխոսություն» իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը տեսականորեն սա հնարավոր համարում է.
«Տեսականորեն, այո, հնարավոր է, կարող է կրակել կրծքավանդակի շրջանում, բայց ըստ էության վերջին մի քանի տարում ես ինքնասպանության դեպք չգիտեմ, բոլոր սպանությունները նախաքննական մարմինը սարքում եւ մատուցում է որպես ինքնասպանություն, այնուհետեւ դատարանը՝ նրանց կցորդը, նույն կերպ է մատուցում ինքնասպանություն:
Արդյունքում դատվում են անմեղ զինծառայողներ, իսկ մարդասպանները հանգիստ իրենց համար զբոսնում են ՀՀ-ում»,-ասում է փորձագետը: Ըստ նրա՝ դիահերձման գործընթացում եւ դրանից հետո օբյեկտիվ ուսումնասիրությունը միայն կպարզի, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://hayeli.am/article/591984/
Ավելացվել է 08 December, 2014