Լեւոն Թորոսյանի գործով տուժող կողմը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն

06.05.18-ին ՀՀ ՊՆ 21127 զորամասում սպանել են ժամկետային զինծառայող Լևոն Արսենի Թորոսյանին։ Ըստ պաշտոնական վարկածի՝ 2018թ․-ի մայիսի 6-ին, ժամը 07։25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 21127 զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված թիվ 30 («Հակոբասար» կոչվող) մարտական դիրքի առաջին դիտակետի մուտքի ձախ հատվածում հայտնաբերվել է նույն դիտակետի դիտորդ, 2-րդ հրաձգային գումարտակի 4-րդ վաշտի 3-րդ դասակի 2-րդ ջոկի գնդացրորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լևոն Արսենի Թորոսյանի դիակը՝ ծնոտի ստորին և գլխի գագաթային հատվածների միջանցիկ հրազենային վնասվածքներով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը գործով ներգրավվել է որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ։ Գործի նյութերին ծանոթանալով՝ նա դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդում է պատրաստել, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Սպանությունից շուրջ 10-15 րոպե առաջ Լևոն Թորոսյանը ծառայակցի բջջային հեռախոսով զանգահարել է տուն, չորս րոպե խոսել հոր և մոր հետ՝  ժամը 07։04-ից մինչև 07։08-ը։ Խոսակցության սկիզբը և վերջը եղել է մոր՝ Արմենուհի Պողոսյանի հետ։ Հեռախոսի մեջ լսելով որդու հորանջելը, մայրը հարցրել է՝ քնա՞ծ էիր, նո՞ր ես արթնացել։ Որդին պատասխանել է, որ այո, քնած է եղել և զանգել է առավոտյան շուտ, քանի որ իր հանգստի ժամն է և ցանկանում էր «կուշտ» խոսել։ Հիմնականում խոսքը գնում էր իրեն այլ գումարտակ տեղափոխելու Լեւոնի խնդրանքի մասին։ Խոսակցությունը, սակայն, անակնկալ ընդհատվել է։ Հանկարծ Լևոնի ձայնը լսվել է հեռվից, գնալով ավելի է հեռացել, լսվել է որդու ձայնը․ «մա՜մ, մա՜մ»։ Մայրն ասել է «Լևո՛ն ջան, ձայնդ խորքից է գալիս»։ Ըստ Թորոսյանի մոր, այդ պահին որդին ինչ-որ բան էր ցանկանում ասել, սակայն չհասցրեց։ Լսվել են անհասկանալի ձայներ, ինչից հետո խոսակցությունն ընդհատվել է։  

Փաստորեն, հենց դրանից հետո անհայտ անձինք, անակնկալի բերելով Լևոն Թորոսյանին, բութ առարկայով (ամենայն հավանականությամբ՝ ինքնաձիգի խզակոթով) ուժեղ հարված են հասցրել Լ․ Թորոսյանի սեռական օրգաններին՝ առջևից, փոքր ինչ ձախից աջ, հորիզոնական հարթությամբ, ինչը հաստատվել է դիակի թիվ 0604/12 փորձագիտական եզրակացությամբ։ Այսինքն, նրա հանդեպ բռնություն գործադրել և սպանել են մի քանի րոպեների ընթացքում։ Ըստ գործով վկա Ալբերտ Բախշյանի ցուցմունքի՝ նա կրակոցի ձայնը լսել է ժամը 07։20-ի սահմաններում, ամենայն հավանականությամբ գետնատնակի (բլինդաժ) մեջ կամ դրա շրջակայքում, քանի որ այդ պահին, ինչպես արդեն նշվեց, Թորոսյանը նոր էր արթնացել և հանգստանում էր։ Սպանությունից հետո դիակը տեղափոխել են թիվ 1 դիտակետի դիմաց, նստեցրել են այդ տեղում գտնվող կոճղի վրա։ Դիակի տեղափոխման մասին են վկայում դիակի դատաբժշկական 0604/12 փորձագիտական զննման արդյունքում դատաբժշկի կողմից հայտնաբերված աջ և ձախ բազուկների, ձախ նախաբազկի շրջանների մագաղաթանման տեղամասերը, որոնք առաջացել են բութ առարկաների (մակերեսների) հետ շփման արդյունքում և ունեն հետմահու ծագում։ Կեղծ դեպքի վայր են բերել նաև Լ․ Թորոսյանին ամրակցված X-6896 համարի Կալաշնիկովի ձեռքի գնդացիրը, խզակոթը հենել գետնին, փողը կպցրել կզակի հատվածում գտնվող վնասվածքին և դիակը հենել են գնդացրի փողին՝ դեպի առաջ թեքված վիճակում։

