Կասեցումից կհանվի «Խաղաղության երկխոսության» հայցը պաշտպանության նախարարի դեմ

law

2017 թ.-ի մարտի 7-ին՝ ժամը 15:30, ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու պահանջով «Խաղաղության երկխոսություն» (ԽԵ) հասարակական կազմակերպության հայցի քննությունը:

Հիշեցնենք, որ 2014թ.-ին «ԽԵ»-ն դիմել էր պաշտպանության նախարարին՝ խնդրելով տրամադրել 1994-2014 թվականների ընթացքում զինված ուժերում զինծառայողների մահվան հանգեցրած դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն, մասնավորապես՝ մահացածի անուն-ազգանունը, դեպքի վայրը, ամսաթիվը, զորամասի համարը, զորամասի հրամանատարի անունը, ազգանունը և կոչումը, տուժողի մահվան պատճառը և համառոտ նկարագրություն դեպքի վերաբերյալ: Հիմնվելով տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը երաշխավորող Սահմանադրության կետի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան նորմերի վրա՝ կազմակերպությունը հայց է ներկայացրել դատարան՝ խնդրելով պարտավորեցնել նախարարին տրամադրել վերոնշյալ դիմումով հայցվող տեղեկատվությունը:

2015թ.-ի օգոստոսի 8-ին նշված վարույթի շրջանակներում պաշտպանության նախարարությունը ներկայացրել է հայցի դեմ առարկություններ, որոնցում որպես հայցի մերժման հիմք վկայակոչել է պաշտպանության նախարարի 09/07/2015թ.-ի թիվ 9-Ն հրամանը, որի 17–րդ բաժնի 42 եւ 43 կետերի համաձայն

  1. Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերը, պատահարները, ինչպես նաև դրանց պատճառները բացահայտող ամփոփ տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի` պայմանավորված ռազմաքաղաքական և օպերատիվ իրադրության փոփոխությամբ համարվում են գաղտնագրման ենթակա տեղեկություններ,
  2. Զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի ու պատահարների արդյունքում ի հայտ եկած իրավախախտումների առնչությամբ անցկացված ծառայողական քննության նյութերը բացահայտող տեղեկությունները` ըստ տեղեկատվության գաղտնիության աստիճանի։

«ԽԵ»-ի նախաձեռնությամբ վերոնշյալ հայցի դատական քննությունը ժամանակավորապես կասեցվել է՝ պաշտպանության նախարարի թիվ 9-Ն հրամանի իրավասությունը վիճարկելու նպատակով:

Այս կապակցությամբ նաեւ հիշեցնենք, որ ՀՀ բոլոր դատական ատյանները սպառելուց հետո, 2016 թ.-ին կազմակերպությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Իսկ ՄԻԵԴ դիմելուց հետո կազմակերպությունը միջնորդություն է ներկայացրել հայցը կասեցումից հանելու վերաբերյալ:

 

  • 0

  • Տվյալների բազա


  • Մահվան դեպքերն ըստ վայրերի

    © 2013-2014 Կայքը պատրաստվել է «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի շրջանակներում:
    «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագիրն իրականացվում է PAX նիդերլանդական կազմակերպության աջակցությամբ:
    Կայքի գլխագրում տեղ գտած լուսանկարը` Սոսե Մուրադյանի (www.razm.info)
    Միջադեպի ամսաթիվը