Գործով քննիչ Կ․ Աբազյանը, որն այդ ժամանակ դեռ տեղյակ չէր անմիջապես սպանությունից առաջ սպանվածի եւ մոր միջեւ տեղի ունեցած խոսակցության, այն մասին, որ Լեւոնը մորը տեղեկացրել էր, որ իր հանգստի ժամն է՝ զինվորներին տեղափոխել է Տավուշի ՌՈ և այնտեղ նրանցից բռնությամբ և սպառնալիքներով կորզել է կեղծ ցուցմունք, թե իբր տեղի ունեցածն ինքնասպանություն է, որը տեղի է ունեցել թիվ 1 մարտական դիտակետի դիմաց, որտեղ Լ․ Թորոսյանն, իբր, մարտական հերթապահություն էր կատարում։

Այս կեղծիքի միջոցով Կ․ Աբազյանը և նրա վերադասները լուծել են մի քանի խնդիր․

  1. սա թույլ է տալիս արդարացնել այն հանգամանքը, որ գնդացիրը գտնվում էր Թորոսյանի մոտ. քննիչի կեղծ վարկածի համաձայն՝ նա մարտական հերթապահություն էր իրականացնում,
  2. թույլ է տալիս զինվորներից կորզել կեղծ ցուցմունքներ, իբր չեն տեսել սպանության փաստը, քանի որ այն տեղի է ունեցել թիվ 1 դիտակետում, իսկ իրենք այդ ժամանակ գտնվել են գետնատնակում կամ գետնատնակի դիմաց։ Իրականում, սակայն, քրեական գործով կատարված խծուծների ձգաբանական փորձագիտական եզրակացության համաձայն, սպանության պահին բոլոր զինծառայողները գտնվել են դեպքի վայրում,
  3. թույլ է տալիս նաև «ապացուցել», իբր «Հակոբասար» մարտական հենակետում դեպքին նախորդած ժամանակահատվածում որևէ արտակարգ դեպք չի կատարվել, ամեն ինչ ընթացել է մարտական հերթապահության կանոնների համաձայն։ Իրականում, ինչպես արդեն նշեցինք, մոր հետ հեռախոսային խոսակցությունից անմիջապես հետո Թորոսյանին սպանել են հենակետի մյուս զինծառայողների աչքի առջեւ։

Ավելի ուշ պարզելով այս հանգամանքը, քննիչ Աբազյանը որոշում է ամեն կերպ թաքցնել հանցագործության հետքերը. որոշում է կայացնում «Դատահամակարգչատեխնիկական» փորձաքննություն նշանակելու մասին, որում մասնավորապես նշում է, որ «Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ Տավուշի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից վերցվել և վարույթն իրականացնող մարմնին են ներկայացվել դեպքի ժամանակ «Հակոբասարում» ծառայության նշանակված 3 զինծառայողների՝ Գառնիկ Ավետիսյանի, Սևակ Քարտաշյանի և Մինաս Միլիտոնյանի բջջային հեռախոսները։ Քննիչ Աբազյանը նշում է այդ երեք բջջային հեռախոսների մոդելները՝ չնշելով բջջային հեռախոսների համարները։ Այս կերպ քննիչը փորձում է շփոթության մեջ գցել տուժող կողմին, քանի որ տուժող կողմը տեղյակ չէր, թե զինծառայողներից հատկապես ում է պատկանում 077 87 65 42 համարի հեռախոսը, որով նրանք մշտապես, իսկ տվյալ հերթապահության ժամանակ՝ 3 անգամ, խոսել են իրենց որդու հետ։ Տուժող կողմին հաջողվեց պարզել, որ նշված հեռախոսահամարը պատկանում է նույն դիրքի ժամկետային զինծառայող Գևորգ Հակոբյանին։ Այսինքն, գոյություն ուներ նաև չորրորդ հեռախոսը, որի գոյությունը քննիչ Աբազյանը գործով թաքցրել էր՝ հուսալով, որ տուժող կողմն այդ կեղծիքը չի բացահայտի։ Այս նույն նպատակով գործը հսկող դատախազ Ա․ Բարսեղյանը 19․06․18թ. կայացրել էր որոշում, որով, բավարարելով գործով կայացված որոշումներն ու կատարված փորձագիտական եզրակացությունների պատճենները տրամադրելու միջնորդությունը, միաժամանակ ապօրինաբար մերժել էր «… հեռախոսազանգերի վերծանումները տրամադրելու մասով» տուժողի միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե նշված փաստաթուղթը նախաքննական գաղտնիք է։

Իր այս ապօրինի որոշումով Ա․ Բարսեղյանը ցանկանում էր թույլ չտալ, որպեսզի սպանվածի ծնողները ծանոթանան նշված փաստաթղթին և տեսնեն, որ փորձաքննությանը ներկայացված երեք հեռախոսների ցանկում չկա այն հեռախոսահամարը, որով իրենք խոսել են իրենց որդու հետ։ Հսկող դատախազն այս որոշումը կայացնելիս հաշվի չի առել, որ այդ փաստաթուղթը նույնպես փորձագիտական եզրակացություն է, ինչը հասկանալի է դառնում քննիչի որոշումից՝ դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, իսկ փորձագիտական բոլոր եզրակացություների պատճենները քննիչը պարտավոր էր տրամադրել տուժող կողմին։

 

Բացահայտ հանցագործության մասին է վկայում նաև այն, որ թիվ 44951802 մատնադրոշմային փորձագիտական եզրակացության համաձայն, Լ․ Թորոսյանին ամրակցված գնդացրի և փամփշտատուփի մակերևույթի վրա համեմատության համար պիտանի մատնահետքեր չեն հայտնաբերվել։ Ինչպես Աբազյանը նախապես հայտնել էր ծնողներին, նման մատնահետքեր չեն կարող հայտնաբերվել մի պարզ պատճառով. նշված գնդացրի վրա չկան հարթ մակերեսներ, որոնց վրա կարող էին մատնահետքեր հայտնաբերվել։ Իրականում մատնահետքերը կարող էր ոչնչացնել հենց նույն Աբազյանը, քանի որ գնդացրի վրա են եղել նաեւ գնդացիրը գետնատնակից կեղծ դեպքի վայր տարած և դիակին հենած, այսպիսով՝ հանցագործություն կատարողի մատնահետքերը։

Տուժող կողմի ձեռքի տակ կա ևս մեկ անհերքելի փաստ այն մասին, որ նախաքննության առաջին օրերին գործով եղել է ոչ թե մեկ, այլ երկու մեղադրյալ, որի անձը և նրա կատարած հանացագործությունը հետագայում անհետացել են գործի նյութերից։

Կից ներկայացնում ենք մահվանից անմիջապես առաջ Լ․ Թորոսյանի և նրա ծնողների միջև տեղի ունեցած խոսակցությունը ապացուցող փաստաթուղթը, որը սպանվածի հայրն օրինական ձևով ստացել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունից»։

Ելնելով վերոհիշյալից՝ տուժող կողմի ներկայացուցիչը միջնորդել է հաղորդմանը տալ օրինական ընթացք, կարգադրել, որպեսզի դրա հետ կապված նյութերի նախապատրաստումը, քրեական գործի հարուցումը և նախաքննությունը հանձնարարվի ՀՀ ՔԿ ՀՔԾ-ին։

Հ.Գ. Հանցագործության մասին հաղորդման մեջ տեղ գտած, վերը շարադրված փաստերից բացի, նախաքննական մարմնի կողմից գործի հանգամանքները կեղծելու մասին է վկայում նաեւ հետեւյալը. ձգաբանական թիվ 44961803 փորձագիտական եզրակացության համաձայն (եզրակացություն, թերթ 5)՝ Լ․ Թորոսյանի փամփշտատուփից հայտնաբերվել է 42 փամփուշտ, ևս 1 փամփուշտ հայտնաբերվել է զենքի փողից։ Գնդացիրների փամփշտատուփերի մեջ լինում է 45 փամփուշտ, ըստ այդմ, կարելի է ապացուցված համարել, որ նշված գնդացիրից կրակվել է ոչ թե 1, ինչպես նշում է նախաքննական մարմինը, այլ 2 փամփուշտ։ Ըստ քննիչի և փորձագետների՝ գնդացիրը դրված է եղել մենահատ կրակոցի ռեժիմի վրա, հետեւաբար Լ․ Թորոսյանը չէր կարող դրանով 2 կրակոց արձակել, այսինքն, կրակոցներ արձակել է Լ. Թորոսյանին սպանած անձը կամ գործով քննիչ Աբազյանը՝ կեղծ իրեղեն ապացույց ստեղծելու նպատակով։ Նույն փորձաքննությամբ զրահաբաճկոնի հետազոտությամբ պարզվել է, որ Թորոսյանի զրահաբաճկոնի առջևի երկու գրպանիկներում հայտնաբերվել է 2 տուփ՝ համապատասխանաբար 90 և 88 փամփուշտով։ Փաստորեն, տուփերից մեկում առկա փամփուշտներից երկուսը բացակայում է։

 

  • 0

  • Տվյալների բազա



  • Գրանցել միջադեպ

    Ձեր կամ Ձեր հարազատի նկատմամբ ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած իրավախախտում Ավելացնել
    1994թ.-ից հետո ՀՀ ԶՈւ-ում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպ Ավելացնել
  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2024 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Արմեն Երամիշյան / www.hetq.am
    Միջադեպի ամսաթիվը